Ստամբուլում բարձրացվեց Հայոց եռագույնը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 13, 2012 15:16

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայում փառահեղ հաջողության հասավ Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Այն տարավ 9 հաղթանակ, 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, կրեց 1 պարտություն և վաստակած 19 միավորով արժանացավ չեմպիոնի կոչմանը: Ի պատիվ մեր երկրի հավաքականի հաջողության, որի կազմում մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես էին գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, հնչեցվեց մեր երկրի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Հայաստանի շախմատիստների հավաքականը երրորդ անգամ դարձավ օլիմպիադայի հաղթող: Նախկինում այն նման հաջողության էր հասել 2006-ին Թուրինում (Իտալիա) և 2008-ին Դրեզդենում (Գերմանիա) կայացած ստուգատեսներում:

Իսկ վերջին հաղթանակը մերոնց դժվարությամբ տրվեց: Ընդ որում, մինչև օլիմպիադայի վերջին պարտիայի ավարտը պարզ չէր, թե ո՛ր թիմն է ճանաչվելու առաջինը: Բանն այն է, որ վերջին տուրում դեպքերն ուշագրավ զարգացում ստացան: Հայաստանի նման 17-ական միավոր ունեցող Չինաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ միավորների նույնպիսի պաշար ձեռք բերած Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Գերմանիայի ընտրանու նկատմամբ:

Օլիմպիադայի մասնակից թիմերը վաղուց ավարտել էին պայքարը, և բոլորը սպասում էին, թե ի՛նչ ելք կունենա շարունակվող Հունգարիա-Հայաստան մրցամարտը:

Ճակատագրի բերումով մեր թիմի մրցակիցը հենց այն երկրի ներկայացուցիչներն էին, որի հետ Հայաստանը հայտնի պատճառով վերջին օրերին կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Սակայն կար ևս մեկ նրբություն. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը Հունգարիայի հավաքականի առաջատար Պետեր Լեկոյի աներն է: Եվ այնպես էր ստացվել, որ Լեկոն խաղում էր աներոջ ղեկավարած թիմի դեմ: Սակայն բանն ընտանեկան հակամարտության չհասավ:

Թվում էր, թե Հայաստանի հավաքականը հեշտորեն կհաղթի հունգարացիներին, սակայն վերջիններս անզիջում պայքարեցին: Ի վերջո, մերոնք առավելության հասան 2,5:1,5 հաշվով: Հաղթական միավորը մեր թիմին բերեց Սերգեյ Մովսիսյանը: Վերջինն էլ խաղասեղանից հեռացավ Վլադիմիր Հակոբյանը, որը, Հուդիթ Պոլգարի հետ սև ֆիգուրներով անցկացրած պարտիայում, 94 քայլ կատարելուց հետո միայն խաղաղ դաշն կնքեց: Ավելի վաղ ոչ-ոքի էին խաղացել Պետեր Լեկոն և Լևոն Արոնյանը, Ֆերենց Բերկեշը և Գաբրիել Սարգսյանը: Իսկ դա նշանակում էր, որ Հայաստանի ընտրանին վաստակած 19 միավորով դարձել է հաղթող: Ի դեպ, նույնպիսի ցուցանիշով մրցաշարն ավարտեց առաջին անգամ մարզիչ Յուրի Դոխոյանի գլխավորությամբ օլիմպիադային մասնակցած Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը, սակայն այն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մեր թիմին և զբաղեցրեց աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նախորդ օլիմպիադայի հաղթող Ուկրաինայի հավաքականը բավարարվեց 3-րդ տեղով` 18 միավոր:

Հայաստանի կանանց հավաքականը 16 միավորով հանգրվանեց աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Իսկ չեմպիոն դարձավ Ռուսաստանի կանանց հավաքականը` 19 միավոր: Ռուսաստանն արժանացավ աշխարհի նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթին: Այս մրցանակը շնորհվում է կանանց և տղամարդկանց թիմերի ընդհանուր հաշվարկով լավագույն արդյունք ունեցող երկրի ներկայացուցիչներին:

Սա փոքր սփոփանք է ռուսաստանցիների համար, քանի որ այդ երկրի շախմատիստների առջև խնդիր էր դրվել առաջին հերթին չեմպիոն դառնաու, իսկ մնացած արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն:

Ուշագրավ է նաև, որ Հայաստանի հավաքականի խաղացողներ Արոնյանը և Հակոբյանը մեդալակիր են դարձել նաև առաջին և երրորդ խաղատախտակների առջև հանդես եկողների պայքարում:

Հավելենք, որ Ստամբուլում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայացել էր ՖԻԴԵ-ի համաժողովը ու որոշվել, որ 2016-ի շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Դա անակնկալ չէր, քանի որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն էր առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այն կազմակերպել իրենց երկրում: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչները նախապես տեղյակ էին դրան, սակայն առարկություն չէր եղել:
Ի դեպ, Ստամբուլ այցելած աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը հրապարակավ դժգոհել է, որ օլիմպիադան Ստամբուլում լավ չի անցկացվել, կազմակերպական բազմաթիվ խնդիրներ են եղել, իսկ ի պատասխան այն հարցի, թե ցանկանո՞ւմ է ներկա գտնվել 2016-ին Բաքվում կայանալիք օլիմպիադային, ասել է. «Բոլորին է հայտնի, թե ինչ հարաբերությունների մեջ են Հայաստանն ու Ադրբեջանը, այդ իսկ պատճառով այժմ իմ այցը Բաքու հնարավոր չէ: Մինչև երկու երկրները չհարթեն իրենց հակամարտությունը, ես չեմ կարող Բաքու գնալ: Կարծում եմ, արդեն ժամանակն է, որ հակամարտությունը վերանա, այն խանգարում է սովորական մարդկանց: Կողմերը վերջապես պետք է ընդհանուր հայտարարի գան: Եթե 2016-ի օլիմպիադան անցկացվի Բաքվում, և Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն իրենց հարցերը, այդ ժամանակ կմտածեմ Բաքու ուղևորվելու մասին»:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply