Նիկոլ Փաշինյանը Վերահսկիչ պալատի նախագահից հետաքրքրվեց, թե ինչպես է ընթացել նրա առանձնատան շինարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2012 15:11
ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացրած հաշվետվությունը որակեց դեկլարատիվ հայտարարություն: Նա նշեց, որ փաստաթղթում հանրության համար որևէ նոր բան չկա, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կան ծավալային հավելագրումներ, գների արհեստական թանկացումներ, գնումների գործընթացում` հակամրցակցային համաձայնություններ և այլն:
Ըստ Փաշինյանի, փաստաթղթում պետք է նշվածլինեին, օրինակ, կոնկրետ խախտումների օրինակներ և դրանց պատասխանատուների անունները. «Շատ կարևոր է իմանալ ոչ միայն քանի՞ գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին, այլ ի վերջո քանի՞ մեղադրական վճիռ է կայացվել: Շատ դեպքերում ոչ թե դուք եք մեղադրում չարաշահումների մեջ, այլ հենց ձեզ են մեղադրում, և դատարանում պետք է պարզ դառնա` ով է ճիշտ, ով` սխալ»:
Այս երկու հարցից հետո Փաշինյանը հետաքրքրվեց, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպե՞ս է ընթացել Իշխան Զաքարյանի` Նոր Նորքում ընթացող առանձնատան շինարարությունը. «Դուք էլ մամուլում չեք հերքել, որ Ձեր կողմից կառուցվում է բավականին տպավորիչ առանձնատուն, որի շինարարությունը հատկապես մեծ թափ է ստացել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելուց հետո»,-ասաց Փաշինյանը:
Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Ես ընդամենը 4 տարի է, ինչ աշխատում եմ այդ ոլորտում, իսկ շինարարություը 7 տարի է, ինչ ընթանում է: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակմանը, ապա այո` նման բան եղել է, ես էլ հստակ պատասխանել եմ: Կարծում եմ` դրանից հետո խնդիրը չարժե շահարկել»:
Ինչ վերաբերում է հաշվետվությնա մեջ օրինակներ նշելուն, ապա Զաքարյանն ասաց, որ իրենք օրինակները գրել են` ընդամենը բնութագրելու խախտումները, իսկ եթե գրեին բոլոր իրավախախտումներն ու դրանց հետևանքները, ապա հաշվետվությունը կդառնար մի մեծ գիրք:






Facebook
Tweet This
Email This Post
