Հանրությանը կիրազեկեն նոր օրենքի մասին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2012 13:40

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրագործել հանրային իրազեկման և հանրային կրթության ծրագիր, այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատել է համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որով նաև հստակեցվում են յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակը: «Մենք ենթադրում ենք նաև բյուջետային հատկացումներ կատարել,-ասել է վարչապետը:-Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծենք: Պայմանավորվել ենք, որ բեռի մեծ մասը մեզ վրա ենք վերցնելու: Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն միասին պետք է այդ հաշվարկները կատարեն, որպեսզի դրանց հիման վրա քաղաքական որոշում ընդունենք օժանդակելու մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք հունվարի մեկից պատրաստ լինեն հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ է, որպեսզի ԶԼՄ-ներին ներկայացվի այս միջոցառումների տրամաբանությունը, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն, մանավանդ, որ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն բոլոր մարզերում: Այսօրվանից այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հասարակությանը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply