Առաջին միսս Հայաստանին որոնելիս

ԷՍՍԵ | | February 26, 2010 10:45

Այս պատմության ամեն մի հերոս կարող է վկայել, որ այդպես էլ եղել է

Արձանների, տրամվայի, կամրջի, թունելի՝ իրար հաջորդած անշունչ թեմաների արանքում մեր սիրտն այս անգամ մարդու պատմություն է ուզում: Որոշում ենք հերթական հաղորդումն անել առաջին Միսս Հայաստան մրցույթի մասին:

1996-ին էր, Արա Երնջակյանն էր կազմակերպիչը, այդքանը հաստատ է: Զանգում եմ: Կամերային թատրոնում ասում են՝ Երնջակյանը քաղաքում չէ, կվերադառնա տասն օրից: Մինչ այդ՝ երկու օրից, տեսագրության ժամեր ունենք: Չի կարելի ժամանակ կորցնել, տեսագրությունների մի մասն անպայման պետք է անել, մինչեւ կգա:

Ու սկսվում է կինոն…

Ինտերնետային լուրերի մեջ միայն Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կայքի արխիվում կա լուր Միսս Հայաստան 96-ի մասին. ժյուրիի կազմում լրագրող է եղել, անունը չեն գրել, բայց էլի բան է՝  թելի ծայրը կգտնեմ:

Փորձանք. Ազգային գրադարանում մերժում են թերթերի բոլոր պատվերներս: Դեռ պատվիրելիս են զգուշացնում, որ թերթերի պահոցում նորոգում է, բայց ընդառաջում են «Ա»-ով անուն ունեցող մամուլի հարցում. վերանորոգումն այնտեղ չի հասել դեռ:

Իսկ երբ պեղումներ անող հնագետի լուրջ դեմքով ու թեւերս քշտած մտնում եմ ընթերցասրահ, սարսափով հայտնաբերում եմ, որ «Առավոտ», «Այժմ» ու «Ազգն» էլ են մերժել: Երեւի այնպես եմ սփրթնել, որ գրադարանավարուհին խորհուրդ է տալիս դահլիճում եղածների՝ այսինքն ուրիշների վաղուց պատվիրածների մեջ նայել. գուցե մի բան գտնե՞մ: Արդեն հին ծանոթներս դարձած պապիկների քթի տակից սկսում եմ դեպի ինձ քաշել թերթերի կապոցներն ու տնտղել դրանց տարեթվերը: Ու հանկարծ՝ Աստված իմ, 96թվի «Առավոտ» է: Ինչ երջանիկ եմ: Գտա: «Աստղիկ, Միսս Հայաստան», հարցազրույց Արա Երնջակյանի հետ: Ուրեմն, ապրիլի 20-ին է սպասվում մրցույթը: Հաջորդ օրերի համարներն եմ թերթում: Էլի սարսափ: Կապոցն ավարտվում է մարտի 30-ին: Հաջորդ կապոցը պատվիրված չէ: Ինչ դժբախտ եմ: Չէ, հույս կա, զանգում եմ Աննա Իսրայելյանին ու վազում «Առավոտ»:

Հայաստանյան թերթերը այդ թվերի արխիվներն Ինտերնետում չունեն, իրենց մոտ պահվող կապոցներն էլ դուրս չեն տալիս: Խորհրդարանի գրադարան գնալու համար էլ երկար պրոցեդուրաներ են պետք, մանավանդ որ լրագրողների հետ նոր կանոններով առնչվելու մասին եմ  լսել վերջերս:

Մարիշը «Առավոտում» ջերմորեն իմ առջեւ է փռում 1996-ի ամբողջ կապոցը, բացում եմ բաղձալի ապրիլի համարները եւ՝  ապրիլի 20-ի այդ շոուի մասին «Արմենպրեսից» տպած շատ փոքրիկ տեղեկատվություն կա միայն , ինչն ինձ այլ նոր անուն չի հուշում: Թե ինչու ինքներդ չեք լուսաբանել, ասա: Չնայած պարզ է, շաբաթ օրով, ուշ երեկոյան տեղի ունեցած միջոցառման մասին երեքշաբթի տպելու համար, անիմաստ են համարել թղթակից ուղարկելը: Աննային խնդրում եմ գոնե մի-երկու էջ նկարել հարցազրույցից ու «Արմենպրեսի» լուրից: Թերթելով հասցնում եմ նկատել, որ 96-ի գլխավոր թեմաների մեջ «Դրո» կառույցի գործով ու Վահան Հովհաննեսյանի, երեսունի դատավարություններն են, մի երկու տեղ էլ պոկ չեմ գալիս, կարդում եմ:

Միջանցքում խմբագիր Արամ Աբրահամյանին եմ հանդիպում:

– Կարո՞ղ է դու ես եղել այն լրագրողը, որը Միսս Հայաստան 96-ին ժյուրիի անդամ է եղել:

– Ինչի՞…,  շիրիմի՞: Ի՞նչ է նշանակում շիրիմի անդամ:

Երբ Արամին մի 12 տարի առաջ հարցազրույցի ժամանակ հարցրել էի՝ ու՞մ հետ ես նստում-վեր կենում, կարծել էր՝ փիս բան է, Աննային հարցրել էր՝ ի՞նչ է նշանակում մեկի հետ նստել-վեր կենալ: Այդ ժամանակ կարդում էր «Արամ աշխարհակալը» ու իր հայերենն էր լավացնում: Հիմա ինձանից լավ հայերեն գիտի, երաժշտագետի լսողության մասին դեռ չեմ խոսում, բայց «ժյուրիի» բառը լսում է «շիրիմի»:

-Ժյուրիի եմ ասում: Գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամ եղե՞լ ես 96-ին:

– Ես սկզբունքորեն չեմ ընդունում գեղեցկության մրցույթները:

Գեղեցկուհի կին է առել, մայրն էլ՝ գեղեցկուհի. ինձ պատմել են գեղեցկուհի Դորայի հմայքի մասին, եկել ասում է՝ չի ընդունում գեղեցկության մրցույթները:

– Բա որ չես ընդունում, ո՞նց ես դրա մասին հարցազրույց տպել Արա Երնջակյանի հետ:

– Հա՞ որ: Ո՞վ էր արել:

– Արամ Մկրտչյանը:

– Հա, Արամը այն ժամանակ երեխա էր: Ես նրա մի ուրիշ  նյութ եմ հիշում, վերնագիրն էր՝ «Ե՞րբ զբաղվեմ սեքսով»…

Ծիծաղի ձայները լսելով, միջանցք է դուրս գալիս Ռուզան Մինասյանը: Դարդս իմանալով՝ խորհուրդ է տալիս «Հայկական Ժամանակի» Հայկին զանգել.

– Այն ժամանակ, երբ «Լրագիր» թերթում էինք, Հայկն էր կոորդինացնում այդ մրցույթը:

Հայկին եմ զանգում, հարցս լսելուց հետո շվարած է.

– Ե՞ս… Ի՞նչ միսս Հայաստան, ի՞նչ կոորդինատոր…

Անջատելուց հետո մտածում եմ՝ հաստատ մտքում ասաց. խմբագիրս բանտում նստած, տղայիս դեմ դատական գործ են սարքում, դու ինձ զանգել, ինչ-որ միսս Հայաստանից ես հարցնում:

Չէ, երեւի Արամ Մկրտչյանին զանգեմ, համարը հեշտ է գտնել, «Հայ ԷֆԷմ-ի» ղեկավար է, համ էլ սիրուն բան կստացվի, եթե համաձայնի տեսագրվել. փոքր տղա է եղել, հիմա, երբ արդեն մեծ է, ի՞նչ է մտածում գեղեցկության առաջին մրցույթի մասին: Համ էլ, գուցե «Առավոտում» նյութ չի գրել, բայց նայել է շոուն:

Զանգում եմ: Ոչ մրցույթն է հիշում, ոչ սեփական հարցազրույցը: Բայց՝

– Ռուզան, հիշու՞մ ես, նաեւ քո մկրտությամբ եմ մտել լրագրություն:

– Մկրտչյան ջան, իհարկե, հիշում եմ, «Ազգում» պրակտիկայի էիր, ինձ էիր բերում նյութերդ: Բայց ես ուզում եմ տեսագրության գաս, պատմես Միսս Հայաստան մրցույթի մասին:

– Բայց ես արդեն լրագրությամբ չեմ զբաղվում:

– Կապ չունի:

– Չեմ հիշում այդ հարցազրույցս, ուղարկիր, մի հատ նայեմ:

– Մոտս չունեմ, 96 թվի «Առավոտում» կա:

– Լավ, վաղը զանգիր, մենակ քո խաթեր համար կխոսեմ:

«Վաղը» զանգում եմ: Մի քանի անգամ: Չի պատասխանում:

96-ին Հայաստանում չէի, որ հիշեի՝ էլ ովքեր կային կազմակերպիչների, մասնակիցների մեջ: Միսս Հայաստան ընտրված աղջկա անունը հիշում եմ՝ Կարինե Խաչատրյան, մարմնամարզուհի էր կարծեմ: Արմեն Դուլյանն էլ Հայաստանում չէր: Արմենը երկրորդ մրցույթը հիշում է, ինքն էր Պրագայից վարում օրվա հաղորդումը, սիրո մասին սիրուն էլ երգ էր դրել նյութի հետ, բայց առաջինը չի հիշում: Հեռախոսային ոդիսականիս լուռ, քթի տակ ծիծաղող վկան է:

«Զուր մի փնտրիր Կարինե Խաչատրյանին, չես գտնի, ոնց որ թե ամուսնացել, Ռուսաստանում է ապրում, երեխաներ ունի, պահպանողական ընտանիք է, մամուլի հետ վաղուց արդեն չի շփվում», – ասում են համարյա ամեն ինչ իմացողները:

«Լավ, իրեն չգտնեմ, գոնե ուրիշները կպատմեն, հաղորդումը հո միայն իրենո՞վ չի, մանավանդ որ իր լուսանկարները գոնե կան», – ասում եմ՝ մտքումս խիստ համոզված, որ մեկ է՝ գտնելու եմ. Րաֆֆի Մելքոնյանին Ամերիկայում գտա, Կարինե Խաչատրյանին Ռուսաստանում չե՞մ գտնի:

Րաֆֆիի փորձն աչքիս առաջ, մտնում եմ  «Օդնոկլասսնիկի», ուրիշ կայքերից հանած՝ Կարինեի նկարը ձեռքիս ու միայն մեկ տվյալ՝ տարիքը: Մանրամասն զննում եմ նրա տարիքի բոլոր Կարինե Խաչատրյանների դիմագծերը: Ամբողջ ընտանիքով ենք համեմատում, հավեսս չունեն, բայց դեռ ձայն չեն հանում: Չկա: Քիչ թե շատ նմանություն ունեցողների անձնական էջերն եմ մտնում, հետո իրենք էլ, պարզ է՝ իմը: Անկեղծորեն խոստովանում եմ, թե ինչու եմ փորփրել իրենց էջերը: Հասկանում են, բայց օգնել չեն կարող:

«Ֆեյսբուքում» փնտրիր, – խորհուրդ է տալիս աղջիկս՝ մերժելով օգնել «Ֆեյսբուքում» չգրանցվածիս,- «Ես ժամանակ չունեմ, տղայիդ ասա, սաղ օրը պարապ է»:

Տղաս համաձայնում է: Մի քանի հնարավոր Կարինե Խաչատրյան հայտնաբերում ենք: Խնդրում եմ բոլորին մեկ առ մեկ հարցնել՝ կարո՞ղ է ինքը 96-ի միսս Հայաստանն է: «Մամ, դու օյի՞ն ես, – նեղսրտում է տղաս,- դու հասկանու՞մ ես, որ կարծելու են, թե ուզում եմ իրենց կապել»: Բայց գրում է. մեղքը գալիս եմ: Արդյունքում մեկը պատասխանում է՝ ծանուցելով, որ հայերեն չի հասկանում, ու խնդրում ռուսերեն կամ անգլերեն գրել: Ուրեմն ինքը չի: «Կարող ես էլ չգրել, եթե չես ուզում»,- ասում եմ տղայիս:

Նման դեպքերում շտապ օգնությունս Հովիկ Չարխչյանն է: Զանգում եմ: Ժամանակ է խնդրում՝  խոստանալով որոշ տվյալներ գտնել:

Լավ, ժյուրիի կազմում եղած լրագրողն ո՞վ պիտի լիներ:  Աննա Իսրայելյանն ու «Ազատության» Գայանե Դանիելյանը գուցե մի հատ թա՞փ տան իրենց հիշողությունը:

Աննան ասում է՝ ինքը չի լուսաբանել մրցույթը, բայց կփորձի հետաքրքրվել: Գայանեն լուսաբանել է, լիքը դրվագներ է հիշում, բայց դրան առնչված անձանցից մեկ Կարինե Խաչատրյանին է հիշում, մեկ էլ Արա Երնջակյանին՝ Կամերային թատրոնի հեռախոսի անգիր համարն էլ հետը:

Մյուս հին լրագրողներից Մարինա Մկրտչյանին եմ զանգում.

– Մառ, դու 96 թվականին կարո՞ղ է պատահաբար լուսաբանած լինես Միսս Հայաստանը:

Քահ-քահ ծիծաղում է.

– Լսիր, ձե՞ռ ես առնում, դու լավ գիտես, որ ես խորհրդարան ու ընդհանրապես քաղաքական կյանք եմ լուսաբանում: Կարծեմ կինոգետ Սուսաննա Հարությունյանն այն ժամանակ «Ռեսպուբլիկայում» մշակութային մեկնաբան էր, իրեն զանգիր:

Սուսաննան հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի կինն է, ուրեմն տան հեռախոսի համարն ունեմ: Զանգում եմ: Սկեսուրն է, Սուսաննան իր թոռնիկին զբոսանքի է տարել: Չզանգեմ, երեխայից ուշադրությունը չշեղեմ: Ավելի ուշ վերջապես կապվում ենք:

– Ի՞նչ, Միսս Հայաստա՞ն…Ես կինո մրցույթների ժյուրիի կազմում եմ եղել…

Աննան խորհուրդ է տալիս հեռուստատեսային լրագրողների զանգել: Արփեն Մովսիսյանը հաստատ լուսաբանած կլինի, զանգում եմ, քաղաքում չի, ավելի ուշ է վերադառնալու, քան Արա Երնջակյանը, որն արդեն մտքումս կամաց-կամաց գլխին ամբողջացնում է փրկչի լուսապսակը: Բայց ավանսով: Ինձ երկու օրից պետք է մի բան տեսագրել այդ թեմայով:

«Հայլուրի» Նունե Ալեքսանյանին եմ զանգում: Շատ վաղուց է մշակութային թեմաներ լուսաբանում, մի բան կհիշի:

– Նունե ջան, բարի օր, միսս Հայաստան 96-ը հիշու՞մ ես:

– Ես՞իմ… Բայց ինչու՞ ես հարցնում:

– Դե, մի քիչ պատմեիր, տեսագրեինք:

– Բայց ինչու՞ հենց ինձ:

– Դե, որպես լրագրող, որը տարիների հեռվից առաջին մրցույթին…

– Ե՞ս, լրագրո՞ղ: Ռուզ ջան, կարո՞ղ է համարը շփոթել ես ուրիշ Նունեի հետ…

Նոր եմ զգում, թե ում ձայնն է, գլխի ընկնելուս հետ ճիշտ միաժամանակ ձայնն ասում է.

– Ռուզ ջան, սա Իշխանյան Ավոյի կին Նունեն է…

Նունեների մեջ Ալեքսանյանի համարը գրքույկումս գտնում եմ ի վերջո, զանգում: Վերջապես, հիշում է: Չի լուսաբանել, բայց այն ժամանակ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում հոդված գրել է՝ նեղված գեղեցկուհու ոչ ճիշտ հայերենից: Համաձայնում է տեսագրվել, չնայած շատ զբաղված է:

Մրցույթի այլ դեմքերի չի հիշում:

Զանգում եմ  մշակույթի նախկին նախարարներից մեկին:

– Չէ, ես նախարար չեմ եղել այդ տարիներին:

Այնքան էլ չեմ հավատում, բայց դե ինչ:

Նախկին փոխնախարարներից մեկն էլ ասում է, որ չի ընդունում նման մրցույթները, եւ դրանք անվանում է ոչ թե «միսս», այլ միս: Մտքումս ասում եմ, մի նախարար միս էր ներկրում, մի փոխնախարար «միսսին» «միս» է ասում…Բայց փառք աստծո, մի նոր տեղեկություն ունեմ. հետագա նման մրցույթների կազմակերպիչ Կարեն Արիստակեսյանը հիմա Սարդարապատի հուշահամալիրի տնօրենն է, կարող եմ այդպես գտնել նրան, գուցե առաջին մրցույթի մասին մի բան հուշի:

«Սփյուռից» իմանում եմ հուշահամալիրի համարը: Պատասխանում են՝ տեղում չի, իմ համարն եմ թողնում, բայց երեւի չի էլ զանգի:

Յա, Գայուշին զանգեմ, մշակութային մեկնաբան է՝ Կարենի ձեռքի համարը կունենա, համ էլ կարծեմ ազգական են: Չունի: Բայց տան համարն է տալիս: Զանգում եմ: Զուգահեռ ասես արձագանքում է սեփական ձայնս՝ բարեւ ձեզ, Կարեն Արիստակեսյանին կարելի՞ է: Էլի ինչ-որ բաներ ենք խոսում, զգում եմ, որ ծանոթ ձայն է:

– Վայ, Գայուշ, դու՞ ես: Ի՞նչ ես անում Կարենենց տանը: Նոր ոչ մի բան չասացիր, երբ համարը ուզեցի:

-Վայ, Ռուզ ջան, դու՞ ես, ո՞նց թե…Ես Կարենենց տանը չեմ, մեր գրասենյակի հեռախոսից զանգել եմ իրենց տուն: …Բա  դու՞ որտեղ ես, այսինքն, դու ես իրենց տանը…

– Գայ ջան, ես էլ մեր գրասենյակի հեռախոսից եմ զանգել իրենց տուն…

Երկար զավզակություն ենք անում՝ Կարենենց տան հեռախոսագծով անհավատալիորեն իրար կապված, փորձում միասին պարզել, թե 96-ի գարնանը ով կարող է եղած լինել մշակույթի նախարար:

Նայում եմ համակարգչի դեսքթոփին, կապի մեջ եղողների սյունակում  հայտնվել է Բագրատ Եսայանը: Ես, Աննան, Բագրատը, 12 տարի է, հերթով իրար հրավիրում ենք ճաշելու, հիմա իր հերթն է. փոխանակ սովորականի պես տեռորի ենթարկեմ, որ չի կատարում սուրբ պարտականությունը եւ մեզ կերակրում, Ռոլանդ Շառոյանի ձեռքի համարն եմ ուզում: Արագ գրում է:

Զանգում եմ.

– Պրն Շառոյան, 96թ. ապրիլին, երբ Միսս Հայաստանն անցկացվեց, դու՞ք էիք մշակույթի նախարարը:

Երկար պաուզա գծի այն կողմում: Հետո եմ գլխի ընկնում, ուզում էր հասկանալ՝ ձե՞ռ եմ առնում, թե՞ լուրջ եմ հարցնում: Ձայնս երեւի այնքան եղերական է ու հոգնած, որ երեւի մտածում է՝ լուրջ եմ հարցնում, պատասխանում է.

– Բայց ես 96թ. ապրիլին ԿաԳեԲե-ի բանտում նստած էի…

Եթե լրագրողների լիցենզավորման մարմին լիներ, Ռոլանդին ուղղած այդ հարցիցս հետո ինձ հաստատ կզրկեին լիցենզիայից կամ մի քանի կարգով կիջեցնեին որակավորումս: Դրա համար, քիչ հետո զայրույթս թափում եմ Բագրատի վրա, որն ինձ ու Աննային ֆրանսիական ռեստորան է տարել՝ ինչու՞ այդքան հեշտ տվեցիր Ռոլանդի համարը, Քեզ չե՞ն ասել ուրիշների ձեռքի համարները չի կարելի տալ:

– Բայց դու ո՞նց ես ախր Ռոլանդին տենց հարց տվել: «Միլիոնատերը» չե՞ս նայել. Վահան Հովհաննիսյանին հարց էր ընկել հենց 96թվականի «Միսս Հայաստանի» մասին, ասաց՝ ես չեմ կարող ասել՝ ով է եղել 96-ի միսս Հայաստանը, որովհետեւ այդ ժամանակ բանտում էի:

Նոր գաղափար է ծնվում գլխումս.

– Լսիր, իսկ Վահան Հովհաննեսյանը չի՞ համաձայնի տեսագրվել:

– Բայց ինչի՞ մասին խոսի:

– Թե ինչպես ինքը չմասնակցեց Միսս Հայաստան 96-ին…

Բագրատն ու Աննան կչկչում են ու կչկչում: Մատուցողը զարմացած նայում է: Իրենց: Ես այնքան լարված եմ, որ ավելի լուրջ եմ: Ու տենդագին շարունակում եմ զանգել դեսուդեն:

Արդեն սկսել եմ մերժածներին նորից զանգել. համոզում եմ, գուցե ստացվի… Բայց արդեն չեմ հիշում՝ որ մեկի համարը կրկնելու կոճակն եմ սեղմել.

– Ներեցեք, ես ու՞մ եմ զանգել:

– Իսկ ու՞մ պիտի զանգեիք:

Ձայնից տեղն եմ բերում, Սաթիկ Սեյրանյանի ասած հայտնի վիզաժիստն է:

Նորից եմ փորձում համոզել: Չէ, կիրակի՝ խնդրեմ, բայց մյուս օրերին գրաֆիկն ազատ չէ:

Կարեն Արիստակեսյանը վերջապես հետ է զանգում: Առաջին մրցույթներից տեղյակ չէ, հաջորդներից՝ խնդրեմ: Հաջորդներն էլ իմ թեմայի մեջ չեն մտնում. կինո չեմ հանելու, ուզածս մի պուճուր հաղորդում է՝ առաջինի մասին:

Աննայի ու Բագրատի բախտը չբերեց, այսօր դեսերտը Միսս Հայաստան 96-ն է: Տալիս եմ նրանց բոլոր մտերիմների անուններն ու՝ այսինչը կարո՞ղ է ժյուրիի անդամ է եղել, այնինչը կարո՞ղ է ներկա է եղել օպերայի դահլիճում այդ օրը:

Բաժանվելուց հետո Աննան է զանգում.

– Լսիր, Բագրատը քեզանից նեղացել է:

– Ինչու՞:

– Ասում է՝ իհարկե, ես չէմ մասնակցել 96-ի Միսս Հայաստանին, բայց այդքան անկապ մարդու մասին հարցրեց, կարող էր չէ՞ մի հատ էլ ինձ հարցնել՝ Բագրատ, դու միսս Հայաստան 96-ին մասնակցե՞լ ես, թե՞ չէ…

– Աղջի, հերիք է ձեռ առնես, ես ինֆարկտ եմ ստանում:

Բայց տրամաբանական է: Բագրատին էլ կարելի է պատմել տալ, ինչպես չմասնակցեց «Միսս Հայաստան 96-ին», ինքը ԿաԳեԲե-ի բանտում չէր, բայց Վահան Հովհաննեսյանի գործով հասարակական պաշտպան էր, հենց այդ առիթով հաղորդում պատրաստելիս էլ ծանոթացել ենք:

– Բայց կտեսագրվի՞ Բագրատը:

– Ոչ, որովհետեւ արդեն դուրս է եկել Երեւանից ու կվերադառնա հաջորդ շաբաթ:

Զանգ ունեմ: Հովիկ Չարխչյանն է. Վերջապես ավետում է բաղձալի տվյալները: Ժյուրիի անդամների՝ նրա տված անուններն արագ աչքի անցկացնելով՝ Տիգրան Լեւոնյան, Ռոբերտ Մավիսակալյան…,  հասկանում եմ, որ հասանելի երկու մարդ կա՝ Արթուր Գրիգորյան եւ Նադեժդա Սարգսյան:

Վայ, Արթուր Գրիգորյանի համարն ունե՞մ: Արագ զանգում եմ: Ձայնը կտրտվում է, բայց «բարեւ Ռուզ ջան»-ը հստակ լսում եմ: Մտքումս ասում եմ՝ հազար տարի առաջ եմ հետը հարցազրույց արել, ձայնս, դեռ համարս էլ ճանաչում է, ու մի բան էլ՝ «Ռուզ ջան» է ասում: Բա որ մի անգամ  Նոր տարվա միջոցառմանը ՏիգրանՆաղդալյանն  ինձ էլ էր տարել Երգի թատրոն, ես էլ ձայնագրիչ էի տարել ու Վազգեն Սարգսյանին հարցրի՝ ե՞րբ եք ամուսնանալու, ասաց՝ խոստացել եմ այս տարի, ու շատ բարձր, քահ-քահ ծիծաղեց, մի աղջիկ եկավ ու ասաց՝ մենք լրագրողների չենք հրավիրել… Իմ լացը չեկավ, որովհետեւ սիրուն նյութ էր ստացվելու ձայնագրածիցս, բայց համարյա նեղացած գնացի այդտեղից, այդ ժամանակ «Ռուզ ջան» չէ՞ի: Մտածում եմ, բայց հարցնում՝ դուք Միսս Հայաստան 96-ի ժյուրիի կազմում եղել եք, չէ՞: Այստեղ կապն ընդհատվում է, ու արդեն ինչքան զանգում եմ՝ անհասանելի է: Կարո՞ղ է հանկարծ հիշեց այդ Նոր տարին…

Լավ, Նադյային զանգեմ: Չկա համարը, բայց գրքույկս թերթելիս հանկարծ միտքս պայծառանում է՝ ախր ես ոչ թե երգի թատրոնի, այլ «Հայլուրի» Արթուր Գրիգորյանին եմ զանգել…

Իսկ երեկոյան, երբ «Հայլուրով» Արթուր Գրիգորյանի ռեպորտաժն եմ նայում Քարին Տակ գյուղից, հասկանում եմ, թե տարօրինակ հարցս լսելիս Արթուրն իմ մասին ինչ էր մտածում Ղարաբաղում:

«Երաժշտական փոստարկղի» Լեւոնից խնդրում եմ մյուս Արթուր Գրիգորյանի եւ Նադյայի համարները: Նադյան ասում է՝ ինքը ժյուրիի անդամ չի եղել: Շատ հետո, երբ մրցույթի ամբողջ տեսանյութն ինձ կտա Արա Երնջակյանը, կտեսնեմ, որ Նադյան պարզապես չի հիշում:

Իսկ Երգի թատրոնի Արթուր Գրիգորյանը ընդհանրապես չի վերցնում հեռախոսը:

Աննան ասում է՝ լսիր, քո այս որոնումների մասին որ հաղորդում անես, հաստատ շատ ավելի հետաքրքրիր կլինի, քան մրցույթի մասին հաղորդումը:

Զրույցների արանքում ինձ ասում են, որ մի անգամ էլ սովետի տարիներին է Հայաստանի գեղեցկուհու մրցույթ եղել. գեղեցկուհի ընտրված Գայանե Բորյանի կոմերիտական հարսանիքին Մոսկվայից շնորհավորական հեռագիր է ուղարկել անձամբ երկրի ղեկավարը.

« Հետաքրքրվիր, այդ ժամանակ Հայաստանի կոմերիտմիության քարտուղարը ոնց որ թե Հայկ Քոթանջյանն էր, կարծես թե ինքն էլ կազմակերպել էր, ուսանողական միսս Հայաստան էր», -խորհուրդ են տալիս: Վայ, ունեմ համարը: Զանգում եմ: Արագ շարադրում եմ ամբողջ նույն նախաբանը, ինչից սկսում եմ բոլորի հետ…Ապա՝ ինձ ասել են, որ սովետական տարիներին նման մի մրցույթ էլ դուք եք կազմակերպել, երբ կոմերիտմիության քարտուղար էիք, կհամաձայնեի՞ք տեսագրվել՝ այդ մասին պատմելով:

Լռություն է:

– Ալլո, պրն Քոթանջյան…

– Այո, Ռուզաննա ջան, ուշադիր լսում էի քեզ: Բայց մի կասկած ունեմ, դու երեւի մի տարով սխալվել ես:

– Մի տարո՞վ: Այսի՞նքն…

– Մի տարով չէ, մի տառով:

– Էլի չհասկացա:

– Դու երեւի Հայկ Քոթանջյանին ես փնտրում, բայց ես Հայկ Քոթանյանն եմ, Ազգային Ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարը:

– Վայ, կներեք: Իսկ կարո՞ղ է պատահաբար Հայկ Քոթանջյանի համարն ունենաք:

– Անկեղծորեն, չունեմ:

Մի քանի ժամ սրան-նրան զանգելուց հետո ճարում եմ գեներալ Հայկ Քոթանջյանի համարը: Պարզվում է, ինքը շատ ավելի ուշ է եղել կոմերիտմիության քարտուղար, իսկ նման մրցույթի մասին չի էլ լսել:

Թեւաթափ տուն եմ գալիս: Դուռը ծեծում են: Հայրս է: Միտք է փայլատակում գլխումս: Կարո՞ղ է սեփական հորս չկարողանամ համոզել, մանավանդ, տեսախցիկի առջեւ խոսելու համար խելքը գնում է: Հայաստանի գեղեցկուհիներից մեկի կոշիկի կրունկն էր պատրաստում մի տարի, ինքն ինձ համենայնդեպս այդպես էր ասել: Գուցե հենց Կարինե Խաչատրյանի՞նն էր, հաստատ հետաքրքիր զրույց կստացվի: Բացում եմ դուռը: Բայց պիտի թողնեմ առաջինն ինքը խոսի, նոր ուզածս հարցնեմ:

– Հաղորդումներդ նայում եմ, – ասում է:

Գիտեմ, որ մի վատ բան հիմա կասի: Փորձեմ կանխել:

– Հավանում ես, չէ՞:

– Չէ: Ածականներդ քիչ են…

Իսկ ես լրագրողական կյանքիս երկար տարիների ընթացքում պայքարել եմ ավելորդ ածականաբանությունից ազատվելու համար: Ու տանել չեմ կարողանում ածականախեղդ լրագրությունը:

Դիտվել է 5163 անգամ:
Print Friendly

Leave a Reply