Նարեկյան միջոցառումներն ավարտվեցին, մնացին ներշնչանքն ու Նարեկացու լույսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 11, 2012 18:31


ՆԱՄ-ում ավարտվեցին Գրիգոր Նարեկացուն նվիրված ՆԱՄ 8-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները:
Սեպտեմբերի 5-ին մեկնարկած տոնական միջոցառումների շարքը եզրափակվեցին բովանդակալից ու հարուստ դասախոսություններով:
8-ին ՆԱՄ-ում «Գրիգոր Նարեկացու երաժշտաբանական արվեստը հայ միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության համատեքստում» բացառիկ դասախոսություն կարդաց երաժշտագետ Մհեր Նավոյանը:
Այն բավականին բարդ ու հագեցած էր, այնքան, որ ամբողջ նյութը հակիրճ ներկայացնել պարզապես հնարավոր չէ:
Այդուհանդերձ նշենք, որ դասախոսության ընթացքում նախ քննարկեց վաղ միջնադարի կրոնական եւ կրոնափիլիսոփայական մտածողությունը՝ տանելով նրան, որ հենց այդ մտածողության հետ համաձայնվելու կամ դրան հակադրվելու բանավեճը, այն սրբագրելու կամ հավելելու մղումն է, որ բերել է Նարեկացու ֆենոմենին: Այս իմաստով Նավոյանը Նարեկացուն հեղափոխական չի համարում, սակայն հեղափոխություն է, որքան որ հեղափոխություն է Վերածնունդ երեւույթն ընդհանրապես. նա հայ մտքի, հայկական մշակութային մտքի վերածննդի արտահայտումն է: Նարեկացին, այդուհանդերձ, հայկական Վերածննդի միակ ներկայացուցիչը չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ գոյություն է ունեցել նաեւ Նարեկյան դպրոց:
Գալով համաշխարհային Վերածննդին՝ Նավոյանը նշեց, որ դրա և հայկական Վերածննդի համատեղելիությունները, դրանց տարբերություններն ու ընդհանրությունները այնպիսին են, որ թույլ են տալիս կարծել, որ եվրոպական իմաստով ընկալվող վերածնունդ ենք ունեցել:
Նավոյանի խոսքերով այժմ շատերը Նարեկացուն ընկալում են նաեւ որպես բանաստեղծությունը աշխարհիկ դարձնող երեւույթ, սակայն դա այդպես չէ, քանի որ նա այնպիսի պատկերներ է տալիս, որոնք, ըստ էության իրական կյանքում հանդիպող չեն, այսինքն գերբնական և անիրական են, այդ իմաստով` աստվածային, հետեւաբար Նարեկացու մոտ ընկալումը` տիեզերականի, աստվածայինի, մնում է գերիշխող:
Դասախոսության ընթացքում ներկաները կարողացան արժեքավոր հոգեւոր նյութ ստանալ Նարեկացու մասին` նորից անդրադառնալով նրա մեծատաղանդ խոսքին: Դասախոսությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի հարստացնել իրենց ստացած գիտելիքը:
Նշենք, որ դասախոսության ընթացքում ձայնագրությամբ հնչեց Անահիտ Պապայանի կատարումներից, վերջինիս Նարեկ Հարությունյանը հրավիրեց ՆԱՄ-ում մենահամերգ ունենալու, հնչեցին Սեդա Ամիր-Կարայանի անզուգական, կենդանի կատարումները: Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցելու համար՝ նրան և Մ. Նավոյանին Նարեկ Հարությունյանը ՆԱՄ խորհրդանշական նվերներ հանձնեց:
Իր հիացմունքի խոսքն ասելու համար բեմ բարձրացավ նաեւ Տիգրան Մանսուրյանը` նշելով, որ խորը, այսպիսի լուրջ ուսումնասիրություն, ինչպիսին էր Նավոյանի դասախոսությունը, հազվադեպ կարելի է լսել, նա շեշտեց, որ դասախոսությունն այնքան խորքեր ու շերտեր ունի, որ հնարավոր չէ զսպել հիացմունքը:
Մանսուրյանի խոսքերով այսօր մենք պետք է շատ անդրադառնանք Նարեկացու երաժշտությանը, քանի որ այն առայսօր մնում է առեղծվածային երեւույթ եւ հարուստ թեմա է ստեղծագործողի համար:
Նարեկացու երաժշտությունը նյութ է եղել նաեւ հենց մաեստրոյի համար: Աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանի խնդրանքով, նա գրել է մոտ 4 գործ՝ փոխադրելով ալտի համար, որոնք երբ լսում են տարբեր ազգությունների մարդիկ, առաջին հարցը, որ տալիս են` որ դարի գործ է. «Ակնհայտ է միջնադարյան էլեմենտը, սակայն նաեւ կարծես 21-րդ դարի ավանգարդ երաժշտություն լինի: Նարեկացու երաժշտության մեջ ժամանակի գործոնը վերանում և տարրալուծվում է»,-նշեց մաեստրոն:
Նարեկացու «ծովաձայն» խոսքին անդրադարձավ սեպտեմբերի 9-ին նաեւ բանագետ Արուսյակ Սահակյանը` խոսելով առհասարակ հայ բանահյուսության ու դրանում Նարեկացու որոշիչ դերի մասին: Նա ընդգծեց, որ Նարեկացին եղավ այն լույսը, որի շուրջ եւ որի շնորհիվ նարեկյան մտքով ու խոսքով հայ բանահյուսությունն իր արտահայտումը, զարգացումը, եւ վերջապես ճիշտ բառը գտավ՝ «բանահյուսություն»:
Ա. Սահակյանը, շարունակելով Մհեր Նավոյանի միտքը, շեշտեց, որ Նարեկացին այս իմաստով հեղափոխական չէ, նա հայ միջնադարյան մտածողության արտահայտումն ու դրա կրողն է:
Բանագետը խոսեց նաեւ առհասարակ հայ բանավոր խոսքի, բանը հյուսելու մասին ` անդրադառնալով նաեւ առանձին բառերի կիրառությանը, որոնք ըստ էության բխում են մտածողությունից:
Դասախոսության ավարտին Նարեկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին. «Այս օրը շատ խորհրդանշական ստացվեց. Ա. Սահակյանն ընդունեց այստեղ դասախոսություն կարդալու հրավերը ընդամենը 5 օր առաջ, ու մենք բախտավոր ենք, տիկին Սահակյան, որ հյուսեցիք բանը այստեղ մեզ համար, եւ նարեկյան հոգին, որ նվիրեցիք մեզ, ներշնչեց բոլորիս:
Այսօր դահլիճում ներկաների մեծ մասը կանայք են, սա էլ խոսում է այն մասին, որ կինն է պահում հայ մշակույթը: Այդպես է ստացվում, ու շատ խորհրդանշական է, որ Ձեզնով է ավարտվում նարեկյան միջոցառումների շարքը»,-ասաց Նարեկ Հարությունյանը՝ ՆԱՄ խորհրդանշական նվերները հանձնելով Ա. Սահակյանին, ինչպես նաեւ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանին` խնդրելով նրան նարեկյան տաղերից կատարել՝ որպես հրաշալի միջոցառումների ամփոփում:
«Ուզում եմ բեմ հրավիրել մի իշխանուհու, որ մի թագուհու՝ Ա. Սահակյանին նվիրի մեր խորհրդանշական նվերներից մեկը՝ ձայնասկավառակ, որտեղ հնչում է նաեւ իր ձայնը: Այս երգչուհու ձայնը հնչում է վերջին 5 օրերի ընթացքում, նրա ձայնն անպակաս է Նարեկացի արվեստի միությունից, ով միշտ իր լույսն է բերում մեզ տարիներ շարունակ»,-ասաց Ն. Հարությունյանը՝ դիմելով երգչուհի Հ. Բաղդասարյանին:
Ա. Սահակյանի դասախոսությամբ ոգեւորված էր նաեւ հանդիսատեսը: Ներկաներից բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը պարզվում է՝ տարիներ շարունակ ոգեշնչվել է Ա. Սահակյանով, ում եւ դասախոսության ավարտվին նրան իսկ նվիրված իր ստեղծագործությունների գրքերը նվիրեց:
Հանդիպումն անցավ իսկապես ջերմ մթնոլորտում, ներկաները եւս մեկ անգամ շնորհավորեցին ՆԱՄ 8-ամյակը՝ հույս հայտնելով երկար տարիներ նշել ՆԱՄ ծննդյան տարեդարձները նմանատիպ միջոցառումներով:
Հիշեցնենք, որ ՆԱՄ 8-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 5-9-ը ՆԱՄ-ում նարեկյան օրեր էին հայտարարվել: Սեպտեմեբրի 5-ին եղավ նարեկյան միջոցառումների հանդիսավոր բացումը՝ համերգով եւ «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացմամբ, 6-ին Նարեկացուն նվիրված դասախոսություն կարդաց հայր Անտոն Ադամյանը, 7-ին տեղի ունեցավ Նարեկացուն նվիրված «Նարեկացի որոնելիս» Հովիկ Հախվերդյանի ֆիլմի դիտումը, ապա նաեւ ֆիլմի քննարկումը ռեժիսորի հետ, 8-ին դասախոսություն կարդաց երաժշտագետ Մհեր Նավոյանը, միջոցառումների շարքն ամփոփվեց սեպտեմբերի 9-ին բանագետ Արուսյակ Սահակյանի դասախոսությամբ` դարձյալ նվիրված Գրիգոր Նարեկացուն:
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply