«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» վերադարձան Ճապոնիայից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 10, 2012 15:14

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս եզրափակեց իր 40-նօրյա համերգային փայլուն շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում և վերադարձավ հայրենիք:

Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500 – ամյակներին, ինչպես նաև Յունեսկոյի կողմից Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Հրավերը ստացվել էր ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից, որն, ըստ կազմակերպության նախագահ Հիրոյասու Քոբայասիի, տարեկան կազմակերպվող շուրջ 1000 համերգների թվում ընդգրկում է արտերկրից եկող միայն այն երաժիշտներին ու խմբերին, որոնք ունեն միջազգային ճանաչում և կարգով բարձր են ճապոնական նմանատիպ կատարողներից:

2002 թ.-ին Երգչախմբային Եվրոպական Ֆեդերացիայի կողմից «Աշխարհի լավագույն երգչախմբի» և «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսներին արժանացած մեր երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ճապոնիա, և այստեղ գրեթե բոլոր քաղաքներում համերգների տոմսերը սպառվել էին մինչև Տիգրան Հեքեքյանի և իր սաների տեղ հասնելը:  Որոշ ճապոնացիներ գնացքի, նույնիսկ` օդանավի,  տոմս էին պատվիրում մեկ այլ քաղաք հասնելու և այնտեղ երգչախմբին ունկնդրելու համար:  Համերգներից հետո իրենց հիացումը հայտնում էին հուզմունքի արցունքները հազիվ զսպելով`   անտեսելով զգացմունքները չարտահայտելու  ազգային սովորությունը.

«Բացառիկ է , արտակարգ: Շնորհակալ եմ: Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել: Ձեր կատարումները մեզ նոր կենսական ուժ տվեցին»:

Հիրուոկի (մաթեմատիկոս, պրոֆեսոր)

«Իմ նեղ և մութ տեսադաշտում ես տեսա աղջիկների, որոնց ողջ էությունը փայլում էր երաժշտությամբ: Հուզված եմ արտասվելու աստիճան»:

Վաանոբե Տենջիկու (ի ծնե կույր)

«Անչափ զարմացած եմ, իսկապես անհավատալի է : Ես ղեկավարել եմ մի քանի  երգչախումբ, բայց  նման  հայկական երգչախումբ ունկնդրելով`  իրոք  զարմացած եմ: Բոլոր ունկնդիրներն ապշած են և տպավորված»:  

Հիրոյասու Քոպայաշի («Մին Օն» կազմակերպության նախագահ)

Կարծիքներ, երախտիքի խոսքեր շարունակում են ստացվել նաև հիմա` նամակներով.

«Ձեր երգչախմբի հաջողությունն իսկապես աննախադեպ էր: Արդեն մեկնել եք, բայց շատշատ իմ ընկերներ գրում են ինձ իրենց հիացման, տպավորված լինելու և զարմանքի մասին: Շնորհակալություն»:                                                        Չիֆուրու Մացուբարա  (խմբավար)

Ճապոնիայի լավագույն` 1500 – 2200 տեղանոց համերգասրահներներում ոչ մի ազատ աթոռ չթողնելով` ճապոնացի խստապահանջ ունկնդիրն ամեն պահ ապշելու և հիանալու առիթ ուներ. դա թե բազմաժանր ու բարդագույն երգացանկն էր,  թե երգչախմբի կատարողական բարձր վարպետությունը, թե անթերի ճապոներենով այն ներկայացնող հայ մանուկները,  և թե ճապոնական  ստեղծագործությունների մեկնաբանումը: Իսկ վերջում`սիրված «Ֆուրուսատոն», որ երգում էին փոքրիկ երգիչների հետ հոտնկայս` արցունքն աչքերին:

Աշխարհահռչակ «Տոկիո – Սիթի» համերգասրահում եզրափակիչ համերգի հաջողությունը ևս ցնցող էր, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներն» արդեն վաղուց հեռացել էին բեմից, բայց դահլիճում ծափերը չէին լռում: Համերգին ներկա` Ճապոնիայում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Հրանտ Պողոսյանն իր խոսքում նշեց. «Փոքրիկ Երգիչներ, բայց մեծ հաջողություններ, բարձր պրոֆեսիոնալիզմ: Երեխաները մեծ գործ արեցին մեր երկու ժողովուրդների  մշակութային մերձեցման գործում: Ճապոնիայում նրանց շրջելու ժամանակահատվածում հայկական դեսպանատանը բազմաթիվ զանգեր  ստացանք ճապոնացիներից, որոնք ցանկություն էին հայտնում Հայաստան մեկնելու: Սա իսկապես նշանակալից ձեռքբերում է: Շնորհակալություն»: 

Այսպիսով եզրափակվեց Տիգրան Հեքեքյանի համբավավոր երգչախմբի պատմության ևս մի էջ` հիրավի, Մշակույթի դեսպանի տիտղոսը կրող խմբին վայել առաքելություն: Երգչախումբն արդեն Հայաստանում է, իսկ Ճապոնիայում մնաց նրանց ջերմությամբ ու սիրով լեցուն մեղեդիների արձագանքը:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply