Խորտակված անուրջներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 13, 2012 15:26

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սոֆիայում անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում պարտվեց B խմբի ամենևին էլ ոչ ուժեղ թիմին` Բուլղարիայի ընտրանուն` 0:1 հաշվով: Մեր մրցակիցներից ակնհայտորեն ավելի հեղինակավոր են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հավաքականները: Այնպես որ, մերոնց համար ծանր խաղերն առջևում են:

Իսկ Սոֆիայում հաղթական գնդակը տանտերերից 44-րդ րոպեին մոտ տարածությունից մեր թիմի դարպասը խփեց Ստանիսլավ Մանոլևը: Փաստորեն, մերոնք գնդակ ընդունեցին սեփական դարպասը հանդերձարան գնալուց առաջ և հետագայում էլ չկարողացան փրկել դրությունը, խուսափել պարտությունից: Մինչդեռ, հնարավոր էր, որ այդ հաշիվն ավելի մեծ լիներ: Մասնավորապես, խաղավերջում մեր թիմին նոր անախորժությունից փրկեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն իր դեմ սուրացող մրցակցին դիմավորեց տուգանային հրապարակից դուրս և, բարեբախտաբար, գնդակը նրանից խլեց ոտքերի օգնությամբ` ձեռքով չխաղաց, հակառակ պարագայում կարող էր կարմիր քարտ վաստակել, ինչպես Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ և որակազրկվել:

Ցավոք, Հայաստանի հավաքականը կրկին չդրսևորեց լավ խաղ, որևէ «ձեռագիր»: Մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց դեպի մրցակցի դարպաս կատարել թեկուզ մեկ վտանգավոր հարված: Դժգույն տպավորություն թողեցին, իրենց ներուժը չդրսևորեցին Հայաստանի հավաքականի բոլոր օղակների ֆուտբոլիստները:

Թերևս, նաև մեր թիմի ավելի բարձրակարգ, փորձառու գլխավոր մարզիչ ունենալու խնդիրն էլ օրակարգային է դարձել: Մեր հավաքականն ակնհայտորեն լավ չէր նախապատրաստվել, ֆուտբոլիստների խաղային, ընդհանրապես կարգապահությունն էլ անհրաժեշտ մակարդակի վրա չէր: Ցավալի է, որ մարզադաշտից անիմաստ հեռացվեցին Հայաստանի հավաքականի փորձառու խաղացողներ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը: Փաստորեն, նրանք առնվազն չեն մասնակցի հոկտեմբերի 12-ին նախատեսված Հայաստանի և Իտալիայի հավաքականների երևանյան հանդիպմանը, որը կայանալու է «Հրազդան» մարզադաշտում:

Ընդ որում, հիմնականում այդ խաղի առիթով է վերանորոգվում պատմական մարզադաշտը: Թեև Իտալիայի հավաքականի կազմում մեծ թվով աստղեր են հանդես գալիս, սակայն երբ Հայաստանի հավաքականը դժգույն խաղ է ցուցադրում, հազիվ թե մարզասերները ցանկանան ազգային ընտրանու նոր անախորժությանը ներկա գտնվել, և շուրջ 55 հազար նստելատեղ ունեցող «Հրազդանը» դժվար լեցուն լինի ֆուտբոլասերներով: Հայաստանի հավաքականը, Մալթայի թիմի նկատմամբ մեծ ջանքերի գնով, վատ խաղով առավելության հասնելուց հետո, այժմ էլ, խմբային մրցաշարում առաջին պարտությունը կրելով, գրեթե հույսեր չի ներշնչում: Իսկ այս ամենը միայն տխրեցնում է:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է, որ իր «թիմն ընդհանուր թույլ էր»:

Սակայն դա համոզիչ չէ: Ինչպե՞ս է ստացվում, որ արտասահմանյան ակումբներում մեր առաջատար ֆուտբոլիստները բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում, իսկ հավաքականում անօգնական տեսք են ունենում, անհասկանալի է մնում:

Սոցիալական ցանցերում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անհաջող խաղը տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Դժգոհությունները մեծ են հատկապես թիմի վետերան, Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի խաղից, և շատերը պահանջում են, որ նա փառքով հեռանա հավաքականից, այլևս չխաղա: Մեղադրանքներ կան նաև Վարդան Մինասյանի հասցեին, որ նա ի վիճակի չէ իր գլխից վեր ցատկելու:

Ի դեպ, տարբեր երկրների ազգային հավաքականները բանիմաց, փորձառու մասնագետներ են գլխավորում, գործով քանիցս ապացուցած, որ կարող են օգնել թիմերին բարձր արդյունքների հասնելու: Ընդ որում, այդ մասնագետները շատ բարձր են վարձատրվում:

Թերևս, այս առումով է ձեռնտու, որ Մինասյանը գլխավորի մեր ընտրանին…

Հայաստանի հավաքականում կտրուկ քայլերն անխուսափելի են, թե ո՛վ կդառնա քավության նոխազ, պարզ չէ: Հայտնի է, որ անձնական պատճառներով առայժմ հեռացել է միայն Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը: Հոլանդացի մասնագետը լքել է զբաղեցրած պաշտոնը: Նա այս տարվա մայիսից էր համագործակցում Հայաստանի հավաքականի հետ:

Դիտվել է 1928 անգամ:
Print Friendly

Leave a Reply