Ռուստամյանը քննադատեց ՏԻՄ ընտրությունները, Արզումանյանը ամբողջ հոգով միացավ նրան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2012 17:44

ԱԺ կանոնակարգի համաձայն օգտվելով ելույթի իր իրավունքից` այսօր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություների առաջին փուլին: Ըստ Ռուստամյանի, այդ ընտրությունները վկայեցին, որ  Հայաստանում ժողովրդավարությունը տապալված է: “Քաքաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները, կոչված լինելով ապահովել հենց անմիջական ժողովրդավարությունը, իսկապես համարվում են ժողովրդավարության խարիսխը: Բայց սա` միայն քաղաքակիրթ աշխարհում”:

Ըստ Ռուստամյանի, մեզ մոտ կատարվածն, անգամ, ընտրություն հնարավոր չէ կոչել, որովհետև ընտրությունը նախ և առաջ ենթադրում է, որ քաղաքացին, կարողանալով անկաշկանդ կերպով իրականացնել իր ընտրական իրավունքը, առաջնորդվելով բացառապես իր խղճով և մտքով, ձևավորում է իշխանության պետական և տեղական մարմինները, որոշում է թե իր անմիջական ղեկավարին, թե երկրի ղեկավարին:

“Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը` վարչաֆինանսական կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրություններից առաջ զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից, և իշխանությունը հեշտությամբ կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն”,-ասաց նա:

Ռուստամյանը խոսեց նաև ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր տոկոսից և նշեց, որ դա նույնպես փաստում է, որ հասարակությունը հիասթափված է ընտրություններից:

“Ժառանգության” ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում պաշտպանեց Ռուստամյանի հայտարարությունը “ամբողջ հոգով” և նշեց, որ հայտարարություններն իրականում ոչ այնքան հայտարարություն են, որքան “հոգու ճիչ”:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply