Երեւանում ավելի շատ բնակարան են վարձակալում ԱՄՆ-ից, Իրանից, Ռուսաստանից և Իտալիայից ժամանած հյուրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 11:18

Հայաստանի անշարժ գույքի շուկայում մեծ մասնաբաժին ունի բնակարանների վարձակալության պահանջարկը: Անշարժ գույքի գործակալություններից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ բնակարանների վարձակալության ցանկությամբ հիմնականում դիմում են ԱՄՆ-ից, Իրանից, Ռուսաստանից և Իտալիայից ժամանած հյուրերը: Ընդ որում, տարվա տարբեր սեզոններին նկատվում է պահանջարկի մակարդակի փոփոխություն: «Գարնանը և աշնանն անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, իսկ պասիվություն հիմնականում դրսևորվում է ձմռան և ամռան ամիսներին»,-տեղեկացրին գործակալություններից:

Վարձակալվող բնակարանների պահանջարկի ձևավորման հարցում հատկապես ակնառու է Իրանի քաղաքացիների դերը: Նրանք Նովրուզը (մարտի 21) շատ հաճախ տոնում են Հայաստանում, ինչն առաջացնում է բնակարանների վարձակալության պահանջարկի աճ:

Չնայած այն հանգամանքին, որ բնակարանների քառակուսի մետրի գները շարունակում են տատանվել 600-1400 ԱՄՆ դոլարի սահմաններում, նորակառույց բնակարանների վաճառքի պահանջարկը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակի վրա: Ընդ որում, էլիտար և սովորական բնակարանների պահանջարկը գրեթե նույն մակարդակի վրա է: Արաբկիր վարչական շրջանում վերանորոգված բնակարանների քառակուսի մետրը վաճառվում է 800-1350 ԱՄՆ դոլարի սահմաններում, չվերանորոգվածները` 600-1000 դոլարի սահմաններում, իսկ նորակառույց էլիտար բնակարանների քառակուսի մետրը տատանվում է 800-1400 դոլարի սահմաններում՝ կախված քաղաքում դրանց գտնվելու վայրից:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012 տարեսկզբից  Հայաստանում շինարարության ծավալները կազմել են 165 449,1 մլն. դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 5,2 տոկոսով պակաս է:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply