«Ի՞նչ եղան առաջինդասարանցիներին խոստացված համակարգիչները». կառավարությունից հետաքրքրվեց Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 17:49

ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձեց պարզել, թե ի՞նչ եղավ առաջինդասարանցիներին համակարգիչներ նվիրելու խոստումը, որն «ամրագրված էր» կառավարության ծրագրում: «Արդյո՞ք 2012-13 թ. ուստարվա առաջինդասարանցիները հնարավորություն կունենան ստանալու համակարգիչներ»,-հարցրեց նա:

Եվ քանի որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գործուղման մեջ գտնվելու պատճառով բացակայում էր, հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Նախ կառավարության ծրագիրը 2012-2017թթ. ծրագիր է, ինչ վերաբերում է այս տարվան, ապա 2012 թ. պետբյուջեում նման ծախս ներառված չէ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այդ ծրագրի իրականացմանը:

«Կոնկրետ ե՞րբ են առաջինդասարանցիները ստանալու խոստացված համակարգիչները»,-կրկին հարցրեց Փաշինյանը` հորդորելով վարչապետին պատասխանն ուղղել ոչ թե իրեն, այլ առաջինդասարանցիներին, որոնք գուցե երեկոյան հեռուստացույցով լսելու են այդ պատասխանը:

Վարչապետն ասաց, որ մի շարք կազմակերպությունների հետ տարվում են բանակցություններ, բայց դրանք դեռևս ընթացքի մեջ են: «Ժամանակացույցը կներկայացնենք Ազգային ժողովի դատին, երբ պայմանավորվածությունները հստակեցվեն»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը` խոստանալով, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ծրագիրն անպայման կիրականանա:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply