«Մենք շահագրգռված ենք նաեւ այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ». Բակո Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 13:22

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:

Բակո Սահակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ քաղաքական կուսակցություններն այն կարեւորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը:

«Նրանք հանդիսանում են նաեւ պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը:Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջեւ քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաեւ մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը»,-ասել է նա:

ԼՂՀ նախագահը չաափազանց կարևորել է կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և նշել, որ դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:

«Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջեւ կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետեւողականորեն զարգացնել: Միեւնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաեւ այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ»,-ընդգծել է նա:

Սահակյանի խոսքով, այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարեւոր գործընթացներում:

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply