Քյարթուներ ու ջակիներ. 50 տարվա հակասությունը դեռ կենդանի է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 4, 2010 17:21

«Նելի քյարթու տղու հետ կամուսնանաս՞», ինտերնետով տրված  հարցին աղջիկը պատասխանեց «ինձ չե՞ս ճանաչում,վիրավորում ես»: Հաջորդ հարցն էր. «իսկ ջակի-ջուկի՞». աղջիկը  երկու սմայլիկ դրեց, ու գրեց` «այ տղա ասենք ոնց՞, ինքը ճղած ջինսերով ու բոթասներով ինձ հետ ո՞նց քայլի: Չէ»: Այս աղջիկը այնքան քիթը ցցած չէ, որ սպասում է Բրեդ Փիթին, ոչ էլ այնքան հին, որ սպիտակ ձիու մասին է երազում, նա ուղղակի այն միջանկյալ տիպերից է, որոնք ընկնում են ջահելական շերտը բաժանող «ջակի-ջուկի» և «քյարթու խմբերի» արանքը:

Այսօր Հայաստանում աչքի են ընկնում երիտասարդության երկու ծայրահեղ ենթամշակույթները` պահպանողականները որոնց նրանց հակառակորդները քյարթու են անվանում, և  առաջադեմները կամ ռուսերեն` պրադվինուտիները, որոնց Ջագի-ջուգի են անվանում: Այս հակասությունը հին է, ինչպես արևմտյան ենթամշակութային տարբերությունները, սկսում է 60-ականների վերջից: Միայն նրանց անուններն է փոխվել` նախկինում եղել է ռաբիս կամ խառոշի-փարչակ հակադրությունը: Իսկ արանքի երիտասարդներին էլ ոմանք  բնութագրում են այս երկուսի հատկանիշներով` «ավելի քյարթուոտ» և այլն:

Շուկան նախընտրում է օգտագործել ջագիների իմիջը որպես նորաձևության խորհրդանիշ,  որի ապացույցն է ջագի-ջուգի ջինսի խանութը Երևանում և եթե ջագիները կարող են առանց վիրավորվելու իրենց վրա վերցնել այդ անունը, ապա քյարթուները քյարթու անունը չեն որդեգրել: «Քյարթուները շատ սահմանափակ են,-ասում է 20-ամյա Դիաննա Սահակյանը,-գլխավոր տարբերությունը երաժշտական ճաշակն է: Ջագիները համարվում են ավելի խելացի,քանի որ նրանք մեծամասամբ ռոք են լսում, իսկ ռոք հասկանալու համար որոշակի հոգեվիճակ է պետք, համ էլ անգլերենի իմացություն:

Քյարթուները ռաբիս են լսում,այսինքն ռաբոչի իսկուստվո, որով խորհրդային տարիներին  զբաղվել են երաժշտական կրթություն չունեցողները: Դիաննան քյարթու-ջագի գծով փարձագետ չէ, բայց ակտիվ երիտասարդ է, որի շրջապատն էլ կիսվել է երկու մասի` ջագիների եվ քյարթուների: Դիաննան  պարզաբանեց, որ ոչ թե բոլոր անգլերեն իմացողները խելացի են, այլ որ  անգլերեն իմանալը նշան է, որ մարդ իր վրա աշխատում է, ինչը չեն անում քյարթուները:  Քյարթուներն ու Ջագերը տարբերվում են ոչ միայն մտածողությամբ, այլև հագուկապով և արդեն ստերեոտիպ է դառել, որ սուր քիթ կոշիկ հագած տղային քյարթու համարեն: «Քեզ պարզ օրինակ ասեմ, ես հագնում եմ բոթաս,  ինձ այդպես հարմար է հատկապես դասերի ժամանակ, երբ անընդհատ վազվզոցի մեջ եմ, բայց ռաբիս աղջիկները նայում  են ու ասում, թե դու աղջիկ չես, եթե կրունկով կոշիկ չես հագնում…ինձ համար դա սահմանափակ լինելու մասին է խոսում: Նրանք էլ երեկոյան շորեր են նախընտրում, ինչը շատ ծիծաղելի է»: Իսկ 19-ամյա Արփինեն այն աղջիկներից է որ շպարված ու երեկոյան զգեստով սիրում է դասի գնալ. «Ես կողմ եմ, որ աղջիկները լավ էլ քսված ու ճոխ հագնված են դասի գալիս: Ես էլ եմ այդպես հագնվում ու ասեմ, որ դրանից ընդհանրապես վատ չեմ զգում: Կարծում եմ աղջիկները պետք է խնամված տեսք ունենան, որ մի քիչ աղջկա հոտ գա, կանացիություն երևա, թե չէ ջինսավատ լինելը մի տեսակ թափթփվածության նշան է»:

Քյարթու կամ ջակի լինելը զգացվում է ամենուրեք` սովորելու առաջադիմության մեջ, քայլվածքի ձևի, նույնիսկ մազերի կտրվածքի: Ուսանողները ասում են, որ քյարթուները քայլում են մի տեսակ «կուչ եկած» ու դանդաղ, իսկ ջակիները ավելի արագ, գործնական: Քյարթուն չի սիրում, երբ տղան երկար մազ է պահում, ու կարող է նույնիսկ այդպիսի մեկին մոտենալ ու ասել որ մազերը կտրի: Ինչպես վարսավիրանոցում մի տղա երկարամազ վարսավիրին խորհուրդ էր  տալիս մազերը կտրել, քանի որ «լավ տղա ըլնելը կանտովկիցա (ծոծրակը) երևում»: Քյարթուների մոտ ընդունված է, որ մազերը պետք է լինեն կարճ,կիպ կտրած: 8 տարեկանից ունեցած երազանքը անկատար չթողնելու համար Դանիել Գրիգորյանը երկար մազեր է պահում ու իր ետևից հաճախ լսում քյարթուների ռեպլիկները. «Փողոցում քայլում եմ, երկու հոգի իրար մեջ քննարկում են մազերս: Խոսքի` ասում են տղա ես, թե՞ աղջիկ: Կամ, հաճախ, երկար հայացքներով են ուղեկցում:Դե նմանատիպ բաներից նախկինում շատ  էի նեղվում, հիմա խնդալս գալիս ա»: Քյարթու աղջիկները սիրում են քյարթու տղեքի` քանի որ կոպիտ են, իսկ ջագիները նուրբ   են ու կյանք չունեն մեջները: Կոպտությունը համարում են սեքսուալ, կայացած ու ուժեղ տղամարդու հատկանիշ: Ջակիներին էլ համարում են մոդայի հետևից ընկնող, եվրոպամետ: «Ջակիները կարող են տարբեր գրքեր կարդալ, ինքնակրթությամբ զբաղվել, բայց դասերին հաճախ չնստել,փոխարենը ինչ-որ ավելի հետաքրքիր ու խենթ  արարք կատարել,-ասում է ջագիներին համակրող Դիաննան,- աղջիկ քյարթուները բոլոր դասերին պատրաստ ներկայանում են,բայց դա  անում են շրջապատի աչքից չընկնելու համար, իսկ տղաները ընդհանրապես չեն գալիս, բայց համալսարանի դիմացը պատրաստակամորեն կանգնած են»:

Դանիելի համար ջագի հասկացություն չկա: Ջագի համարում է այն դեռահասներին, որոնց առաջնային նպատակը ուրիշներից տարբերվելն է: Ըստ նրա` գոյություն ունեն քյարթուներ և ոչ քյարթուներ: «Քյարթու եմ համարում էն մարդկանց, որոնք ունեն նեղ աշխարհայացք: Օրինակ` իրենք  հանդուրժող չեն,մտածում են` իրանք միշտ ճիշտ են ասում, ինչն էլ վկայում է,որ  նրանք իրենց պորտերից այն կողմ չեն տեսնում,  ինչպես Փարաջանովն էր ասում նեղմիտների մասին»: Դանիելը քյարթուների մեջ ամենաանընդունելին այն է համարում, որ անհանդուրժող են ու մեղադրում ու ծաղրում են նրանց, ովքեր իրենց նման չեն: Նա համոզված է,որ նրանցից շատերն էլ են ուզում երկար մազեր պահել, ժամանակակից հագնվել, ինչպես ինքը, բայց խուսափում են կողքի խոսակցություններից: «Հիմա նույնիսկ քյարթեր կան,որոնք համ ճղած ջինսեր են հագնում, համ էլ մազերն են երկարացնում: Դե,օրինակ, «Հայ տղեք»-ը իրենց առաջին ալբոմում երգում էին ջակի-ջուկիների մասին:Հիմա նրանց էլ դժվար է տարբերել իրանց երգի հերոսից»-ասում է Դանիելը: Երգում ասվում  է. «Ջակի-ջուկի տղեն արդեն տղա չի, ջակի-ջուկի տղեն արդեն բանի պետք չի, լեն շլվար, ներկած մազեր, ականջօղ դրած տղեն ապե հաստատ բանի պետք չի»: Յութուբում հայ տղեքի «ջակի-ջուկի» երգի մեկնաբանություններում  քյարթու դիրքերից մեղադրում են «հայ տղեքին»: Օրինակ` Gevk-ը գրում է. «Սրանք նորմալ ճիշտ բաներ էին ասում իրանց երգերի մեջ, բայց հմի մի ջագի էլ սրանք դառան: Հմիկվա սրանց երգերի բառերը, քֆուրները, իրանց վիճակը նատուռի խայտառակ են անում իսկական հայերին: Երգը կատարողներից  Հայկոն կարծում է,որ հիմա ջագի թեման արդիական չէ, քանի որ ավելացել են ազատ ոճով հագնվողները: Երգն էլ 17 տարեկանում է երգել, իսկ հիմա արդեն 24 տարեկան է: «Եթե քեզ իրոք դուր է գալիս` ոնց ուզում ես հագնվի,-ասում է ռեփեր Հայկոն,- Ես դեմ եմ նրան, որ ամբախ-զամբախ, չհասկանալով են էդ ամենը հագնում, ուղղակի շրջապատից տարբերվելու կամ ուշադրություն գրավելու համար: Տղեք էլ կան,որ քյարթուավարի են հագնվում, բայց իրականում ըտենց չեն:Քյասար ես դեմ եմ ամեն կեղծավորության»: Հայկոյի համար ջակիներ են ոչ թե միայն արտաքինով տարբերվողները,այլ,գլխավորապես մտածելակերպով առանձնացողները: «Ռուսաստանում կամ Ամերիկայում սովորություն կա խոսքի մեջ իրար մեր քրֆել:Էդ տղեքն էլ յանի մենք էլ ենք արտասահամանցի սկսում էին իրար  ապուշավարի քրֆել»,-ասում է  Հայկոն:

«Ես զզվում եմ դրանցից, էդ քյարթուներից,-ասում է Լուսինե Բարսեղյանը,-մտածելակերպով մի տեսակ հետամնաց վիճակներում են: Օրինակ մի տեղ նստած սուրճ ես խմում ու էս տեսակի անթրաշ ու լպրծուն լակոտները իրանց թույլ են տալիս մոտենալ, փորձել քո տեղը հաշիվ փակել: Մի քանի անգամ էլ տեսել եմ ոնց էն էդ տիպերը նորմալ տղաներին նեղում, ասենք, թեկուզ լավ սովորելու համար»: Իսկ Մարտինը զզվում է ջագերից, վստահ, որ նրանք կարգին տղա չեն. «Ես որ դրանց տեսնում եմ,ք-ս գալիս ա, տո հենց ըտենց էլ գրի»: Քյարթուները քիչ են խոսում կամ ընդհանրապես հրաժարվում են հարցազրույց տալ,տալու դեպքում էլ չեն ուզում իրենց անունը գրվի «ուղղակի չի դզում»  ասելով: Հովհաննեսը չի ամաչում հարցազրույց տալ, բայց ամաչում է ջակիների հետ քայլել, ասում է .թե` քուչի տղեքը կտենան, իրան չեն հարգի: «Ախպեր իմ դուրը չի գալիս,հայերին սազական չի»,-կարճ, առանց հավելյալ բացատրությունների իր վերաբերմունքը ջագերի հանդեպ արտահայտեց 18-ամյա մի երիտասարդ:

Դիտվել է 6273 անգամ:
Print Friendly

Leave a Reply