«Առողջության» առարկայի թերի ուսուցում և նոր խաղ լողափին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 16, 2012 7:00

Երկու տարի առաջ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ լայնածավալ ուսումնասիրություններ էին կատարվել մայրաքաղաքի կրթօջախներում, որոնց մասնակցել էին նաև Հայաստանի ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ներկայացուցիչները: Նպատակը մեկն էր` բացահայտել, թե ինչպիսին է ֆիզկուլտուրայի և սպորտի դրվածքը Երևանի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում:

Ընդ որում, մասնագետները, երկար ժամանակ իրենց գործից կտրվելով, խմբերով լինում էին կրթօջախներում, ծանոթանում կատարվող աշխատանքին, բայց արդյունք գրեթե չեղավ: Ի վերջո, համապատասխան եզրակացությունները հանձնվեցին թղթին, իսկ Հայաստանի կառավարությանը, չգիտես ինչու, միայն ներկայացվեց այն վիճակը, որը տիրում էր դպրոցներում:

Ընդհանուր պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէր: Տարբեր կարգի թերություններ կային հաստատությունների գերակշիռ մասում: Թվում էր, թե մեծ ահազանգ կլինի, սակայն ամեն ինչ լռության մատնվեց: Իսկ փաստն այն է, որ այժմ անելիքներն ավելի շատ են: Մինչդեռ կարևոր է, որ վաղ հասակից պատանիները և աղջիկները «բարեկամություն հաստատեն» ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, համակողմանի զարգանան, առողջ ապրելակերպը սովորություն դարձնեն: Սակայն այդ ամենը սոսկ ցանկություն է մնում:

Ի դեպ, զգալի թվով կրթօջախների տնօրեններ մատների արանքով են նայում «առողջություն» առարկայի դասավանդմանը խոչընդոտող հիմնախնդիրներին:

Հայաստանի ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, այդ ուսումնասիրություններից հետո դրսևորված անտարբեր վերաբերմունքի հետ կապված, հայտնեց, որ բարձրացված խնդիրները հիմնականում առնչվել են ֆինանսների պակասին, և այդ է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը կտրուկ քայլերի չի դիմել: Խոստովանվեց, որ երկար ժամանակ է, ոչ բոլոր դպրոցների մարզադահլիճներն է հնարավոր լինում վերանորոգել, մարզագույքով կահավորել և այլն: Ինչ վերաբերում է թերացողներին կարգի հրավիրելուն, ապա նշվեց, որ գերատեսչությունը ստուգումներ անցկացնելու իրավասություն չունի, և միայն արձագանքում է այն դեպքերին, երբ բողոքներ են ստացվում:

Ինչ վերաբերում է մարզաբազաների բարեկարգման, մարզագույքով կրթօջախներն ապահովելու խնդրին, ապա Այվազյանը պարզաբանեց, որ ֆինանսների սղության պայմաններում կրթօջախներում փորձում են նպատակային օգտագործել այն միջոցները, որոնք հատկացնում են երեխաների ծնողները: Խոսքն ամենևին էլ դրամահավաքությանը չի վերաբերում, պարզապես, հնարավորություն ունեցող ծնողների մի մասն ամենայն աջակցություն է ցույց տալիս: Նշվեց, որ ֆիզիկական դաստիարակությունը դպրոցներում ակնհայտորեն թերի է, և նախարարության մասնագետներն էլ ֆիզդաստիարակության նոր ծրագիր են մշակել, որը վերջերս հավանության է արժանացել, ընդօրինակման ներկայացվել Ռուսաստանում կազմակերպված միջազգային մրցույթում, և այն փորձում են կիրառել, որպեսզի Հայաստանում վերացվեն ֆիզիկական դաստիարակության աշխատանքներում տեղ գտած բացթողումները: Դրական համարվեց, որ Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են դպրոցականների մարզական խաղեր, և դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է: Հայաստանում 2009-ին ստեղծվել է դպրոցականների մարզական ֆեդերացիա, որը 2011-ից Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է, իսկ 2013-ից Հայաստանի ներկայացուցիչները հանդես են գալու տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններում: Այդ պատիվը վստահվելու է Հայաստանի դպրոցականների մարզական խաղերում հաղթող դարձած կրթօջախների թիմերին: Ի դեպ, նորություն է այն, որ մերոնք մասնակցելու են նաև մեզ համար էկզոտիկ համարվող լողափնյա վոլեյբոլի դպրոցականների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը պարզաբանեց, որ այդ մարզաձևն ընդգրկված չի եղել Հայաստանի դպրոցականների մարզական խաղերի ծրագրում, այդ է պատճառը, որ սեպտեմբերի 15-ին Սևանի թիվ 1 լողափում կկազմակերպվեն լողափնյա վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների մրցաշարեր, որոնց կմասնակցեն առնվազն 6-ական թիմեր, իսկ հաղթողները կխաղան աշխարհի առաջնությունում: Աշխարհի առաջնությանը տարբեր մարզաձևերի թիմեր մրցասպարեզ հանելու համար ֆեդերացիային աջակցելու է ՀՀ ԿԳ նախարարությունը: Ինչ վերաբերում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդմանը, ապա Մեհրաբյանը հավելեց, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում այն դասավանդվում է խնդիրներով, ինչպես դրանք ի հայտ են գալիս ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների ուսուցման ժամանակ, և եթե կան թերություններ, ապա պետք է փորձել դրանք վերացնել:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply