Որքանո՞վ է իրական նոր աշխարհաքաղաքական առանցքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 18, 2012 7:00

Ժամանակին արևմտյան քաղաքական մտքի հսկաներից մեկը` Զբիգնև Բժեզինսկին, իր «Շախմատի մեծ խաղատախտակ» աշխատությունում նշել էր աշխարհի նոր վերաբաժանման և միջազգային հարաբերությունների տիրույթում նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Այդ հայտնի աշխատության մեջ միջազգային հարաբերություններում շահերի բախման կիզակետերից մեկը համընկնում էր մեր և մեզ հարող տարածաշրջանների` Մերձավոր Արևելքի հետ:

Եթե հաշվի առնենք, որ քաղաքական մտքի այս ներկայացուցչի տեսակետները դարձել և դառնում են Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական գործողությունների կարևոր նախահիմքերից ու գաղափարներից, կարելի է փաստել, որ երրորդ աշխարհամարտը վաղուց արդեն սկսված է, և այժմ մեր տարածաշրջանում իրականացվում են այն գաղափարները, որ Զբիգնև Բժեզինսկին նշել էր իր աշխատության մեջ:

Այժմ դիտարկենք այս ենթադրությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Ամեն ինչ սկսվեց Իրաքից և Աֆղանստանից, երբ ՆԱՏՕ-ի զորքերը, միջազգային ահաբեկչությունը ճնշելու պատրվակով, մտան այդ երկրներ: Այնուհետև` մի որոշ ժամանակ անց, սկսվեց «արաբական գարուն» կոչվող տենդը, որը սկզբում շատ արագ տարածվեց հյուսիսաֆրիկյան երկրներում: Այս շարժումը ոչ այլ ինչ էր, քան դեռևս նախկին Խորհրդային Միության, իսկ այժմ արդեն Ռուսաստանի պահպանվող ազդեցության գոտում գտնվող երկրների դուրսբերումն այդ ազդեցությունից: ժողովրդավարության տարածման քողի ներքո Արևմուտքը «ավերեց», օրինակ, Լիբիան, Եգիպտոսը և այլն, ու հայտնի չէ, թե այս երկրներում ժողովուրդը դեռ ինչքան կչարչարվի նախկին կայունությունը վերականգնելու համար:

Այնուհետև Արևմուտքը փորձեց «արաբական գարունը» հասցնել Մերձավոր ու Միջին Արևելք:

Իրանի դեմ սկսված քարոզչական, տնտեսական ու քաղաքական դեմարշն էլ դրա վառ ապացույցն է: Այստեղ էլ Արևմուտքը փորձեց գործադրել արդեն հին ու օգտակար գործելաոճը` Իրանը հայտարարել որպես հակաժողովրդավարության օրրան, ահաբեկչության օջախ, աշխարհի անվտանգությանը սպառնացող չարագործ, այնուհետև նրա դեմ սկսել քաղաքական ճնշումներ, չհաջողվելու դեպքում` տնտեսական, իսկ դրա չստացվելու դեպքում էլ` արդեն անմիջական ռազմական ներխուժում:

Այժմ Իրանի դեմ մնում է կիրառել միայն վերջին տարբերակը, քանի որ նախորդ բոլոր մեթոդներն արդեն իսկ անպտուղ փորձարկվել են այստեղ:

Իրանի դեմ կամպանիայի հենց սկզբից փորձագիտական հանրույթը նշեց Սիրիայի մասին, որ մինչև Արևմուտքը չչեզոքացնի Սիրիան, չի կարող Իրանի դեմ ոչինչ ձեռնարկել: Ու համաշխարհային շահերի բախման կիզակետը տեղափոխվեց Սիրիա: Փորձագետները մեր ու նրան հարող տարածաշրջաններին վերաբերող վերլուծություններում արդեն իսկ նշել են Ռուսաստանի կարևոր կեցվածքի մասին: Այստեղ տեղի ունեցող պրոցեսները, նրանցից շատերի կարծիքով, ուղղված են հենց Ռուսաստանին ու նրա դերի թուլացմանը: Ռուսաստանում էլ սա շատ լավ հասկանում են` դատելով ռուսական պետական ապարատի գործողություններից և փորձագիտական տեսակետներից:

Ասուլիսներից մեկի ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշել էր, որ Սիրիայում

Ռուսաստանը վերջին ճակատամարտն է տալիս, որովհետև Միջերկրական ծովում այլևս ռազմական հենակետ չի ունենա, և ռուսական ցարերի երազանքը` լինել տաք ջրերում, կփակվի ընդմիշտ:

Անդրադառնանք մի կարևոր երևույթի, որ փորձագիտական հանրույթում տարբեր տեսակետներ է առաջացրել: Արդյոք այսօր Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի գերիշխանության դեմ ձևավորվո՞ւմ է նոր բևեռ, թե՞ դա ուղղակի երևակայություն է:

Որովհետև թե՛ Սիրիայի, թե՛ Իրանի հարցերի շրջանակներում միջազգային հարթակներում խաղաքարտերը դասավորվում են այնպես, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն միշտ հանդես են գալիս այս երկրների դեմ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը միշտ դեմ են արտահայտվում այդ դիրքորոշմանը: Եվ հարց է առաջանում. արդյոք առաջացե՞լ է Թեհրան-Մոսկվա-Պեկին ռազմաքաղաքական առանցքը, թե՞ ոչ:

«Կարծում եմ` այդ հարցում որևէ պրոցես տեղի չի ունենում: Ես դրա հետ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև միավորման առանցք գոյություն չունի: Եվ չի էլ կարող առաջիկայում ձևավորվել, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և լատինամերիկյան երկրները տարբեր շահեր ու նպատակներ ունեն: Ինչպե՞ս կարող է Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական առանցք ձևավորվել: ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ին դիմակայելու համար միասնական ճակատ չի կարող լինել, որովհետև դրա համար անհրաժեշտ գաղափարական հենք չկա, յուրաքանչյուրն ունի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունն ու նպատակները: Եվ նման պատկերացումները, կարծում եմ, սառը պատերազմի շրջանի արձագանքներն են: Հիմա աշխարհն այլ է: Կարող են ժամանակավոր դաշինքներ լինել, ինչպես Ռուսաստանի և Չինաստանի միջև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս որպես ռազմաքաղաքական կամ գաղափարական դաշնակիցներ»,- ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

իհարկե, սառը պատերազմի տարիներին աշխարհաքաղաքական միավորումները ստեղծվում էին նաև գաղափարական հենքի վրա, կամ գոնե այդպես էր հայտարարվում: Եվ շատերը հավատացած էին, թե կոմունիզմը պայքարում էր կապիտալիզմի դեմ: Իսկ մի՞թե միայն գաղափարական միությունից են ծնվում ռազմաքաղաքական դաշինքները, և արդյոք բացառվա՞ծ է ընդհանուր հակառակորդի դեմ միավորվելու գործոնը:

«Արդեն որոշակի առումով ակնհայտ է դառնում, որ Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ փորձում է ներգրավվել հականատօյական ինչ-որ միավորում, ասենք, դաշինք կամ կառույց ստեղծելու, կամ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Որովհետև Արևմուտքի հակաիրանական քաղաքականությունն ի վերջո վնաս է Ռուսաստանին և,  վերջին հաշվով, նաև Չինաստանին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով: Եվ ինքնուրույն երկարաժամկետ դիմակայել այդ բոլոր ճնշումներին, բնականաբար, Իրանն ի վիճակի չէ: Դրա համար էլ Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի դեմ ինչ-որ բանաձև ընդունելիս վետո են դնում կամ դեմ են քվեարկում, խանգարում են այդ բանաձևին: Այսինքն` Իրանն այդ ճակատում միայնակ չի գործում: Իմ կարծիքով` Թեհրան-Մոսկվա-Պեկին առանցքը որոշակի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունի: Ու ոչ միայն Թեհրան-Մոսկվա-Պեկին, չմոռանանք նաև Թեհրանի լավ հարաբերությունները լատինամերիկյան որոշ երկրների հետ, որոնք դեմ են ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: Այսինքն` գուցե այդ առանցքը պաշտոնապես գոյություն չունի, ինչ-որ սահմանումների մեջ չի մտնում, բայց գոյություն ունի իրականում և գործում է»,- տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Այս առումով կարևոր է, թե «Շախմատի մեծ խաղատախտակի» մեր հատվածում ի՛նչ տեղ կզբաղեցնի Հայաստանը և ի՛նչ ֆիգուրի տեսքով: Ուզենք թե ոչ, ընդունենք թե ոչ` այդ խաղատախտակի վրա խաղը սկսված է: Եվ եթե նույնիսկ վերոհիշյալ առանցքը դեռ չի ստեղծվել կամ չի կայացել, ապա անշուշտ կստեղծվի: Համենայն դեպս, դա է վկայում նաև Ռուսաստանի նախաձեռնությունը` ստեղծել Եվրասիական միություն: Ասել է թե` Ռուսաստանը գիտակցում է, որ չի կարող միայնակ հանդես գալ եվրաատլանտյան միավորումների դեմ, ուստի նա էլ իր հերթին է «թիմ հավաքում»: Ու Հայաստանը կանգնած է բարդ ընտրության առջև` ո՞ր թիմի կազմում հանդես գալ, առավել ևս, որ չեզոք «մրցավարի» դերում հանդես գալու ռեսուրս և կշիռ, ցավոք, դեռ չունի:

 

 

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply