ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2012 18:49

Այսօր` սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահ:

Նիստին մասնակցել է հանձնաժողովի 91 անդամ: Նիստը ղեկավարել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, ՀԽ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ և ՀԽ նախկին անդամ, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Հիշեցնենք, որ ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը պայմանավորված էր Դերենիկ Դումանյանի` ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով (ՀԽ կանոնադրության համաձայն, նախարար նշանակվելու դեպքում անձն այլև չի կարող լինել Հանրային խորհրդի անդամ, ուստի և ՀԽ հանձնաժողովի նախագահ):

Մինչ նիստի օրակարգային բուն հարցին անցնելը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Դերենիկ Դումանյանին` Հանրային խորհրդում կատարած արդյունավետ աշխատանքի համար:

Իր հերթին Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախկին գործընկերներին և որպես նախարար` վստահեցրել, որ Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից բարձրացված յուրաքանչյուր դիտողություն, ահազանգ կամ առաջարկ ամենայն մանրամասնությամբ կքննարկի Առողջապահության նախարարությունում:

Այնուհետև հանձնաժողովի անդամների կողմից` որպես հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու, առաջադրվել է հանձնաժողովի անդամ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, որն էլ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է հանձնաժողովի նախագահ` 84 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հանձնաժողովի անդամները Հայրապետ Գալստյանի թեկնածությունն առաջադրելն ու պաշտպանելը բացատրել են առողջապահության ոլորտում նրա ունեցած մեծ վաստակով, հասարակական ակտիվությամբ և միջազգային դաշտում ունեցած հեղինակությամբ:

Վազգեն Մանուկյանը, շնորհավորելով Հայրապետ Գալստյանին, նշել է. “Ուրախ եմ, որ Հանրային խորհուրդն առողջապահության ոլորտում նման արժանավոր մարդ է ներկայացնելու”:

Նա նաև նշել է, որ մինչ օրս Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կարծիքը մեծ ազդեցություն և հեղինակություն է ունեցել կառավարության համապատասխան որոշումների ընդունման ժամանակ` հույս հայտնելելով, որ այսուհետ հանձնաժողովն է´լ ավելի լուրջ դերակատարում կունենա ոլորտի բարեփոխման գործում:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply