Զվարճանքի միջոցները մատչելի չեն մանուկների համար. Երբ հաճախ գերշահույթներ ստանալու մոլուցքը դառնում է սովորույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 19, 2012 14:02

Մեծ ու փոքր քաղաքների զբոսայգիներում և ժամանցի վայրերում մանկահասակ երեխաների համար, բացի ատրակցիոններից և կարուսելներից, մեծ հետաքրքրություն են ներկայացում նաև փոքր ավտոմեքենաները, որոնք սովորաբար վարում են իրենք` երեխաները: Խոսքը վարձակալությամբ տրվող մեքենաների մասին է, որոնց պահանջարկը բավական մեծ է: Ի դեպ, մանուկների համար նախատեսված այս ծառայությունն արդեն դարձել է եկամտաբեր բիզնես, որից առավելագույն շահույթ ստանալու լավագույն շրջանը հենց ամռան ամիսներն են: Եթե, օրինակ, մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներում, մասնավորապես, Հանրապետության հրապարակում և օպերայի հարակից տարածքում երեխաներին մատուցվող այս ծառայությունն արժի 300 դրամ մեկ փոքր պտույտի դիմաց, ապա սեզոնային գործոնով պայմանավորված` հանգստյան գոտիներում դրանց վարձակալման գինը հասնում է մինչև 500 դրամի: Խոսքը, մասնավորապես, Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում գործող նման ծառայությունների մասին է: Եվ եթե հաշվի առնենք, որ Ծաղկաձորն այսօր, զբոսաշրջային կենտրոն հռչակվելով, մեծ վարկանիշ ունի տեղացի թե օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում, ապա հասկանալի է, որ այս գործոնը չարաշահելով` այս ընթացքում որոշ մարդիկ կփորձեն գերշահույթներ ստանալ այս փոքր ծառայության դիմաց:

Ծաղկունյաց հրապարակում, որն այս օրերին միշտ բազմամարդ է հատկապես երեխաներով, նման ավտոմեքենա վարել ցանկացող մանուկների մեծ հերթ է գոյանում: Վճարունակ ծնողների երեխաները, բնականաբար, հնարավորություն ունեն մի քանի անգամ մեքենա նստելու, իսկ անվճարունակները ստիպված, ընդդիմանալով երեխայի ցանկությանը, նրանց հեռացնում են հրապարակից: Սակայն այստեղ հարցն այն է, որ ցանկացած ծառայություն պետք է գոնե ինչ-որ չափով գնային իր հիմնավորումն ունենա: Այդ ավտոմեքենաները պատկանում են տարբեր անհատ ձեռնարկատերերի, որոնք գնել են որոշ խմբաքանակ և պայմանագրային կարգով հանձնել վարձակալության: Այդ մանկական ավտոմեքենաները ամենուր վաճառվում են 25-60 հազար դրամի սահմաններում` կախված շարժիչի և մարտկոցի հզորությունից: Իհարկե, որոշ երեխաների համար անմատչելի է դրանք գնելը, բայց և կրկնակի անմատչելի է շատ կարճ պտույտի համար 500 դրամ վճարելը: Եվ որոշ մարդիկ, օգտվելով այն հանգամանքից, որ Ծաղկաձորը զբոսաշրջային կենտրոն է, այցելուներն էլ` օտարերկրացիներ,  սահմանել  են բարձր գին` «մոռանալով», որ նույն այս քաղաքի տեղաբնակների, ինչպես նաև շրջակա գյուղերի բնակիչների համար երեխայի մի կարճ պտույտի համար նման գումար շռայլելը, անշուշտ, դժվար է: Բավական թանկ արժեն նաև չափահասների համար նախատեսված վառելիքով շարժիչով արագընթաց ավտոմեքենաները, մեկ պտույտը` 3-5 հազար դրամ:

Ինչպես պարզվեց Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակիցների հետ մեր զրույցից, ի զարմանս մեզ, միայն մենք չէինք հետաքրքրված այն խնդրի պարզաբանմամբ, թե արդյոք չկա՞ այս ծառայությունների գնային քաղաքականության վրա ազդելու մեխանիզմ: Նրանց խոսքով` իրենք օժտված չեն այս ոլորտի կարգավորման իրավասություններով և ուղղորդեցին դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Այս կառույցի աշխատակիցները, որքան էլ սպասելի էր պատասխանը, նշեցին, որ իրենք իրավասու են տեսադաշտում պահել միայն գերիշխող դիրք ունեցող գործարարներին, այլ ոչ ֆիզիկական անձանց կամ ձեռնարկատերերին: Լրատվական բաժնի աշխատակիցը խորհուրդ տվեց այս հարցով դիմել համապատասխան ոլորտի իրավասու կառույցին` հարկային տեսչությանը:

Հետաքրքիր էր, թե արդյոք այդ գործունեությունը ծավալող անձինք բարեխղճորեն կատարո՞ւմ են հարկային պարտավորությունները, կամ ընդհանրապես ծառայության դիմաց սահմանված վճարին համապատասխա՞ն են հարկային վճարներ կատարում: Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան բաժնի աշխատակիցներից մեկը այս հարցի կապակցությամբ միայն նշեց, որ իրենք իրավունք չունեն հայտնելու, թե այս կամ այն հարկատուն որքանո՞վ է բարեխիղճ կամ հակառակը: Իսկ գնային քաղաքականության առումով շուկան բաց է, հետևապես ինքն է գին թելադրողը:

Փաստորեն, այս ոլորտը կարգավորող ոչ մի կառույց ի հայտ չեկավ, իսկ դաշտն այնքան բարձիթողի վիճակում է, որ յուրաքանչյուր ոք կարող է իր փոքրիկ բիզնեսն ունենալ և պիկ ժամանակաշրջանում խոշոր շահույթներ կորզել: Ուստի այս հարցում հանրությունը ինքը պետք է փորձի միջամտել և նվազեցնել մատուցվող ծառայությունների գինը:

Լ.Ն.

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply