Մի շարք հարցեր` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 17:02

Այսօր` սեպտեմբերի 14-ին, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրները, ՀՀ մաքսային օրենսգրքի 34 և 48–րդ հոդվածների 1-ին կետի «բ» ենթակետի «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմների գործառույթների նույնականացման կիրարկման մասին հարցը, փոքր ավիացիան զարգացնելու նպատակով դելտապլանների և փոքր ինքնաթիռների կառուցման անհրաժեշտության հարցը, Շրջանառության հարկի կիրառման նպատակահարմարության հարցը և Եկամտային հարկը 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու և դրանից բխող խնդիրները: Նիստը վարում էր Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ներկա էին համապատասխան պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամներ, քաղաքացիներ:

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրները` կարևորելով էլեկտրոտրանսպորտի զարգացման խնդիրը և մայրաքաղաքը միկրոավտոբուսներից հնարավորինս շուտ բեռնաթափելու անհրաժեշտությունը:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, հավաստիացրեց, որ քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում ոլորտը բարելավելու` մասնավորապես միկրոավտոբուսները միջին մեծության ավտոբուսներով փոխարինելու ուղղությամբ: Նա ասաց, որ միկրոավտոբուսների թիվը կրճատվելու է մոտ 1000-ով, և նախկին 2600-ի փոխարեն առաջիկայում երթուղի դուրս կգա 1530 միկրոավտոբուս: Նավասարդյանը չինական ավտոբուսների մի մասի երթուղի դուրս չհանելը բացատրեց վարորդների` համապատասխան վարորդական իրավունքի բացակայությամբ: Նա նաև հայտնեց, որ քաղաքապետարանի օրակարգում է հարավկորեական 100 ավտոբուսների ներմուծման գործընթացը:

Բարձրացվեց նաև ավելի որակյալ` օրինակ, ֆրանսիական ավտոբուսների ներկրման հարցը, սակայն Նավասարդյանը պարզաբանեց, որ դրանք բավականին թանկ են, իսկ Հայաստանում նման թանկ ներդրումներ անողներ առայժմ չկան: Նրա խոսքով, տրոլեյբուսը նույնպես շատ թանկ արժե. 1 տրոլեյբուսի դիմաց կարելի է գնել 4 ավտոբուս:

Ոլորտի խնդիրները բարձրաձայնելու, դրանց հնչեղություն տալու և հանրային կարծիքն այդ խնդիրների լուծման գործում ներգրավելու նպատակով Վազգեն Սաֆարյանն առաջարկեց Հանրային խորհրդի աջակցությունը` հանրային քննարկումներ կազմակերպելու և համատեղ աշխատանքային խումբ ձևավոևելու միջոցով:

Քննարկվեց ՀՀ մաքսային օրենսգրքի «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմների գործառույթների հարցը՝ կապված նույնականացման կիրառման հետ: Հանրային խորհուրդ դիմած քաղաքացու օրինակի վրա քննարկվեց օրենսգրքում հստակություն մտցնելու անհրաժեշտությունը: Քաղաքացու կարծիքով, նույնականացման կարգն ընդհանրապես պետք է հանվի, որովհետև եթե որևէ ապրանք ես արտահանում, վերամշակում և հետ բերում, այն արդեն բոլորովին նոր ապրանք է, և հնարավոր չէ նույնականացնել: Մինչդեռ քննարկմանը ներկա Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների`  Հարկ վճարողների Սպասարկման վարչության պետ Կ. Բեգլարյանի և Մաքսային վերահսկողության վարչության պետ Ա. Սողոյանի կարծիքով, նույնականացման ռեժիմը բավարար է:

Վազգեն Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ նույնականացման կիրառումը պարզաբանման կարիք ունի, և որոշակի ապրանքների համար անհրաժեշտ է կիրառել անհատական մոտեցում: Նրա հանձնարարականով հանձնաժողովն առաջիկայում նամակով կդիմի կառավարությանը` նույնականացման գործընթացում որոշակի դեպքերի համար առանձնահատուկ ընթացակարգերի կիրառման առաջարկով:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև դելտապլանների և փոքր ինքնաթիռների արտադրության և կիրառման հարցը: ՀԽ ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ԼՂՀ քաղավիացիայի պետ Դմիտրի Աթբաշյանը՝ որպես ոլորտի խորագիտակ, կարևորեց հարցը՝ նշելով, որ այն անհրաժեշտ է ներկայացնել պատկան մարմինների քննարկմանը:

Նիստի ավարտին քննարկվեցին նաև Շրջանառության հարկի կիրառման նպատակահարմարության, Եկամտային հարկը 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու և դրանից բխող խնդիրները: Հաշվի առնելով դրանց վերաբերյալ Ազգային ժողովում և հասարակության շրջանում առկա հակասական դիրքորոշումները` որոշվեց հարցը տեղափոխել առաջիկա նիստ` ԱԺ պատգամավորների մասնակցությամբ առավել հանգամանալի քննարկում կազմակերպելու նպատակով:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply