Մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային ստորաբաժանումների միջև անցկացվող մարզական միջոցառումները

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2012 17:27

Ս.թ. սեպտեմբերի 9-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների  ստորաբաժանումներին էր այցելել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Գործընկեր երկրների զինծառայողների զինվորական տողանի ընթացքում Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ  արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զեկուցեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներն ամբողջությամբ տեղակայվել են «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում և պատրաստ են օրեր անց կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:

ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ողջունեց զինծառայողներին և հաջողություններ մաղթեց` հույս հայտնելով, որ առաջիկա զորավարժությունը կնպաստի ՀԱՊԿ օպերատիվ  արձագանքման հավաքական ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:

Այնուհետև հրամանատարական կազմի առջև հանդիսավոր երթով անցան «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները, ինչից հետո ուղևորվեցին ՀՀ ՊՆ վարչական համալիր: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային ստորաբաժանումների միջև անցկացվող մարզական միջոցառումները: Ազգային ստորաբաժանումների ֆուտբոլի, վոլեյբոլի և պարանի ձգում մարզաձևի հավաքականների միջև ընթացող մրցաշարերի հաղթողները եզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվեն սեպտեմբերի 18-ին:

Հավելենք նաև, որ Հայաստան ժամանած զորախմբերն այս օրերին մասնակցում են էքսկուրսիաների: ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply