Վաղը կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 10, 2012 15:19

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ  Թումանյանի ծննդավայրում `Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպում է  «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:Փառատոնի շրջանակում կազմակերպվող  հանդիսություններն ու տիկնիկային ներկայացումները տարեցտարի ընդլայնում են իրենց աշխարհագրական շրջանակները, ընդգրկում հանրապետության նորանոր  գյուղեր ու քաղաքներ և իհարկե ` մայրաքաղաքը: Մեծանում է նաև արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունը դսեղյան փառատոնի նկատմամբ, որն արդեն իր արժանի տեղն է գրավել միջազգային այս կարգի փառատոների ցանկում և որին անցած տարիներին մասնակցել են աշխարհի տասնյակ երկրների ճանաչված տիկնիկային թատրոններ ու ոլորտի  վաստակաշատ գործիչներ:

2012-ին փառատոնի ծրագրում առանձնահատուկ շեշտադրում ունի մանուկների և գրականության կապը, և  մի շարք ծրագրեր  նվիրված են գրքի համաշխարհային մայրաքաղաք   Երևանին:Այդ առիթով փառատոնի շրջանակում տեղի կունենան  Հովհաննես Թումանյանի, հայ մանկագիրների, անվանի գրողների գրքերի ցուցադրություններ,կներկայացվեն  նրանց ստեղծագործությունների` մանուկների համար նախատեսված պատկերազարդ հրատարակությունները:

Փառատոնի գաղափարը  «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանինն»  է  և նպատակ ունի  նպաստել  մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային  տիկնիկային արվեստի զարգացմանը:Փառատոնի կազկոմիտեն նաև չափազանց կարևորում է հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը:Փառատոնի շնորհիվ աշխարհի 77 երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, ցուցադրվում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությունն աջակցություն է գտել մի շարք հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հիմնադրամների կողմից, որոնցից Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության Հիմնադրամը փառատոնի հիմնադիր հովանավորներից է: Փառատոնի կայացմանը  մեծապես նպաստել և աջակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմը,մշակույթի նախարարությունը, նաև գործարար ընկերություններ, որոնք իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում ներառել են հայ մանուկներին այնքան մեծ ուրախություն պարգևող տիկնիկային արվեստը:

Այս տարի ևս,  «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հյուրընկալելու է թատրոններ, դերասաններ, տիկնիկավարներ ու տիկնիկագործներ Հունգարիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից: Փառատոնին մասնակցելու  է նաև  Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից: Հայաստան իր այցի օրերին Դադի Փուդումջին Հայաստանի մշակույթի նախարարի հետ քննարկելու է այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության XXI համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված և համաժողովի  հավանությանն արժանացած նոր առաջարկ-նախաձեռնությունը` «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում, հայ մեծանուն գրողի տուն-թանգարանի և հուշարձանի հարևանությամբ:

Փառատոնի բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, այնուհետև կսկսվեն  առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply