Հայաստանում բեմադրվում են ընտրություններ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 14, 2012 7:31

Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք մարզերում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Դրանք իրենց նշանակությամբ ու աժիոտաժով, իհարկե, համապետական ընտրությունների պես չեն կարևորվում, բայց, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն ունեն տվյալ համայնքի բնակիչների համար:

Որպես կանոն` Հայաստանում ձևավորվել է մի «ավանդույթ», որ ընտրությունից ընտրություն մարդիկ ընտրապայքարի մասնակիցներից որոշակի ակնկալիքներ են ունենում: Ոմանք ակնկալում են փող, ոմանք` ինչ-ինչ հարցերի լուծում, ոմանք` առօրյա սոցիալ-կենցաղային խնդիրների կարգավորում: Ըստ էության, հիմնական հասցեատերը այն բոլոր հարցերի ու խնդիր-դիմումների, որոնցով, օրինակ` ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքացիները դիմում են թեկնածուներին, ՏԻՄ-երն են: Հենց տեղական ինքնակառավարման մարմիններին է վերապահված այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են` կոմունալ, աղբահանությանը, ջրամատակարարմանը, հասարակական տրանսպորտին, մանկապարտեզներին, դպրոցներին և այլնին վերաբերող հարցերի լուծումն ու խնդիրների կարգավորումը: Այսինքն` այն բոլոր ոլորտների, որոնց մարդն ամեն օր իր կենցաղում առնչվում է: Համենայն դեպս, այդպես է ամբողջ աշխարհում:

Իսկ Հայաստանում ՏԻՄ հարցերը մի փոքր այլ տիրույթում են: Օրինակ` դրանք իշխող քաղաքական մեծամասնության կամ ուժերի համար հարմար հենահարթակ են դեպի ԱԺ և նախագահական ընտրություններ: Իսկ ավելի ստույգ` «վարչական ռեսուրսներ» և «իշխանական լծակներ» կոչվող գործիքներն այդ ընտրությունների ժամանակ կիրառվում են հենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այսինքն` բոլոր ընտրախախտումները, ընտրական տեխնոլոգիաների «նորույթները» գործադրվում են անմիջապես համայնքներում` տեղի մանր իշխանիկների ձեռամբ: Այս առումով, իհարկե, Հայաստանում կարևորվում են հենց սեպտեմբերի 9-ին հանրապետության 5 մարզերում կայացած և սեպտեմբերի 23-ին ու 30-ին կայանալիք ընտրությունները: Այս ՏԻՄ ընտրություններն անցկացվում են նախագահական ընտրությունների նախաշեմին ու առավել են ընդգծում իրենց նշանակությունը` այդ ընտրապայքարի անցկացման ընթացքի ու մեթոդների, հետևաբար նաև` արդյունքի համար: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները պետական իշխանությունների համար միշտ և ամենուր նորամուծությունների համար իդեալական փորձադաշտ են. կայացած ժողովրդավարական հասարակություններում` դրական իմաստով, չկայացած ժողովրդավարությամբ ու տոտալ ապօրինություններից չձերբազատված երկրներում` իհարկե, նոր ընտրախախտումներ «մոգոնելու» իմաստով:

Ուստի դիտարկենք, թե ինչ կարևոր դասեր տվեցին սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններն առաջիկա նախագահական ընտրությունների համար:

Ըստ ԿԸՀ տվյալների` ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 5201 թեկնածու, որոնցից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել 412-ը: Այսպիսով` քվեաթերթիկներում կար 4789 թեկնածուների անուն:

Կայացած ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրվել էր 3, «Ժառանգությունից»` 8, ՀՀԿ-ից` 1444, ՕԵԿ-ից` 64, ՀՀՇ-ից` 18, ՀՅԴ-ից` 101 և ԲՀԿ-ից` 304 թեկնածու:

Դատելով այս պատկերից` արդեն պարզ է դառնում, թե Հայաստանում ո՛ր քաղաքական ուժերն են պատրաստվում նախագահական ընտրություններում վճռական ընտրամարտի ելնել:Դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: ՀՀՇ-ն հույսը դրել է ոչ թե համայնքային մակարդակից իշխանափոխության վրա, այլ կհետևի նախորդ նախագահական ընտրությունների փորձին, իսկ «Ժառանգությունը» դարձյալ չի կողմնորոշվել, թե ի՛նչ է ուզում և ինչպե՛ս:

Ակնհայտ է, որ տեղական մակարդակում իշխանություն ունենալուն ամենալուրջը վերաբերվում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ու սա հետաքրքիր է դառնում նաև այն պարզ պատճառով, որ որոշ համայնքներում ԲՀԿ թեկնածուներին սատարելու հայտարարություն արեց ՀՀԿ-ն: Սա, ինչպես նշել էր ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, քաղաքական իմաստով բավական հետաքրքիր ազդանշան էր.

ՀՀԿ-ն դրանով, փաստորեն, ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի հետ ունեն համագործակցության որոշակի եզրեր:

«Դա ազդանշան էր նաև ԲՀԿ-ի կողմից, որ նրանք պատրաստ են ընդունելու և բռնելու իրենց պարզված ձեռքը: Սակայն այն, որ ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարել էր, որ իրենք ՀՀԿ-ական թեկնածուներին չեն սատարելու, նշանակում էր, որ ԲՀԿ-ում դեռևս կան տարակարծություններ` կապված համագործակցության հնարավորության, եթե ոչ խնդրի հետ»,- ասաց Մարկարովը:

Ըստ քաղաքագետի` քանի որ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին ավելի շատ խոսում են մակրոմակարդակի` համապետական ընտրությունների ժամանակ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ դեռ հնարավոր չէ ներկայացնել վերջնական դիտարկումներ կամ որոշումներ` կապված քաղաքական պայքարի հետ:

Եվ եղավ այն, ինչ եղավ` այն համայնքներում, որոնցում ՀՀԿ-ն հայտարարել էր ԲՀԿ թեկնածուներին սատարելու մասին, չնայած ուժեղ մրցակիցների առկայությանը և ԲՀԿ-ի անմրցունակ ու հեղինակազրկված թեկնածուներին, հենց նրանք էլ «ընտրվեցին»: Վառ օրինակներն են Գյումրին ու Սիսիանը: Իսկ Կապանում ՀՀԿ թեկնածուն մնացել էր անմրցակից, քանի որ սպառնալիքների և տարբեր մակարդակի ճնշումներին սեփական թիմին չենթարկելու մտայնությամբ, ինչպես հայտարարել էր Կապանի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանըն նա ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:

Գյումրում, ինչպես հաղորդեց Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքը, քաղաքում գործող տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր ստացվեցին` դրոշմակնիքներն անհետանում են քվեարկությունից մի քանի րոպե անց: Նույն «տեխնոլոգիան», որ կիրառվեց ԱԺ ընտրությունների ժամանակ և «ջախջախիչ հաղթանակ» պարգևեց քաղաքական մեծամասնությանը, այժմ կիրառվում էր ԲՀԿ թեկնածուի համար` աջակցություն, ինչպես խոստացվել էր:

ՀՀԿ-ն ցանկանում էր «համագործակցել» ԲՀԿ-ի հետ` ուժի, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացավ որպես անհասկանալի այլընտրանք` չգիտես թե ում կամ ինչի համար: Ինչպես ՀՀԿ-ն իր մի շարք գործիչների բերանով ասաց` փոխգործակցությունը, կարծես, ստացվեց: Եվ արդեն պարզ ու ակնհայտ է, որ այդ «փոխգործակցության» պատասխանը ՀՀԿ-ն ակնկալում է նախագահական ընտրությունների ժամանակ:

Բայց մի վատ բան էլ ի ցույց դրեցին այս ՏԻՄ ընտրությունները, այն, որ Հայաստանում չկան ու առաջիկայում էլ չեն լինի իրական ու մաքուր ընտրություններ և ոչ մի մակարդակում` ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական և ո՛չ էլ տեղական ինքնակառավարման: Եվ որ համայնքների ղեկավարները ոչ թե ընտրվում են, այլ նշանակվում: Ու հարց է ծագում, թե ինչո՛ւ են ժամանակ առ ժամանակ ընտրություններ բեմադրվում: Իհարկե, շատերը միանգամից կասեն` միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար: Սակայն մեկ այլ կարևոր բան էլ կա` ընտրությունից ընտրություն համայնքներում մարդկանց հանում են իրար դեմ, թշնամացնում, հետևաբար, փոքրացնում նաև համախմբվելու հավանականությունը` «բաժանիր, որ տիրես» սկզբունքին հավատարիմ:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply