Բագրատյանին ռուսական 500 մլն դոլար վարկի հարցը հանգիստ չի տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 17:26

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ  ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցին կառավարության ներկայացրած պատասխանը` նշելով, որ այն իրեն չի գոհացնում. «Ո՞վ, ինչո՞ւ, քանի՞ տոկոսով, ի՞նչ իրավունքով, ինչո՞ւ այդ ոլորտը, որն այլ ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն ունի, բայց չի անում,-այս և նման այլ հարցեր Բագրատյանի կողմից ուղղվեցին կառավարությանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ նամակում այդ հարցերի պատասխանները մանրակրկիտ ձևով տրվել են. «Ինչ վերաբերում է` ինչպե՞ս են իրականացրել վարկավորումը, ապա այն լավագույն փորձի վրա, ինչ ունեցել ենք մինչ այդ»,-ասաց նա,-կառավարությունը վերցնում է վարկը, տալիս է բանկերին, որպեսզի բանկերը տրամադրեն համապատասխան սուբյեկտներին. դա լավագույն միջազգային փորձին համապատասխանող եղանակն է»:

Նախարարը նաև նշեց, որ Կենտրոնական բանկը սահմանում է այն չափանիշները, որոնց համապատասխան պետք է դա տեղի ունենա, իսկ թե ո՞ր սուբյեկտին է տրվում, որոշում է բանկը: Ըստ Գաբրիելյանի, ցանկալի չէ, որ անմիջապես կառավարությունը վարկավորի այդ սուբյեկտներին:

Բագրատյանին կրկին չհոգացրեց կառավարության ներկայացուցչի պատասխանը. «Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ինչո՞ւ եք պարտք բերել, տվել բանկերին: Սա թանկ վարկ է, արդյունքում տնտեսությունն անկում է ապրում 15 տոկոսով, իսկ բանկերի եկամուտն ավելանում  է 50 տոկոսով: Բանկե՞րն են տնտեսության համար, թե՞ տնտեսությունն է բանկերի համար»:

«Իհարկե տնտեսությունն է բանկերի համար»,-արձագանքեց ֆինանսների նախարարը

Նշենք, որ ՀԱԿ պատագամավոր Հրանտ Բագրատյանը պատգամավորական հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ և կառավարությունից ստացված պատասխանից հետևյալ եզրահանգմանը եկել. «Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ դրա համար պետական պարտք չեն վերցնում: Բացի այդ 2009 թ. տնտեսության անկումը կազմեց 15%, իսկ բանկերի շահույթն աճեց կիսով չափ: Պատկերը մասամբ կրկնվեց 2010-ին: Պետությունը պարտք է վերցնում և բանկերին էժան կամ ձրի փող է տալիս»:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply