Աննախադեպ նախաձեռնություն ԱԻ նախարարությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 12, 2012 16:27

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ Նախագահի հանձնարարականն առավելագույնս արդյունավետ իրագործելու տարբերակները։
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկայացնելով նախարարության վերջին ձեռքբերումները, մասնավորապես ասաց.
-Այսօր մենք ունենք հզոր ճգնաժամային կառավարման կենտրոն և արդեն ճանաչում ստացած «911» ծառայություն, որտեղ էլ պիտի ընդգրկվեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երիտասարդները՝ համակարգչային գիտելիքներով ու լեզուների տիրապետող: Մենք խնդիրը դիտարկում ենք առավել ընդգրկուն՝ ոչ միայն նրանց աշխատանքի տեղավորման տեսանկյունից, շատ կարևոր է նաև նրանց ԱՌՆ ոլորտ ներգրավելը:
Ինչպես գիտեք, աղետների ժամանակ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք ամենախոցելին են: Բայց մենք նրանց այսօր դիտարկում ենք ոչ միայն որպես տուժող, թիրախ, որին պետք է փրկել կամ օգնել, այլ` որպես գործընկեր: Մենք նրանց կներգրավենք ԱՌՆ ոլորտ, որովհետև եղած հսկայական ներուժն արդյունավետ չի օգտագործվում:
Հենց այսօր Ազգային պլատֆորմում կստեղծվի առանձին թեմատիկ խումբ` ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար, նրանց կարիքների ու խնդիրների արձանագրման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներգրավման և որոշումների կայացման մեջ նրանց կարծիքների հաշվառման համար:
Երկրորդ, խմբում կմշակվեն ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվելող երիտասարդներին ներկայացվող պահանջները՝ գիտելիքների, հմտությունների, անհրաժեշտ ունակություների վերաբերյալ:
Եվ երրորդ, մանրակրկիտ կուսումնասիրվի միջազգային փորձը, թե որն է մեր երկրին առավել հոգեհարազատ: Կդիմենք նաև միջազգային կազմակերպություններին։ Մենք պիտի միջոցներ հայթայթենք նրանց տեղափոխումն ապահովելու, աշխատանքային բարենպաստ, հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
Մենք պիտի ամբողջական տեղեկություններ ունենանք ձեր կարիքների, խնդիրների ու պահանջների, գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վերաբերյալ, որպեսզի գործընկերությունն արդյունավետ լինի, ներգրավվածությունը` լիարժեք, իսկ ինտեգրումը դառնա սովորական, առօրյա գործընթաց, և ոչ թե միայն արտակարգ իրավիճակների բացառիկ խնդիր:

Հանդիպման մասնակիցներից «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նշեց, որ սա աննախադեպ նախաձեռնություն է և ԱԻ նախարարին նվիրեց մի գիրք, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց առանձնահատկությունները։

«ՓԱՐՈՍ» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի համար ԱԻՆ հրավերն անակնկալ էր.
– Սկզբում շատ զարմացա, թե ինչ գործ ունի ԱԻ նախարարությունը մեր հետ, բայց հետո հասկացա, որ մենք հենց ապրում ենք արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալ եմ նման նախաձեռնության համար ու հուսով, որ այն կվարակի մյուս պետական կառույցներին։

«Սկարպ առողջական կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը, ողջունելով ԱԻՆ այս քայլը, համոզմունք հայտնեց, որ կարևորը սկիզբն է, իսկ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Կեսոյանը փաստեց, որ ԱԻՆ-ում արդեն բավական գործ է արված հաշմանդամների համար, իսկ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունից Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ որպես պետական գործատու` ԱԻՆ-ը շատ գովելի քայլ է անում` հավելելով, որ իրենք վերջերս արտերկրից ստացել են երկու հատուկ ավտոբուս, որոնք նույնպես կարող են օժանդակել ԱԻ նախարարությանը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ նախարարությունում աշխատանքի անցնող մարդիկ համապատասխան վերապատրաստում կանցնեն։ Նախարարի հանձնարարությամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը հաշվի կառնի շահագրգիռ կազմակերպությունների բոլոր առաջարկությունները` կապված աշխատանքային պայմանների, չափորոշիչների և այլ հարցերի հետ, ու հնարավորիս սեղմ ժամկետում կներկայացնի այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու արդյունավետ ծրագիր։

Հանդիպման ավարտին մասնակիցները շրջեցին նախարարության տարածքում, այցելեցին ԱԻՆ համաբուժարան և ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրանց կառուցվածքին, գործառույթներին ու հնարավորություններին, իսկ վերջում տեսան ԱԻՆ նորակառույց մասնաշենքը, որն ապահովված կլինի հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply