Իրանում Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2010 13:12

Ադրբեջանական պառլամենտի խոսնակ Օգթայ Ասադովն ասել է, որ Հայաստանի զինուժի դուրսբերումը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» այն հիմնական գործոնն է, որը կարող է բարելավել տարածաշրջանում լարված իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի պետական AzerTAc գործակալությունը:

Հայտարարությունն արվել է Իրան Ասադովի պաշտոնական այցի ժամանակ, որտեղ նա կիրակի հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

«Ադրբեջանը խաղաղ կարգավորման հետևորդ է և շարունակում է իր ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Ասադովը:

Բացի Լեռնային Ղարաբաղի խնդրից, Ասադովն ու Ահմադինեժադը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ներառյալ երկու երկրերի միջև տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացման և տարածաշրջանային այլ հարցեր:

Իրանական մամուլը գրում է, որ Ահմադինեժադը հայտարարել է, թե ոչ մի գործոն չի կարող ազդել Թեհրանի ու Բաքվի միջև առկա լավ հարաբերություններին:

«Երկու ժողովուրդների ու պետությունների ապագան փայլուն է»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է Բաքվի Trend գործակալությունը, Ահմադինեժադն ասել է, որ «տարածաշրջանի երկրները պետք է հասնեն այն կետին, որ իրենց առևտրային ու տնտեսական փոխգործունեությունն անեն ընդհանուր տարադրամով», որովհետև «ներկա պայմաններում հիմնական եկամուտը գնում է նրանց, ովքեր ղեկավարում են (ԱՄՆ) դոլլարը»:

Դիտվել է 2827 անգամ:
Print Friendly

Leave a Reply