Արդյոք դատապարտյալին տրամադրվո՞ւմ է կարճաժամկետ մեկնում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 20, 2012 7:11

Հաճախ հարց է առաջանում` արդյոք ազատազրկման վայրում պատիժը կրող դատապարտյալին կարո՞ղ է կարճաժամկետ մեկնում տրամադրվել: Այս հարցը մանրամասն կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով (ընդունվել է 2004 թ. դեկտեմբերի 24-ին, ուժի մեջ մտել 2005 թ. հունվարի 28-ին), մասնավորապես 80-րդ հոդվածում նշվում է, որ դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:

Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:

Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, որն առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։

Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից և սեռական ճանապարհով փոխանցվող և շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից բուժման ամբողջ կուրսը չանցած, մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել, եթե բժշկի, հոգեբույժի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ նա հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, ինչը պետք է փոխհատուցի դատապարտյալը:

Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ: Կարճաժամկետ մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ:

Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:

Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում: Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ: Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին:

Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության: Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply