ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ. հայ բարեգործության առաջին տաճարը…
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | September 19, 2012 7:00
Հայ ժողովուրդը բարեգործների պակաս երբեք չի ունեցել: Աշխարհին հայտնի անուններ են` Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց, Պողոս Նուբար փաշա…
Սակայն եթե այլ դեպքերում մեծ բարեգործի մահից հետո նրա գործը, որպես կանոն, շարունակող չի լինում, այլ է Պողոս Նուբարի պարագան. նրա հիմնած Հայկական բարեգործական ընդհանուր միությունը փաստորեն դարձավ հայ բարեգործության առաջին տաճարը…
Մեծագույն բարեգործ լինելուց զատ` նա միաժամանակ գյուտարար էր, գործարար, դիվանագետ… բայց, սկսենք արմատներից:
Նուբարյանների ընտանիքը ծագումով Արցախից է: Պողոս Նուբարի պապը` Մկրտիչ Մելիքյանը, վաճառական էր: Նա մեծ կարողության տեր էր և որդուն` Նուբար Նուբարյանին (1825-1899), կրթության է տվել Եվրոպայում: Նուբարը դպրոց է հաճախել Շվեյցարիայում: Նրա դասընկերն էր Ֆրանսիայի ապագա կայսր Նապոլեոն Գ-ն: Մեծ հարստություն կուտակելով և բարձրանալով պաշտոնական աստիճանասանդղակով` Նուբար Նուբարյանը հետագայում դարձավ Եգիպտոսի վարչապետ: Հասարակական բարձր դիրքի հասնելով` Նուբար Նուբարյանը չմոռացավ և չուրացավ իր ծագումը: Կյանքի մայրամուտին նա խոստովանել է. «Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց, որ հայ եմ: Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարևոր գործերն էին»: Հոր արժանի հետնորդն էր որդին…
Պողոս Նուբարը ծնվել է 1846 թ. օգոստոսի 2-ին Կոստանդնուպոլսում: Նա էլ է ուսանել Եվրոպայում. նախ` Շվեյցարիայում, ապա` Փարիզի Կենտրոնական դպրոցում` ստանալով ճարտարագիտական կրթություն: Ստանալով մասնագիտական որակավորում` Պողոս Նուբարը սկզբնական շրջանում աշխատել է Ֆրանսիայում` նախ հանքերում որպես ճարտարագետ, ապա նաև երկաթուղում` այնտեղ կիրառելով իր մի քանի նորարարությունները: Այնուհետ Պողոս Նուբարը տեղափոխվել է Եգիպտոս և հոր զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրել. նախ եղել է Եգիպտոսի երկաթուղիների ընդհանուր տնօրենը, ապա` Ալեքսանդրիայում գտնվող Անգլիական երկրագործական ընկերության տնօրենը: Սակայն դրանով չի սահմանափակվել Պողոս Նուբարի աշխատանքային ոլորտը: Նա երկրագործությունից զատ զբաղվում էր շինարարությամբ, տրանսպորտով, ջրամատակարարման համակարգերով և այլն… Եգիպտոսում մի քանի խոշոր ձեռնարկությունների հիմնադրման նախաձեռնողն ու այդ ձեռնարկությունների ղեկավարն էր:
Պողոս Նուբարի մասին, ցավոք, քչերը գիտեն, որ նա նաև գյուտարար էր: Դեռևս 1900 թ. նա Փարիզի միջազգային ցուցահանդեսում ոսկե մեդալ մրցանակի և Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած մեխանիկական գութանի (տրակտոր) համար: Մեծ հայորդին հետագայում ևս մի քանի եվրոպական մրցանակների է արժանացել իր գյուտերի համար: Մասնավորապես, 1906-ին Միլանի ցուցահանդեսում ոսկե մեդալ է նվաճել, տարբեր տարիներին պետական պարգևների արժանացել Թուրքիայի, Եգիպտոսի, Բելգիայի կառավարությունների կողմից:
Քաղաքագետ լինելուց զատ Պողոս Նուբարը հայտնի է նաև որպես մեծագույն բարեգործ: Անհնար է թվարկել նրա բարեգործությունների ամբողջ ցանկը, բայց համառոտ ներկայացնենք մի քանիսը:
1904 թ. Պողոս Նուբարը ջարդերից տուժած Տարոնի բնակչությանն է տրամադրել 300 ոսկի: Ալեքսանդրիայի Աղքատախնամ հանձնախմբին ամեն տարի տրամադրում էր 100 ոսկի, ամեն տարի նույնքան ոսկի էր տրամադրում «Արև» օրաթերթին: Էջմիածնի կաթողիկոսությանը տրամադրել է 1000 ռուբլի, Կահիրեի Գալուստյան վարժարանի շինարարության համար` 16.000 ֆունտ ստեռլինգ: 1909 թ. Ադանայի ջարդերի աղետյալներին տրամադրել է 20.000 ոսկի, Հելիոպոլսի Նուբարյան վարժարանին` 4000 ոսկի, Բրյուսելում հիմնել է «Հայ ուսանողական Նուբարյան հիմնադրամը»` տրամադրելով 26.000 ոսկի: Հիմնել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, էական աջակցություն ցուցաբերել 1926 թ. Գյումրու երկրաշարժից տուժածներին, Փարիզում բացել է Նուբարյան մատենադարանը: Օքսֆորդի համալսարանում 4000 ոսկի ներդրումով հիմնել է հայագիտության ամբիոնը: Կնոջ մահից հետո` 1930 թ., 15.000 ոսկի է նվիրաբերել` Երևանում «Մարի-Նուբար» ակնաբուժարանի կառուցման նպատակով…
1906-ին հայ մտավորական Երվանդ Աղաթոնի առաջարկով Պողոս Նուբարը հիմնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (Armenian General Benevolent Union): Ասել, թե դա հաջողված ձեռնարկ է, կնշանակի ոչինչ չասել ՀԲԸՄ-ի մասին: Իրականում այն հայ իրականության լավագույն ազգապահպան կառույցն է, որ երբևէ եղել է: Հայոց իրականության մեջ բարեգործությունը հազարամյակների պատմություն ունի: Պողոս Նուբարի այս նախաձեռնության նպատակը համահայկական նշանակություն ունեցող հարցերը կարգավորելը, միասնաբար լուծելն էր: Հավելենք նաև, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համահայկական առաջին կառույցն է հայ իրականության մեջ:
1914-ից Պողոս Նուբարը ընտանիքով հաստատվեց Փարիզում:
Պողոս Նուբարն իր ձեռնարկներով այնքան սիրելի էր հայ ժողովրդին, որ ժողովուրդը նրան «փաշա» անունով մեծարեց:
Նա միաժամանակ սիրված ամուսին էր: Պողոս Նուբարի կինը` Մարի Նուբարը, Պոլսի հայկական նշանավոր Տատյան գերդաստանից էր: Նա նուրբ ու քնքուշ հոգու տեր էր, ով իր բարեգործություններով հետ չէր մնում ամուսնուց: Մարի Նուբարի բարեսրտության և բարեգործությունների մասին ժամանակակիցները բազում պատմություններ են ավանդել: Նրանց գեղեցիկ սիրո պատմության վկայությունն է պահպանված նամակագրությունը, որում ամփոփված են միմյանց անսահմանորեն սիրող զույգի գողտրիկ ու քնքուշ զգացումները:
Հայ ժողովրդի համար ամենաբախտորոշ ժամանակահատվածում Պողոս Նուբարն իրեն նետեց քաղաքական հորձանուտ. Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակներ էին: Ցեղասպանությունից մազապուրծ հայության բեկորները ապաստանել էին Արևելյան Հայաստանում: Պատերազմը, սովը, ավերածությունները, համաճարակները հնձում էին մարդկանց: Եվրոպական պետությունները հայության խնդիրներին վերաբերվում էին` սոսկ իրենց գերպետական շահերից ելնելով: Դեռևս 1912-ին արևմտահայության շահերը պաշտպանելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի նախաձեռնությամբ կազմվում է Ազգային պատվիրակություն` քաղաքական ներկայացուցչական մարմին, որի խնդիրը հայության շահերի պաշտպանությունն էր: Ազգային պատվիրակության ղեկավար է նշանակվում Պողոս Նուբարը: Եվ Նուբարը գործի է անցնում: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող և հաջորդող միջազգային դիվանագիտական բոլոր վեհաժողովներում Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությունը ակտիվորեն պաշտպանում է հայության շահերը…
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պողոս Նուբարն իր օգնությունն առաջարկեց Խորհրդային Հայաստանի կառավարությանը: Նա առաջարկեց Երևանի շրջակայքում նոր գյուղ կառուցել` տրամադրելով 100 հազար ԱՄՆ դոլար: Երախտապարտ ժողովուրդն այն կոչեց իր զավակի անունով` Նուբարաշեն, որից հետո նա հանգանակեց ևս 300 հազար ԱՄՆ դոլար: Սակայն խորհրդային երախտամոռ կառավարությունը գյուղը 1937-ին անվանափոխեց Սովետաշեն:
Մեծ բարերարն ու մեծ հայը հոգին ավանդեց 1930 թ. հուլիսի 26-ին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
