Երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննսիյանի համար Ազգային ժողովում ընդամենը աշխատասենյակն է փոխվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 15:47

Նորընտիր երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննսիյանը պետական համակարգում իրեն այնքան էլ նորեկի կարգավիճակում չի զգում, և Ազգային ժողովում նրա համար ընդամենը աթոռների փոփոխություն է տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

“Առաջին տարին չէ, որ պետական համակարգում եմ աշխատում, շուրջ մեկ տասնամյակ է, որից մեծ մասը` Ազգային ժողովում, և, այս առումով, կարող եմ ասել, որ զգալի բան չի փոխվել, պարզապես` մի աշխատասենյակը փոխարինվել է մյուսով, գումարած` դահլիճում տեղը”,- ժպիտով նշեց բանախոսը` ավելացնելով, որ ինքը բոլոր փորձառու պատգամավորներից մասնագիտական առումով փորձելու է քաղել ինչ-որ բան` լինեն տարիքով իրենից ավագ, թե կրտսեր:

Ասուլիսի մյուս բանախոս, կրկին եիտասարդ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր մենք կարող ենք փաստել, որ իրոք ձևավորվել է որակապես նոր խորհրդարան. “Ես ուզում եմ ասել, որ Ազգային ժողովում ձևավորված մթնոլորտը` անկախ քաղաքական դիրքորոշումից, կոնստրուկտիվ է, և շատ հարցերի շուրջ մենք ականատես ենք լինում բանավեճերի, բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմի դաշտում ենք, ի վերջո, բանավեճի ընթացքում է ծնվում ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է իրենց կողմից բարձրացվող խնդիրներին, ապա բանախոս-պատգամավորները նշեցին, որ իրենք չեն գծել քայլերի հերթականությունը, թե որ օրը ինչ են անելու, քանզի ինչպես  պատգամավորի աշխատանքն է շարունակական բնույթ կրում, այնպես էլ խնդիրներն են ամեն օր ծագում և պահանջում լուծումներ. “Ցանկացած խնդիր, որը ծագելու է մեր բնագավառում, բնականաբար, լինելու է մեր ուշադրության կենտրոնում”,-ասաց Ա Հովհաննսիյանը, իսկ նրա գործընկեր Ն. Կարապետյանն էլ հավելեց, որ ինքը, իբրև Եվրաինտերգրման հանձնաժողովի անդամ, ձեռնամուխ է լինելու նախ և առաջ ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ միջազգային մակարդակով տարվող աշխատանքներում խնդիրների լուծմանը:

Երիտասարդ պատգամավորները նաև միաբերան փաստեցին, որ իրենք ակտիվ գործունեություն են ծավալելու ոչ միայն ԱԺ-ում նիստերի ժամանակ, այլև դրսում` ժողովրդի կողքին` հասարակության ներսում ծագած խնդիրների լուծմանն ընդառաջ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply