Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի քայլը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 11:41
Սեպտեմբերի 14-ին շարունակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նախարար Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:
Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:






Facebook
Tweet This
Email This Post
