ՊԵԿ ներկայացուցիչները պատասխան չունեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 20:06


ՀՀ վարչական դատարանում շարունակվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործով դատական նիստը:
Ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանը նիստի ընթացքում պնդեց ընկերության հայցն ամբողջությամբ, որով պահանջվում էր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության՝ ՊԵԿ-ի կողմից կազմված վերստուգման ակտն անվավեր ճանաչել ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ հենց այս վերստուգման ակտի հիման վրա էլ Նարեկ Հարությունյանի ու նրա երկու աշխակիցների դեմ հարուցվել էր քրեական գործ:
Նշելով ակտն անվավեր ճանաչելու հիմքերը՝ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը նշեց, որ խախտվել են ակտի հանձնման ժամկետները, բացի դա նման ակտ կազմելու համար հիմք են ընդունել նաեւ «երրորդ անձանց» կողմից ստացված տեղեկությունները, որոնք, ըստ փաստաբանի, վստահելի չեն, քանի որ անհայտ է՝ ովքեր են նրանք, ինչ են ասել, ինչ պայմաններում են ասել, ինչ կերպ կամ ով է ստուգել երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իսկությունն ու արժանահավատութունը: Այս մասը հատկապես կարեւոր է, քանի որ հենց այս «երրորդ անձանց» կողմից տրված ցուցմունքներն էլ հիմք են հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Այդ նույն երրորդ անձինք, սակայն, այս պահին քրեական գործով բոլորովին այլ ցուցմունքներ են տալիս դատարանում, որոնք նախաքննական մարմնին տված ցուցմունքներին չեն համապատասխանում: Ստացվում է՝ կազմվել է վերստուգման ակտ, որում առկա փաստերն արժանահավատ չեն: Հենց այդ անարժանահավատ ու անվստահելի ապացույցների հիման վրա էլ կազմվել է վերստուգման ակտը՝ պատճառ դառնալով նաեւ, որ սառեցվեն ընկերության հաշիվներն, ու քրեական գործ հարուցվի Նարեկ Հարությունյանի դեմ:
«Վերստուգման ակտ կազմելիս արդյոք ստուգվել են այդ փաստերը, թե ոչ» Չաքմիշյանի հարցին ՊԵԿ ներկայացուցիչ Նահապետյանն ասաց, որ քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա են վերստուգման ակտ կազմել, եւ որ իրենց գործառույթներում դրանց արժանահավատությունը ստուգելը չի մտնում:
«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության մյուս ներկայացուցիչը՝ Անի Թորոսյանը, դարձյալ հարցրեց, թե որոնք են եղել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է վերստուգման ակտ: Սրան ի պատասխան պատասխանող կողմն ասաց, որ բոլոր փաստաթղթերն առկա են քրեական գործում, եւ դրանք հնարավոր չէ կցել վարչական գործին: «Արդյունքում ստացվում է՝ վարչական վարույթում գործեր չկան կցված….
Իսկ հնարավո՞ր չէր կազմել այնպիսի վերստուգման ակտ, որը թույլ կտար անընդհատ չվերադառնալ քրեական գործին: Կա՞ բնության մեջ այնպիսի նյութ, որը հնարավոր է քրեական գործից առանձնացնել եւ ընդհանրապես առանձին է քրգործից»,-պնդեց Ա. Թորոսյանը, ինչին ի պատասխան ՊԵկ ներկայացուցիչները կրկին նշեցին, որ բոլոր փաստաթղթերը գտնվում են քրեական գործում, եւ գործնականում դրանք դժվարանում են առանձնացնել:
Ընդհանրապես, տպավորություն էր, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները բոլոր հարցերի ժամանակ, որոնց պատասխանները չունեին, վկայակոչում էին քրեական գործը, իսկ դրանք չափազանց շատ էին:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ այս ամսվա 20-ը:
Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply