Կրկին վատ խաղ և տխրելու նոր առիթներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2012 0:18

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սոֆիայում անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում պարտվեց Բ խմբի ամենևին էլ ոչ ուժեղ մրցակցին` Բուլղարիայի ընտրանուն: Մերոնք զիջեցին 0:1 հաշվով, սակայն հնարավոր էր, որ այդ հաշիվն ավելի մեծ լիներ:

Ցավոք, Հայաստանի հավաքականը կրկին չդրսևորեց լավ խաղ, որևէ «ձեռագիր»: Մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց մրցակցի դարպասին կատարել թեկուզ մեկ վտանգավոր հարված: Դժգույն տպավորություն թողեցին, իրենց ներուժը չդրսևորեցին Հայաստանի հավաքականի բոլոր օղակների ֆուտբոլիստները: Թերևս, նաև մեր թիմն ավելի բարձրակարգ, փորձառու գլխավոր մարզիչ ունենալու խնդիր  էլ ունի:

Ցավալի է նաև, որ խաղադաշտից անիմաստ հեռացվեցին Հայաստանի հավաքականի փորձառու խաղացողներ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը: Փաստորեն, նրանք առնվազն չեն մասնակցի հոկտեմբերի 12-ին նախատեսված Հայաստանի և Իտալիայի հավաքականների երևանյան խաղին, որը կայանալու է «Հրազդան» մարզադաշտում:

Հայաստանի հավաքականը, Մալթայի թիմի նկատմամբ դժվարությամբ, վատ խաղով առավելության հասնելուց հետո, այժմ էլ խմբային մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Իսկ այս ամենը միայն տխրեցնում է:

Հավելենք, որ հաղթական գնդակը տանտերերից  44-րդ րոպեին մոտ տարածությունից մեր թիմի դարպասը խփեց Ստանիսլավ Մանոլևը:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է, որ «թիմն ընդհանուր թույլ էր»:

Սակայն դա համոզիչ չէ:  Իսկ թե ինչպես է ստացվում, որ արտասահմանյան ակումբներում մեր առաջտար ֆուտբոլիստները բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում, իսկ հավաքականում ոչինչ չի ստացվում, անհասկանալի է մնում:

Տեխնիկական արդյունքներ

Բուլղարիա – Հայաստան՝ 1:0

Ստանիսլավ Մանոլև, 44

Հեռացում՝ Սվետոսլավ Դյակով, 73  – Մարկոս Պիզելի, 73, Գևորգ Ղազարյան, 77

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան (Արտակ Եդիգարյան, 42), Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 76), Արազ Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 55), Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply