Թուրքիայում «Էրգենեկոնի» հետ կապված նոր սկանդալ է ծագել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2009 16:56

ԷրգենեկոնՓաստաբան Սերդար Օզթուրքի գրասենյակում հայտնաբերված «Հետադիմության դեմ պայքարի գործողություններ ծրագիր» փաստաթուղթը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական դատարանի կողմից համարվել է գաղտնի և հրապարակելու ոչ ենթակա: Օզթուրքը ձերբակալվել էր «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում:

Փաստաթղթի գաղտնի լինելու մասին ընդունած որոշումը խիստ հակազդեցության է արժանացել մամուլի և ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունների կողմից:

Թուրքական «Հուրիեթ» թերթի համաձայն` Թուրքիայի լրագրողների միության նախագահ Օրհան Էրինչը թուրքական զինվորական դատարանի՝ փաստաթղթի հրապարակման արգելքը գնահատել է որպես խոսքի ազատության և ժողովրդի տեղեկացված լինելու իրավունքի սահմանափակում, և կասկած հայտնել զինվորական դատարանի` նման իրավասիություն ունենալ-չունենալու հարցում:

Թուրքիայի մամուլի խորհրդի նախագահ Օքթայ Էքսին հայտարարել է, որ այդ որոշումը իրականությունն իմանալու իրավունքին միանգամայն հակասում է և անընդունելի է:

Թուրքական «Ժամանակակից լրագրողների ընկերության» նախագահ Ահմեդ Աբաքանն ասել է, որ ստեղծված իրավիճակը հիշեցնում է արտակարգ իրավիճակների և հեղաշրջումների ժամանակաշրջանները Թուրքիայում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինված ուժերի գլխավոր շտաբի որոշմանը դեմ են հանդես եկել Թուրքիայի Դեմոկրատական և «Մայր հայրենիք» կուսակցությունների առաջնորդներ Հուսամեդդին Ջինդորուքն ու Սալիհ Ուզունը: Համատեղ տարածած հայտարարության մեջ նրանք կոչ են արել իշխանություններին անհապաղ վերացնել փաստաթղթի հրապարկման դեմ հարուցված արգելքը:

Հայտնաբերված փաստաթուղթը ներառում է Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու «Ֆեթուլլա Գյուլեն» ալեվիական կազմակերպությանն ուղղված գործողությունների ծրագրերը:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply