Հայ-իրաքյան հարաբերությունները` նոր հարթության վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 15, 2012 14:00

Երկու երկրները ցանկություն են հայտնել տնտեսական ոլորտում համագործակցելու

Հայաստանը, լինելով թե՛ ներմուծող, թե՛ արտահանող երկիր, տնտեսական ոլորտում բազմաթիվ գործընկերներ ունի: Ընդ որում, ամենախոշոր գործընկեր երկիրը, որի հետ Հայաստանը դարավոր բարեկամ է, Ռուսաստանն է, որտեղից և իրականացվում է ամենամեծ ապրանքաշրջանառությունը: Բացի ՌԴ-ից, մեր երկիրը տնտեսական ոլորտում լուրջ գործընկեր է նաև Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, ինչպես նաև եվրոպական երկրների հետ: Հայաստանի համար այս ոլորտում բավական հեռանկարային կարող է լինել նաև Իրաքի Հանրապետության հետ համագործակցությունը: Հարկ է նշել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը դեռևս շատ տարիներ առաջ է սկսվել: 2007-2010 թթ. ընթացքում երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 0,7 մլն դոլար. արտահանումը` 0,6 մլն, ներմուծումը` 0,1 մլն դոլար: Նախորդ տարի Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալները կտրուկ աճել են` հասնելով 19,8 մլն-ի: Այս ցուցանիշի մեջ էական դեր է զբաղեցրել ներմուծումը` 14,9 մլն դոլար, մինչդեռ արտահանումը` 4,9 մլն դոլար: Հետաքրքիրն այն է, որ Իրաքի Հանրապետությունը մեր երկիրը դիտարկել է տնտեսապես շահավետ երկիր և պատրաստ է համագործակցելու հայ գործարար շրջանակների հետ և ավելացնելու ապրանքաշրջանառության ծավալները:

2011 թ. Հայաստանից Իրաք է արտահանվել հիմնականում ծխախոտ և ծխախոտի փոխարինողներ, որը կազմել է 84,9 տոկոս, սև մետաղներ` 14,1 տոկոս: Իսկ Իրաքից ներմուծվել են հանքային վառելանյութեր, նավթ, նավթամթերք, բիտումային միջոցներ, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ:

Այս մասին թերևս փաստում են ոչ միայն թվերը: Վերջերս պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած 35 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Իրաքի գերատեսչությունների ղեկավարներ: Նրանք, ծանոթանալով մեր երկրի տնտեսական հնարավորություններին, հայտնել են այդ ոլորտում համագործակցելու իրենց պատրաստակամությունը: Իրաքը, լինելով հարևան խոշոր երկիր, ունի զարգացման լուրջ ծրագրեր, հզոր շուկա և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայ արտահանողների համար, հատկապես արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարծիք է հայտնել, որ պատվիրակության այցը և ներկա հանդիպումը նոր հնարավորություններ կստեղծեն թե՛ հայաստանյան ընկերությունների, թե՛ իրաքցի գործընկերների համար` ծանոթանալու ՀՀ տնտեսական հնարավորություններին, մասնավորապես ներդրումների և արտահանման ոլորտներում:

Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը ևս հայտնել է իր ոգևորությունը մեր երկրի հետ տնտեսական կապերը խորացնելու կապակցությամբ և ասել, որ մեր ժողովուրդները վաղեմի բարեկամներ են, իսկ պետությունները հին հարաբերություններ ունեն, որոնց հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից:

Գործարար պատվիրակության հետ հանդիպել է նաև Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` հյուրերին ներկայացնելով մեր երկրի տնտեսական իրավիճակը: Նրա հայտնած տվյալներով` մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի բավական մեծ աճ. 2011-ին այն կազմել է 4,6 տոկոս, իսկ 2012-ին նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 7 տոկոսի: Աճը պայմանավորված է տնտեսության դիվերսիֆիկացմամբ: Բարձր ցուցանիշներ են արձանագրվել առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: 2011-ին սղաճի մակարդակը հնարավոր է եղել պահպանել 4,7 տոկոսի շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա գործակալության տնօրենի խոսքով` նախորդ տարի այդ ցուցանիշը հնարավոր է եղել կրճատել, ի տարբերություն ճգնաժամային ժամանակաշրջանի: Օտարերկրյա ներդրումների առումով ևս նախորդ տարի այս ոլորտում աննախադեպ աճ է արձանագրվել, 2007-2011 թթ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1 մլրդ դոլար: Հիմնական ներդրումներ կատարած երկրներից գերագույն բաժինը դարձյալ կազմում է ՌԴ-ն, սակայն Ռ.Հարությունյանի խոսքով` հետզհետե ընդլայնվում է ներդրումների աշխարհագրությունը` ներառելով եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը:

Այցի ընթացքում իրաքցի գործարարները ցանկություն են հայտնել հանդիպել նաև հայ գործարարների հետ և այցելել գործարաններ:

Լ.Ն.

 

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply