Ներելու համար գործած սխալն է պետք հասկանալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 10, 2012 10:56

Կանադացի աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը`Արսինե Խանջյանը, որը ամուսնու ֆիլմերում պարբերաբար գլխավոր դերեր է ստանձնում, Թուրքիայում հատկապես հայտնի է «Արարատ» ֆիլմում իր դերակատարությամբ: Խանջյանը, ում արմատները տանում են դեպի Էրզրում և Դիարբեքիր, ծնվելով Բեյրութում` հայախոս մի ընտանիքում, 1975թ. Լիբանանում ծագած քաղաքացիական պատերազմի պատճառով գաղթել է Կանադա: Ֆրանսիական և իսպանական գրականություն ուսումնասիրելուց հետո, սկսել է թատրոնով զբաղվել`այդ ընթացքում ծանոթանալով նաև Էգոյանի հետ: Ահա այդ ժամանակներից ի վեր Խանջյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և սերիալներում:
Խանջյանը երիտասարդ տարիներից սկսած մշտապես հետաքրքրվել է իր հայկական ինքնությամբ և, լինելով բավական ինտելեկտուալ անձնավորություն, արվեստի միջոցով հարցադրումներ է արել և պատասխաններ փնտրել: Երկար տարիներ նա Թուրքիայի կողմից արված բոլոր հրավերները մերժել է, քանի որ այնտեղ հնարավորություն չի եղել ցեղասպանության մասին ազատորեն խոսել:
Վերջապես Անատոլիայի մշակույթի կենտրոնի և Երևանում գտնվող Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Բարձրանալ լեռը» հարցազրույցի շրջանակներում Խանջյանը ժամանել է Ստամբուլ, որպեսզի Ֆեթիհե Չեթինի հետ կիսվի իր անձնական ճանապարհորդությունների տպավորություններով: Ստամբուլում լույս ընծայվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը հանդիպել է նրա հետ և խոսել ցեղասպանության, հայկական ինքնության, Թուրքիայի մասին իր կարծիքի փոփոխության և երազանքների մասին:
«Հայրական տատս Դիարբեքիրից էր: Տեղահանման ժամանակ քրոջ հետ է եղել: Գաղթի ճանապարհին ոստիկանը նրանց կանգնեցրել է և ոտնձգություններ արել փոքր քրոջ հանդեպ: Այդ ժամանակ տատս ոստիկանի դեմն է առել և բղավել. «Չես ամաչում, այս բանն ինչպես ես անում, դու մայր, քույր չունես»: Այդ մարդը կանգ է առել և բաց թողել քրոջը:
Երբ տատիս հարցրեցի, թե հետո ինչ եղավ, նա ձեռքերն օրորեց և հոգոց հանեց: Ես հասկացա, որ ոստիկանը քրոջը բաց թողելով, նույն բաները իր նկատմամբ է արել: Սակայն դա նա երբեք չպատմեց: Միայն ասաց, որ ոստիկանը նրա գլխին էր խփել, իսկ հետոյի մասին լռեց»,- հիշում է Արսինե Խանջյանը:
Արսինե Խանջյանի տատը ցեղասպանությունը վերապրած այն բաղմաթիվ կանանցից մեկն է, որոնք ենթարկվելով անասելի տանջանքների և բռնությունների, իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահպանել են այդ տրավմատիկ հիշողությունը և միայն կյանքի մայրամուտին են փորձել ազատվել դրանից`կիսելով իրենց ապրած ցավը թոռների հետ:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply