Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվեցին առաջիկա ծրագրերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 22:30

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։

Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 20 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։

«Մեզ համար անչափ կարևոր է նաև ձեր նոր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»  ծրագիրը։

Դեռ երկու ամիս առաջ մեր հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտնեց, որ իրենք աջակցելու են եզակի այդ կենտրոնի ստեղծմանը։ Այն հնարավորություն կտա կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը։ Աշխարհում քիչ երկրներ կան, որ նման կենտրոն ունեն»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հյուրերը տեղեկացրեցին, որը վաղը բացվող ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովին մասնակցող ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մեծապես հետաքրքրում է ինչպես այդ, այնպես էլ շարժական հիվանդանոցի ծրագրերը։

Ի դեպ, Հայաստանի մարզերում շարժական հիվանդանոցում 15 հազար անվճար վիրահատություն է կատարվել։

Ռոջեր Օհանեսյանը շեշտեց, որ տպավորված է իրենց ծրագրում ընդգրկված հայ բժիշկների մասնագիտական հմտություններով։

«Այսօր արդեն այնպիսի իրողություն է, որ ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից։ Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ակնաբուժական գիտաժողովին հայաստանցի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանը պետք է ներկայացնի մեր ծրագրի շրջանակներում ամերիկացի գործընկերոջ հետ ստեղծած տեխնիկայի կիրառումը»,-ասաց Ռոջեր Օհանեսյանը։

Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին հյուրերին տեղեկացրեց առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին։

Երկու կողմերը քննարկեցին առաջիկա ծրագրերը։

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply