Խորհրդարանում բուռն քննադատության արժանացավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 15:52

Այսօր խորհրդարանում բուռն քննարկման թեմա դարձավ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը: Կառավարության անունից օրենքների փաթեթը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Նշենք, որ 2014 թ. ներդրվելու է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը նախատեսում է պարտադիր կուտակային բաղադրիչ: Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը հետեւյալն են.
1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500.000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500.000 դրամը, պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից.

3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6.000.000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին), որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6.000.000 դրամը, պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ համակարգը ենթադրում է նաև ստվերային աշխատավարձերի նվազում: «Այդ ժամանակ աշխատողն իր գործատուին կասի` մի թացրու իմ աշխատավարձը, կամ էլ, եթե թաքցնում ես, գոնե քիչ թաքցրու, որովհետև ես այդ միջոցներից կուտակումներ եմ անելու, բանկային համակարգի հետ եմ առնչվելու»,-բացատրեց փոխնախարարը:

Նշենք, որ համակարգը պարտադիր է համարվում 40 տարեկանից ցածր քաղաքացիների համար, իսկ 40-ից բարձր քաղաքացիները կարող են օգտվել կամավոր: «Շատերը կարող են համակարգին միանալու ցանկություն հայտնել, քանի որ այն բավականին ապահով է, խաղի կանոնները բավականին կոշտ են»,-ասաց Արամյանը:
Սակայն նշենք, որ խորհրդարանում համակարգի պարտադիր ներդրումը բավականին կոշտ քննադատության արժանացավ խորհրդարանական ընդդիմության կողմից: Մասնավորապես ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը բարձրացրեց երաշխիքների հարցը և կասկած հայտնեց, որ համակարգը կաշխատի:

Բուռն քննադատության արժանացավ նաև հիմնական և հարակից զեկուցողների այն հայտարարությունը, որ համակարգը մշակվել է հիմնականում Չիլիի և Էստոնիայի փորձի հիման վրա: Բագրատյանը խորհուրդ տվեց Էստոնիայի հետ ընդհանրապես չհամեմատվել` նշելով, որ այդ երկրի ՀՆԱ-ն 5 անգամ ավելին է Հայաստանի ՀՆԱ-ից: Բագրատյանն առաջարկեց կիրառել կամավոր կուտակային համակարգը: «Համակարգի ներդրման անընդհատ հետաձգումը բարդ է, ամբիցիոզ, արկածախնդրային,-ասաց նա,-պարտադիր սխեմաների կիրառումն այսօրվա եվրոպական շատ երկրների ճգնաժամի հետևանքն է: Համակարգը Ռուսաստանում էլ չի կայացել, առ այսօր ռուս հանրահայտ տնտեսագետներն ասում են, որ այդ բարեփոխումները չեն ստացվել»:

ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը հատկապես վրդովված է համակարգում նախատեսված այն մեղանիզմից, որ ակտիվների կառավարիչները պետք է որոշեն, թե որտեղ են օգտագործելու քաղաքացիների գումարները. «Ղալա´թ կանեն,-ասաց Վարդանյանը,-թող կառավարությունն ինձ երաշխիքներ տա, թվեր ասի, ընդ որում ոչ թե 23 տարվա, այլ 5 տարվա կտրվածքով: Սա քաղաքական պատասխանատվության խնդիր է: Այսօրվա ֆինանստիստներն իրենց կարճաժամկետ խնդիրները լուծելու են և գնան: Այսպիսի անպատասխանատվություն երկրի և ժողովրդի առաջ չի´ կարելի անել:»

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ պարտադիր կուտակային համակարգը երկիրը տանելու է սնանկացման և այդ եզրահանգման եկած երկրների օրինակներ բերեց: «Բա որ ինֆլյացիան 10 տոկոս դարձավ, ի՞նչ եք անելու: Ամբողջ բյուջեն էլ չի հերիքի փոխհատուցում տալու համար»,-ասաց նա:

Նա առաջարկեց ներդնել պայմանական կուտակային համակարգ, գումարները ներդնել ՀՀ ռազմավարական ոլորտներ, որոնք ապահովելու են Հայաստանի տնտեսական զարգացումը և համոզմունք հայտնեց որ իր առաջարկած մոդելը չի բերի ֆինանսական շուկայի ռիսկերի:

Իսկ ընդհանրապես, Արծվիկ Մինասյանը կարծում է, որ սա այն հարցն է, որը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply