Օրենքն ընդունվելուց 12 տարի անց դեռ չի գործում, քանի որ կառավարությունը գործունեության կարգը չի սահմանել

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 11, 2012 16:58

Օրենքը կա, բայց չի գործում. այսպիսին է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավիճակն արդեն 12 տարի շարունակ: Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:

Անցած 12 տարիների ընթացքում սակայն գործած 4 կառավարություններից և ոչ մեկը չի սահմանել թոշակից բացի գիտնականներին տրվող հավելավճարի տրամադրման կարգը, ինչի պատճառով էլ ներկայումս թոշակի անցնող գիտնականները զրկվում են հավելավճարից, որ ստանում են իրենց գիտական աստիճանի համար. գիտության թեկնածուները աշխատավարձից բացի ստանում են 10 հազար դրամ, իսկ դոկտորները` 20 հազար դրամ հավելավճար` մինչև թոշակի անցնելը:

ԳԱԱ միացյալ արհկոմի նախագահ Կիմա Միքայելյանը պատմում է, որ գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների հատկացմանն էլ մեծ դժվարությամբ են հասել: Թեև 2000-ին ընդունված նույն այդ օրենքով նախատեսված էր նաև հավելավճարների հատկացումը:

«2005-ի գարնանը ակադեմիայի տարեկան ժողովին մասնակցում էր նաև հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա իր ելույթում խոստացավ, որ այնպես կանի, որ գիտական աստիճան ունեցող գիտնականներին հավելավճար կտրվի: Այդ խոստումից հետո երկար ժամանակ անցավ, մինչև վերջապես սկսեցին հավելավճարներ հատկացնել գիտական կոչման համար»,- ասում է Միքայելյանը:

Երբ, սակայն, պարզվել է, որ թոշակի անցնելուց հետո գիտնականները զրկվում են իրենց աստիճանի համար հատկացվող հավելավճարից, ԳԱԱ արհմիությունը նորից է դիմել կառավարություն` խնդրելով թոշակի անցնելուց հետո էլ հավելավճարները հատկացնել:

Ամեն անգամ թե՛ կառավարությունից, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԳԱԱ արհկոմը նույն պատասխանն է ստացել` նման օրենք չկա:

«Խորհրդային Միության տարիներին, օրինակ, կային անվանական թոշակներ` միութենական կարգի թոշակառու և այլն: Վաստակաշատ գիտնականները անվանական կենսաթոշակ էին ստանում` 130-135 ռուբլի, իսկ սովորական թոշակն այն տարիներին 60-80 ռուբլի էր: Նաև տարեկան մեկ անգամ գնացքով անվճար երթևեկելու իրավունք ունեին: Մենք` որպես գիտնականներ, ունեինք ինչ-որ առավելություն մյուսների համեմատ»,- ասում է Միքայելյանը` հավելելով, որ այն տարիներին գիտնականն ու նրա վաստակը գնահատվում էին, մինչդեռ անկախությունից ի վեր գիտությունը և գիտության դերը չեն կարևորվում:

Գիտության ու գիտնականի անտեսված լինելու մասին է փաստում նաև ԳԱԱ միացյալ արհկոմի ղեկավարի տեղակալ Ազատ Սարգսյանը. «Համեմատեք գիտաշխատողի, գիտնականի աշխատավարձը, թոշակը, ասենք, ուժային կառույցների ներկայացուցիչների, դատավորների թոշակի և աշխատավարձի հետ: Ահա՛ ձեզ գիտնականի աշխատանքի գնահատականը»:

Նշենք, որ, օրինակ, դատավորները, թոշակի անցնելուց հետո, կենսաթոշակից բացի, ստանում են հավելավճար` վերջին տասը տարվա միջին աշխատավարձի 55 տոկոսի չափով: Այսինքն` նախկին դատավորը ամեն ամիս, թոշակից զատ, ստանում է ևս 250-400 հազար դրամ հավելավճար պետբյուջեից: Դա պետությունը կարող է իրեն թույլ տալ, իսկ ամեն ամիս թոշակառու գիտնականին 10 կամ 20 հազար դրամ հավելավճարը` ոչ:

«Ամեն տեղ կլսեք գեղեցիկ խոսքեր, թե ուզում ենք գիտալիքահենք տնտեսություն ստեղծել: Բայց որպեսզի տնտեսությունը հենվի գիտության վրա, գիտական արտադրանք պիտի տաք, իսկ դրա համար պետք է ունենաք գիտական սարքավորումներ, շահագրգռություն, որ գիտաշխատողի ուղեղը ողջ օրը զբաղված չլինի այն մտքով, թե ո՛նց է օրվա հացը ճարելու,- ասում է Սարգսյանը: – Եթե պետական այրերին լսելու ունենք, պիտի գիտելիքահենք տնտեսություն ստեղծենք: Բոլորը գիտեն, որ գիտությունը և կրթությունը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար: Բայց բավական է նայել գիտնականի աշխատավարձին և թոշակին` հասկանալու, որ խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում»:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը «Անկախի» հետ զրույցում նախընտրեց չխոսել այն մասին, թե ինչո՛ւ նախորդ 12 տարիների ընթացքում կառավարությունը կարգ չի սահմանել, որով և կապահովվեր օրենքի գործունեությունը. «Չեմ կարող պատճառների մասին ասել»:

Տոնոյանի խոսքով` այժմ ԿԳՆ-ն մշակում է օրենքի լրամշակման նախագիծ. «Փոփոխություններն այնքան շատ են, որ, կարելի է ասել` օրենքի նոր նախագիծ է»:

Գիտության պետական կոմիտեն արդեն իսկ օրենքի նոր նախագիծը հանրային քննարկման է դրել: Շահագրգիռ կողմերը մինչև սեպտեմբերի 25-ը կարող են օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքները ներկայացնել:

Նշենք, որ նոր օրինագծի 13-րդ հոդվածն է անդրադառնում գիտնականների թոշակավորման խնդրին` այն սահմանելով հետևյալ կերպ. «Պետությունը, տարիքային կենսաթոշակի իրավունք, գիտահետազոտական աշխատանքի առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան ունեցող և պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված անձանց կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա հավելավճար` պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Սակայն էլի անհայտ  է, թե նոր օրենքի ընդունումից հետո կառավարությանը քանի տարի հարկավոր կլինի կարգ սահմանելու համար:

Դիտվել է 3121 անգամ:
Print Friendly

Leave a Reply