Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրելՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 11, 2012 0:53

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին:

Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Բագրատի Պետրոսյանը և միջազգային գրոսմայստեր Լևոն Գրիգորի Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգևատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մուշեղի Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Լևոնի Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Էդուարդի Սարգսյանը:

Նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Գրիգորի Թավադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Ռուբենի Աղուզումցյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply