Հոլբրուքից հետո Ղազախստան է մեկնում Լավրովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2010 23:27

Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի աշխատանքային այցով մեկնում է Աստանա, որտեղ Ղազախստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ խնդիրներ. РИА Новости-ի հետ հարցազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Նրա խոսքերով, երկօրյա այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ: Ռուսաստանի արտգործնախարարի սպասվելիք այցը «մեծ ներդրում կլինի տարբեր բնագավառներում մշտապես ամրացող ռուս-ղազախական փոխհարաբերություններում»,- նշել է Նեստերենկոն:

«Նախատեսվում է, որ (Լավրովի այցի ժամանակ) կքննարկվեն 2009-2010 թվականներին Ռուսաստանի ու Ղազախստանի համատեղ գործունեության նախագծի իրականացման արդյունքները», – ասել է Նեստերենկոն:

Նա նաև նշել է, որ հատուկ ակցենտ կտրվի միջազգային դաշտում, այդ թվում ԱՊՀ տարածքում գործող կազմավորումներում ու տարածաշրջանային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության թեմային: «Ենթադրվում է, որ մանրամասն կքննարկվեն Ղազախստանի ԵԱՀԿ նախագահության և Ռուսաստանի ԱՊՀ նախագահության հետ կապված հարցերը, և կնշվեն հեռանկարում համատեղ գործունեության ողղությունները»,- ավելացրել է Նեստերենկոն:

Բանակցությունների օրակարգում, համաձայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ներառված են նաև անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, առաջին հերթին հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում աֆղանական գործոնի ազդեցության հանգամանքը, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորման ու անդրսահմանային գետերի ռացիոնալ օգտագործման խնդիրները:

Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահի Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտել է փետրվարի 17-ին սկսած իր այցը Կենտրոնական Ասիա, որի նպատակն էր Աֆղանստանի կայունացման գործում տարածաշրջանային աջակցություն ստանալ:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply