Նոր մանրամասներ` Բյուրականի գյուղապետի որդու բանակում կատարած ինքնասպանությունից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 11, 2012 17:46

Ինչպես տեղեկացրել էինք, ՏԻՄ ընտրությունների օրը՝ վաղ առավոտյան, ինքնասպան էր եղել Ամասիայի տարածաշրջանի Բյուրականի (նախկին Գյուլուբուլաղ) գյուղապետ Սեյրան Սարգսյանի կրտսեր որդին`Արմանը: Այսօր երիտասարդի հուղարկավորությանը մասնակցած մարդիկ Aravot.am-ին փոխանցեցին, որ 22 տարեկան երիտասարդը ծառայել է Երևանի Քանաքեռի զորամասում, ինստիտուտն ավարտելուց հետո, անցած տարի զորակոչվել էր բանակ ու ծառայել 1 տարի 4 ամիս:Դեպքը տեղի է ունեցել հենց զորամասում, ամսի 9-ի առավոտյան` ժամը 2.15 րոպեին, երիտասարդին գտել են քարի վրա նստած, զենքը ձեռքին, որն ուղղված է եղել դեպի կոկորդը: Կան կասկածներ, որ նա ամենևին էլ ինքնասպանություն չի գործել, այլ նրան սպանել են: Նրա հայրը պատմել է, որ այդ նույն օրը կեսգիշերին` ժամը 1.30-ի սահմաններում, իր հեռախոսին փակ համարով զանգ է հնչել ու չեն խոսել, սա կասկածներ է առաջացրել հոր մոտ: Սեյրան Սարգսյանը առանց տնեցիներին նախազգուշացնելու նստել է իր մեքենան ու շտապել Երևան ` զինծառայող որդու մոտ: Ճանապարհին զանգ է հնչել նաև որդուց, սակայն գյուղապետը չի լսել ու չի վերցրել հեռախոսը: Մեկնելով զորամաս` նա որդուն գտել է մեռած վիճակում: Սա բանակում կատարվող հերթական սպանությա՞ն, թե՞ ինքնասպանության դեպքն է , ցույց կտա նախաքննությունը: Նշենք, որ որդեկորույս հայրը նույն օրը վերընտրվել է գյուղապետ, նա մրցակից չուներ, նրա դեմ ձևականորեն իր թեկնածությունն էր առաջադրել գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն ու մինչ ընտրությունները ինքնաբացարկ հայտնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

aravot.am

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply