«Սպառողների միություն» հկ նախագահ . «Գազի նոր սակագին կսահմանվի 132 դրամը»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | February 22, 2010 15:23
«Փետրվարի 26-ին կայանալիք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում շարքային սպառողների համար գազի նոր սակագին ամենայն հավանականությամբ կսահմանվի 132 դրամը» (Հայռուսգազարդը սակագնի հայտ ներկայացնելիս պահանջել էր 136 դրամ նոր գին սահմանել նախկին 96-ի փոխարեն, իսկ 10 հազար խմ-ից ավել օգտագործող սուբյեկտների համար՝ 215-ից 243 դոլար). այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների միություն» հկ նախագահ Արմեն Պողոսյանը:
Պողոսյանն ասում է, որ ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ թանկացումներն ավելի զգալի են խոշոր տնտեսվարող սուբյելտների համար և ավելի քիչ զգալի շարքային սպառողների համար: Հայաստանում, սակայն, կիրառվում է ճիշտ հակառակ մոտեցումը. սովորական սպառողների համար նախատեսվում է 37 տոկոս թանկացում, իսկ խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար՝ 13 տոկոս: «Նման մոտեցումը բացատրվում է իրողությամբ, որ տնտեսվարող սուբյեկտների համար գազի գնի քիչ բարձրացումը սպառողական ապրանքների և ծառայությունների գնի վրա քիչ կազդի»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով, որ սակագների ձևավորման գործում գազի գինը շատ փոքր դեր ունի:
Պողոսյանն ասում է, որ գազի գնի բարձրացումը կբերի նաև էլեկտրաէներգիայի բարձրացման. Էներգաարտադրության մեջ գազի կիրառումը 40 տոկոս է կազմում: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կբերի մյուս սպառողական ապրանքների և ծառայությունների գների բարձրացման. «Բոլոր ապրանքների արտադրության մեջ որոշակի չափով կիրառվում է էլեկտրաէներգիա»:
«Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գիրգորյանն էլ ասում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոչված է ապահովելու հավասարակշռություն սպառողների և տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչն այսօր հնարավոր չէ իրականացնել. «Ապահովվում է միայն ֆորմալ հավասարակշռություն: Իմիտացիա ստեղծելու համար քննարկումներ են կազմակերպում հասարակական կառույցների հետ»: Գրիգորյանն ասում է, որ հկ-ների կարծիքը, ներկայացրած առաջարկությունները ՀԾԿՀ-ը կարող է հաշվի առնել կամ անուշադրության մատնել, և որևէ իրավական հիմք հկ-ները չունեն բողոքարկելու համար: «Հասարակական կառույցները իրավական և նյութական հիմք պետք է ունենան սեփական վերլուծություններ անելու և առաջարկություններ ներկայացնելու համար»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ միջազգային պրակտիկայում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու որևէ սակագին չեն բարձրացնում:
Պողոսյանն էլ ասում է, որ ներկայումս սակագների հաստատման գործընթացում ներառված են երկու կողմեր՝ սակագինը հաստատելու մասին հայտ ներկայացնող ընկերությունը և ՀԾԿՀ-ը, որը և միաձայն որոշումներ է կայացնում՝ առանց հաշվի առնելու հասարակական սեկտորի կարծիքը:






Facebook
Tweet This
Email This Post
