Սեյիդ Ալի Սաղայանի. «Իրանը միակ պետությունն է, որ ԼՂ հետ սահման ունի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2010 0:41

«Մենք մշտապես կարևորել ենք, որ մեր հարևանները, տվյալ դեպքում՝ Հայաստանը, իր հարաբերությունները կարգավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ, ու պատրաստ ենք աջակցել,- այսօր հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին,- Իրանը բոլոր հարևանների հետ ունի լավ հարաբերություններ ու ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի»: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպան Սաղայանին հիշեցրեց, որ Իրանը հակամարտության սկզբից իր ջանքերը ներդրել է՝ հրադադարի հաստատման համար, հիշեցնելով, որ 90-ականներին՝ առաջին երկու հրադադարներում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին իր անմիջական ներդրումն է ունեցել ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսկման հավանականությանը՝ դեսպան Սաղայանին ասաց,- «Ոչ մի ցանկություն չունեմ, որ նման բան տեղի ունենա, և կողմ եմ, որ հարցը կարգավորվի երկխոսության շրջանակներում։ Իմ անձնական կարծիքը հետևյալն է՝ ես բացառում եմ պատերազմի վերսկսումը»: Ինչ վերաբերում է խնդրի լուծման տարբերակներին, դեսպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում չէ տարբերակների մասին կարծիք հայտնելը, քանի որ բանակցություններն ընթանում են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Միևնույն ժամանակ՝ անդրադառանալով ազատագրված տարածքներում ռուսական, եվրոպական ու ամերիկյան խաղարար ուժերի տեղակայման հարցին ու Իրանի դիրքորոշմանը՝ Սեյիդ Ալի Սաղայանին փաստեց, որ Իրանը միակ պետությունն է, որ սահմաններ ունի ԼՂ հետ, ուստի՝ ԻԻՀ-ն հստակ կարծիք ունի խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: Հստակ կարծիքը, սակայն, դեսպանը չմանրամասնեց: Իրանը նախկինում  հայտարարել է, թե անվտանգության գոտում խաղաղպահ առաքելությունը պետք է ապահովեն տարածաշրջանային ուժերը:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply