«Մեր գիտնականները ոչ մի մեղք չունեն». Սամվել Հարությունյանը Վերահսկիչ պալատի մեղադրանքների մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2012 16:27

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` երեկ ԱԺ-ում հնչեցված մեղադրանքներին:

Նշենք, որ Զաքարյանը հայտարարել էր, որ որոշ դեպքերում բազային և թեմատիկ ֆինանսավորում ստացող ծրագրերը կրկնվել են, ինչի հետևանքով  կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:

Հարությունյանը  նշեց, որ անկախությունից ի վեր մինչև 2008-ը գիտության ոլորտում լուրջ բարեփոխումներ չեն եղել. « Օրենսդրական դաշտը և բազմաթիվ կանոնակարգեր լրամշակման և փոփոխման կարիք ունեին և կուտակվել էին բազմաթիվ-բազմաթիվ պրոբլեմներ, որոնք իրենց լուծմանն էին սպասում: Այդ իսկ պատճառով էլ 2007-ին ստեղծվեց Գիտության պետական կոմիտեն»:

ԳՊԿ նախագահի խոսքով` թեմատիկ և  բազային ծրագրերի կրկնության մասին  իրենք վաղուց են տեղյակ և դեռևս 2008-ին այդ մասին զեկուցել են վարչապետին:

«Այս հարցում մեր գիտնականները ոչ մի մեղք չունեն: 1993 թվականից հետո ՀՀ-ում ընդունված էր ֆինանսավորման միայն մեկ տարբերակ` թեմատիկ ծրագրերի ֆինանսավորումը: 2005-ին հայտարարվեց, որ ֆինանսավորման 60 տոկոսը լինելու է բազային, 40-ը թեմատիկ: Այնպես ստացվեց, որ նույն թեմայի վրա աշխատող 10 հոգանոց խմբից 6-ին մտցրին բազային ծրագրերի մեջ, 4-ը մնացին թեմատիկ ծրագրերի մեջ: Ակնհայտ է, որ բազային և թեմատիկ ծրագրերի կրկնություն պետք է լիներ,- ասում է Հարությունյանը:- Այն ժամանակ թեմատիկ ծրագրերի աշխատողները ստանում էին 30-37 հազար դրամ աշխատավարձ, և հիմնականում երիտասարդներ էին: Եթե փակեինք ծրագրերը, անտանելի վիճակ կստեղծվեր հանրապետությունում: Բազմաթիվ երիտասարդներ կմնային առանց աշխատանքի և մեր գիտական համակարգն ամբողջությամբ կխարխլվեր»:

Հարությունյանն ասում է, որ խնդիրը փուլ առ փուլ լուծվել է և 2010-ից այլևս թեմաների կրկնության խնդիր չկա:

«Թեմատիկ մանր ծրագրեր այլևս չունենք:  Վերահսկիչ պալատի կողմից նշված  բոլոր խնդիրները լուծված են»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ Իշխան  Զաքարյանը երեկ խոսել է 2008-2010 թվականների ստուգման արդյունքների մասին:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply