Ի պատասխան ԳՊԿ պարզաբանման
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 12, 2012 17:48
Գիտության պետական կոմիտեն պարզաբանում է տվել երեկ ankakh.com կայքում զետեղված «Օրենքն ընդունվելուց 12 տարի անց դեռ չի գործում, քանի որ կառավարությունը գործունեության կարգը չի սահմանել» նյութի առնչությամբ:
Պարզաբանումը, սակայն, նյութի բարձրացրած խնդրի վերաբերյալ նորություն չի պարունակում:
ԳՊԿ-ն հղում է կատարում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, ըստ որի «պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը», ապա, պնդելու համար, որ օրենքը գործում է, մեջբերում է կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշումը, որը վերաբերում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետին, որին «Անկախը»-ը չի անդրադարձել:
Պարզաբանման վերջին պարբերությամբ էլ տեղեկացվում է մշակվող նոր օրենքի մասին, որի մասին «Անկախ»-ն էլ է տեղեկացրել նշված նյութում:
Ստացվում է, որ ԳՊԿ-ն պարզաբանմամբ նորություն չի հայտնում, չի էլ հերքում «Անկախ»-ի բարձրացրած խնդիրը:
Նշենք նաև, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը «Անկախ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ օրենքի չգործելու պատճառը ֆինանսական խնդիրներն են. « Եթե մենք համապատասխան միջոցներ ունենայինք, այդ օրենքը մի քիչ այլ ընթացք կստանար»:
Հարությունյանը անդադարձավ նաև հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծի 13-րդ հոդվածին, ըստ որի թոշակից բացի տրվող հավելավճարի իրավունք կունենան միայն առնվազն 15 տարվա գիտահետազոտական աշխատանքի ստաժ ունեցող, գիտական աստիճան ունեցող և պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված անձինք:
« Տարեկան մեզանում 500 թեկնածու և 50-60 դոկտոր է պաշտպանում: Նրանցից միայն 10-15 տոկոսն է աշխատում գիտության ոլորտում: Հարց է առաջանում, եթե պաշտպանելուց հետո գիտությամբ չի զբաղվելու, ինչո՞ւ թոշակին հավելավճար ավելացվի: Այդ պատճառով էլ պահանջ է, որ առնվազն 15 տարի թոշակառուն գիտության ոլորտում աշխատած լինի: Սա ազնիվ բան է»,- ասաց Հարությունյանը:






Facebook
Tweet This
Email This Post
