Ցմահ ազատազրկում ` վարորդության համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 16, 2009 16:19

Աշոտ ԿնյազյանԱրդեն տասը տարուց ավել է, ինչ Աշոտ Կնյազյանը լուսացնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բանտախցում: Նրան ցմահ ազատազրկման են դատապարտել սպանության համար, մինչդեռ ոչ ոքի չի սպանել. մեղավորությունն այն է, որ 1999թ.-ին հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված խմբի անդամներ Համլետ Ստեփանյանին ու Դերենիկ Բեջանյանին իր մեքենայով ԱԺ է բերել: Մեղադրվում է նաև զենքի առքուվաճառքի համար. Աշոտի միջոցով Նաիրի Հունանյանը 900 դոլարով ու 3 շիշ օծանելիքով զենք էր գնել հարևան Դերենիկից`ասելով, որ պատրաստվում է Հայաստանից դուրս տանել: Վաղեմի ընկեր Էդիկ Գրիգորյանի միջոցով էլ 1982 թ.-ին Աշոտը ծանոթացել էր Նաիրիի հետ:

«Էդիկը խնդրել էր ինձ, որ մեքենաս երկու օրով տրամադրեմ, հետո ասաց, որ լավ կլինի` ես վարեմ: Այդ օրը երեխայիս պիտի պարապմունքի տանեի, ասացի, թե չեմ կարող: Բա, լավ, էս օր էլ մի տար, մեզ հետ արի: Ինձ էդպես էլ չասացին`ուր ենք գնում: Ուղղակի մեքենան քշում էի իրենց ասած ուղղությամբ, մինչև կկանգնեցնեին: Ազգային ժողովի մոտ կանգրեցրին: Դերենիկը փաթաթած ինչ-որ բան էր վերցրել հետը, մեքենայիս միջից վերցրեց ու վազեց: Տեսա` զենքն է: Մի քանի րոպե հետո խառնաշփոթ էր դրսում: Չհասկացա` ինչ կատարվեց, իջա մեքենայից, հետո որ լսեցի դրսում հավաքված լրագրողներն ասում են` Նաիրին կրակում է, հետ եկա, նստեցի մեքենան ու հեռացա»,- պատմում է նա:

Աշոտին ձերբակալել են դեպքից 2 օր անց` հոկտեմբերի 29-ին` տանից: Զինվորական ոստիկանությունում մեղադրանք են առաջադրել հին քրեական օրենսգրքի 59, 232 և 99 հոդվածներով. նույն մեղադրանքը, ինչ Նաիրի Հունանյանին:

«Ոչ ոք իմ դեմ ցուցմունք չի տվել, որ մարդ եմ սպանել: Նախաքննության ժամանակ ծեծի արդյունքում քննիչ Աշոտ Եղոյանն իր ձեռքով, քանի որ իմը շղթայված էր, ցուցմունք է կազմել, իբր թե Էդիկից տեղեկացել եմ` ինչ է կատարվելու իրականում: Այդ օրը ես ոչինչ չեմ գրել, իսկ հաջորդ օրն ինձ ստիպեցին գրել նույն իր հորինած ցուցմունքի տակ. հրաժարվելու դեպքում սպառնում էին ձերբակալել մորս ու եղբորս, վնասել ընտանիքիս անդամներին. այդ օրը ոստիկանության միջանցքում նրանց տեսել էի»,-ասում է նա ու փաստում, որ այդ մասին բարձրաձայնել է դատարանում, բայց արձագանք չի եղել:

Դատարանն ուշադրության չի արժանացրել ու թույլ չի տվել հրապարակել նաև Նաիրի Հունանյանի կազմած ցուցակը, որտեղ մանրամասն նշված է, թե ձերբակալվածներից որ մեկին որ ժամին են տանում հարցաքննության: Աշոտի խոսքերով` «Օրինակ իմ հարցաքննության ժամը մի օր գրված էր 11-14-ը, բայց այդ ժամին ես իմ խցում էի»:

Կնյազյանի գործով դատաքննության և նախաքննության ցուցմունքները հակասում են իրար. առաջինում գրված է, որ Աշոտը պետք է սպասեր շենքի դարպասների մոտ, կրակոցը ռադիոընդունիչով լսելուց հետո ճանապարհը փակեր, խուճապ ստեղծեր ու բազմություն հավաքեր. այս մասին նախաքննական ցուցմունքում ոչ մի խոսք չկա, ընդ որում, ռադիոընդունչն այդպես էլ չհայտնաբերվեց մեքենայում` որպես իրեղեն ապացույց:

Մեղադրող կողմն առաջարկել էր հին քրեական օրենսգրքի սահմանած առավելագույն պատիժը` ազատազրկում 15 տարի, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի 02.12.2003թ.-ի դատավճռով` դատապարտվեց ցմահ ազատազրկման: (2003թ-ի օգոստոսի 1-ին նոր Քրեական օրենսգիրք էր ընդունվել, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ):

Մեկ տարի անց Կնյազյանին ցմահ ազատազրկման դատապարտեց նաև ՀՀ քրեական և զիվորական գործերով վերաքննիչ դատարանը:

«Վճիռը կարդալուց դատավոր Ուզունյանը հղում կատարեց 39 հոդվածին` որպես համագործակից, հետո երբ գրավոր վերցրինք վճիռը, 39-րդ հոդվածը բացակայում էր. հանել էին: Այս ամենին ականատես են եղել նաև լրագրողները, բայց ձայնագրելն արգելել էին»,- պատմում է Աշոտը:

Աշոտ Կնյազյանը դիմել է նաև Եվրոդատարան, որտեղից 2005թ-ին ստացել է բացասական պատասխան:

«2005թ. հոկտեմբերի 18-ին Եվրոպական կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն` գումարվեց կոմիտեի նիստ` 3 դատավորներով` Կ.Բիրանսը` նախագահ, Ա.Գյուլումյան և Է. Մեյեր: Հոդվածը չի համապատասխանում կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածի պահանջներին. հիմք ընդունելով կոնվենցիայի 28-րդ հոդվածը` մերժում ենք ձեր դիմումը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման դատարաններում, ինչպես նաև մեծ պալատում ու այլ մարմիններում». գրված է պատասխան նամակում:

Աշոտ Կնյազյանը 81 ցմահ բանտարկյալների հարազատների միջոցով ստորագրահավաք է կազմակերպել: Նրանց նպատակն է` կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք կլուծեն ցմահ ազատազրկվածների խնդիրը:

«Մենք ուզում ենք, որ կալանքի տարիների առավելագույն 15 տարին բարձրացվի, ինչպես նաև հստակություն մտցվի ցմահ ազատազրկման և հանցակցության վերաբերյալ օրենքներում»,- ասում է նա:

Հոկտեմբերի 8-ին կլրանա Աշոտ Կնյազյանի 50 ամյակը: Հարազատների` երկու երեխաների և կնոջ հետ հերթական հանդիպումը կլինի այն ժամանակ, երբ հերթագրվածներն ազատեն տեսակցության սենյակը (հանդիպել թույլատրվում է տարին 3 անգամ):

Դիտվել է 3114 անգամ:
Print Friendly

Leave a Reply