Ռուսաստանից ստացված վարկը կարող է աննպատակ լինել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 16:50

Թաթուլ ՄանասերյանՀայաստանում տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով ՌԴ-ից ստացված 500մլն դոլար կայունացնող վարկը, տնտեսագետների կարծիքով, տրվել է ոչ շահեկան տոկոսադրույքով:

Վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով` LIBOR + 3% տոկոսադրույքով. LIBOR-ը Լոնդոնում առաջարկված փողի տոկոսադրույքն է և այժմ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, տատանվում է 1,5 տոկոսի շրջակայքում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով` կայունացնող վարկը կօժանդակի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Սակայն ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` այն բոլորովին էլ արտոնյալ վարկ չէ, քանի որ կախված է LIBOR-ի տատանումներից:

«Պարզ է, որ ճգնաժամը 15 տարի չի տևի, իսկ տնտեսական աճի դեպքում LIBOR-ը կարող է հասնել մինչև 7 տոկոս: Դա շատ բարձր տոկոսադրույքով վարկ է»,-ասում է տնտեսագետը:

Կառավարությունը նախատեսել է գումարն ուղղել աղետի գոտու շինարարությանը, բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Ըստ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի` Կենտրոնական բանկը գումարը առևտրային բանկերին տրամադրելու է 8 տոկոսով: «Սակայն եթե առևտրային բանկերը բիզնես ծրագրերը շարունակեն ֆինանսավորել առավելագույն 24 տոկոսով, դա ոչ մի ազդեցություն չի ունենա տնտեսության զարգացման վրա»,-ասում է Այվազյանը:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply