Զուգագուլպաներ` հաստ, անթափանց, բայց` գրավիչ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 26, 2010 10:37

Եթե դուք կարճ կիսաշրջազգեստով քայլում եք փողոցով և ձեր ոտքերով հիանում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, նշանակում է` դուք կրում եք նորաձև ու ձեր հագուստին համապատասխան զուգագուլպա:

Ճիշտ է, կանայք ձմռանը նախընտրում են տաբատ կրել, սակայն այս տարի համաշխարհային նորաձևության վարպետները համառորեն ներկայացնում են զգեստներով, երկար բլուզներով կամ էլ կիսաշրջազգեստներով կանացի, էլեգանտ մոդելներ: Իսկ քանի դեռ նորաձևության բարձունքին շարունակում են մնալ զգեստ-բլուզները, զուգագուլպաների պահանջարկն է՛լ ավելի կմեծանա:

Գույնը

Ինչպես այս տարվա նորաձևության այլ հավաքածուներում, զուգագուլպաների մեջ ևս առաջատարը սև գույնն է: Սակայն եթե նորաձևության մեջ, անգամ, չիշխեր սևը, միևնույնն է, ողջ աշխարհում կանանց մեծամասնությունը նախընտրում է սև զուգագուլպաներ, քանի որ դրանք պրակտիկ են և կարծես «ի մի են բերում» ոտքերը: Նորաձևության գլխավոր միտումներից մեկն այն է, որ սև զուգագուլպաները նաև հաստ են ու անթափանց:

Գունավոր  զուգագուլպաներ

Սևից բացի, այս տարի նորաձև են նաև մանուշակագույն, կարմրաշագանակագույն, ինչպես նաև վառ կարմիր երանգներով զուգագուլպաները, որոնք ևս նախընտրելի է, որ լինեն հաստ ու անթափանց:

Գծավոր  զուգագուլպաներ

Լայն կամ նեղ, գունավոր կամ սև ու սպիտակ գծեր: Այս տարի զուգագուլպաների վրա հաճախակի կհանդիպեք գծերի, որոնք հիմնականում կլինեն ուղղահայաց` ոտքերի երկայնքով: Դա ոչ միայն նորաձև է, այլև ոտքերն ավելի երկար է ցույց տալիս:

Սպիտակ զուգագուլպաներ

Շատերը կմտածեն, որ սպիտակ զուգագուլպան իրենց համար չէ, սակայն մի շտապեք. այս տարի այն շատ նորաձև է: Հատկապես գրասենյակային ու պաշտոնական հագուստի հետ, սպիտակ, անթափանց զուգագուլպան շատ կանացի ու հմայիչ կդարձնի ձեզ:

Ցանցավոր  զուգագուլպաներ

Ցանցավոր զուգագուլպաների մուտքը հիշեցնում է 80-ականների վերջի և 90- ականների սկզբի նորաձևությունը, երբ համարձակ կանայք կրում էին դրանք` ի հեճուկս բոլոր ասեկոսեների ու բամբասանքների: Այսօր այն ևս շատ տարածված չէ, սակայն ունի երկրպագուների մեծ բանակ: Ինչ վերաբերում է ձմռանը, ապա ցուրտ սեզոնի համար դիզայներները հատուկ ստեղծել են ցանցի տեսք ունեցող, սակայն բավականին հաստ ու ամուր հումքով զուգագուլպաներ, որոնք ցանցային էֆեկտի հետ մեկտեղ`  հարմարավետորեն պաշտպանում են ցրտից:

Դեկորով կամ  զարդանախշերով  զուգագուլպաներ

Այս տարի համարձակներին դիզայներներն առաջարկում են բոլորովին նոր տարբերակ. դեկորներով կամ զարդանախշերով զուգագուլպաներ: Առաջինի դեպքում դրանք զուգագուլպայի վրա կարված առանձին կտորե մասնիկներ են կամ, օրինակ, փայլփլուն քարեր, ռոկոկո ոճի կտորե ծաղկային կոմպոզիցիաներ և այլն: Մյուս տարբերակը` բարդ, աբստրակտ պատկերներով զուգագուլպաներն են` միաձուլված ծաղկային պատկերների հետ: Ամենանորաձև տարբերակներից են սպիտակ զարդանախշերով սև զուգագուլպաները:

Ժանյակե  զուգագուլպաներ

Այս զուգագուլպաները կարծես եկած լինեն միջնադարյան պալատական բարձրաշխարհիկ միջավայրից, որոնք միաժամանակ և՛ զուսպ են, և՛ հանդուգն ու գրգռիչ: Այս ոճի զուգագուլպաները չեք կարող կրել աշխատավայրում կամ էլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, սակայն որևէ մտերմիկ կամ ընկերական երեկույթի ժամանակ ատլասե կարճ, սև շրջազգեստի հետ միասին դրանք իսկական շոկ կառաջացնեն:

Կիսագուլպաներ

Սեզոնի նորույթներից մեկն էլ կիսագուլպաներն են` տաք, բրդյա գործվածքից կամ էլ կաշվից ու զամշից:Դրանք հասնում են մինչև ծունկը կամ մի քիչ էլ վերև: Եթե այն կրում եք երկարաճիտ կոշիկների հետ, ապա դրանք պետք է երևան կոշիկի տակից: Կիսագուլպաները գարնանը կարելի է կրել նաև բարձրակրունկ, էլեգանտ կոշիկների հետ:Կան նաև այնպիսիները,որոնք ներքևում ծածկում են միայն ոտքի թաթի կեսը` դուրս թողնելով մատները:

15-20 տարի առաջ տատս հենց այդպիսի բրդյա կիսագուլպաներ էր գործում ու նվիրում թոռներին` ըստ մեր ճաշակի ընտրելով թելի գույներն ու գործվածքի ձևը: Եթե միայն տատս կենդանի լիներ…

Դիտվել է 3099 անգամ:
Print Friendly

Leave a Reply