«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 13, 2012 17:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»  երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:

Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500 – ամյակին,  ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը:

Ի հիշատակ հանդիպման՝ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»  երգչախմբի սաները լուսանկարվել են քաղաքապետի հետ ու ստացել հուշանվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply