Հայաստանում մայրական մահացության հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 16:34

ԱռողջականՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` այս տարվա առաջին եռամյակում գրանցվել է մայրական մահացության 2 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 9 դեպքի համեմատ:

ՀՀ Առողջապահության Ազգային Ինստիտուտի տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տվյալներով` մայրական մահացությունների թիվը սովորաբար տատանվում է տարեկան 8-10-ի սահմաններում: 2000 թ.-ին այդ թիվը հասել է գագաթնակետին` 18 մահացություն:

Ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ 2008թ·-ի նախնական տվյալներով` անցյալ տարի գրանցվել է մայրական մահացության 15 դեպք:

Վերջին 3 տարիների կտրվածքով ամենաքիչ մահացության դեպքերը գրանցվել էն 2007 թվականին` 6 դեպք:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009թ. զեկույցի` Հայաստանում կանանց մոտ հղիությունից կամ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում: Մասնավորապես, Հայաստանում ապրող կանանց մայրական մահացության ռիսկը կյանքի ընթացքում հավասար է 1-ը 980-ի, զարգացած երկրներում 1-ը 8.000-ի, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում` 1-ը 1.300-ի:

Գայանե Գալստյան

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply