Հայցվորը պնդում է, որ իր ստորագրությունը կեղծվել է
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | September 14, 2012 11:09
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ հայցվոր «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան հայցով դատական նիստը:
Հայցվորը դիմել է վարչական դատարան վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, 2011թ. մայիսի 6-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը վերացնելու, ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում ավել գանձված մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական վճարի, միջնորդավարձի և վարչական տույժի` 315876 ՀՀ դրամ գումարը հետ բռնագանձելու պահանջներով:
ՀՀ վարչական դատարանի 27.01.2012 թվականին կայացրած նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը հայտնել էր դատարանին, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ապացույց դատարան ներկայացված` 27.04.2011թ. կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության մեջ «Արձանագրությունը հրապարակվեց, գրված է ճիշտ» նշումի դիմաց և «Արձանագրության պատճենը ստացա… » նշման դիմաց կատարված ստորագրությունները իրենը չեն, քանի որ ներկայացված արձանագրության մեջ ինքը ստորագրել է միայն 21.04.2011թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին դիմում ներկայացնելու վերաբերյալ կատարված գրառման դիմաց։ Վերոգրյալից ելնելով, դատարանին միջնորդություն էր հարուցել դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին` պարզաբանելու համար, թե վերոնշյալ տողերի դիմաց դրված ստորագրությունները կատարվել են ի՞ր` Գևորգ Մանուկյանի կողմից, թե ոչ։
Դատական նիստը նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը նշեց, որ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը մտել է դատարան: Մինչ դատական նիստը կողմերը ծանոթացել են այդ եզրակացությանը:
Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, թե ստորագրությունն իրենն է: Նա նշեց, որ փորձագետը բազմաթիվ փաստաթղթերից իր ստորագրության նմուշներն է վերցրել, նմուշների թվում սակայն չի վերցրել այդ նույն փաստաթղթի ստորագրությունը, որը խնդրո առարկան է: Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը նշեց, որ ցանկանում է երկու միջնորդություն ներկայացնել դատարանին, առաջին՝ հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը նորից կարողանա ծանոթանալ գործին, երկրորդ՝ դատաձեռագրաբանական փորձաքննությունն իրականացրած փորձագետներին հրավիրել դատարան:
Պատասխանողի ներկայացուցիչ Գոհար Սահակյանը հայտնեց իր առարկությունը՝ նշելով, թե անցած դատական նիստը ևս հետաձգվել է միջնորդություն ներկայացնելու պատճառով: Խնդրեց դատավորին մերժել միջնորդությունը, քանի որ հայցվորի կողմից դատական նիստերն անհարկի հետաձգելու միտում է տեսնում:
Դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը, այն է՝ հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստին հրավիրել նաև փորձագետներին, որպեսզի նրանք պատասխանեն կողմերի, հարկ եղած դեպքում՝ նաև դատավորի հարցերին:
Հաջորդ դատական նիստի մասին կողմերը պատշաճ կերպով կտեղեկացվեն:
«ՓԱՍՏԻՆՖՈ»






Facebook
Tweet This
Email This Post
