Հայաստանի շախմատիստների փառահեղ հաղթանակը Ստամբուլում,տեսանյութ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2012 18:04

Ստամբուլում կազմակերպված Շախմատի Համաշխարհային օլիմպիադայոի վերջին տուրում դեպքերն ուշագրավ զարգացում ստացան: Հայաստանի նման 17-ական միավոր ունեցող Չինաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ Ռուսաստանի հավաքականը  3:1 հաշվով առավելության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ:

Օլիմպիադայի մասնակից թիմերը վաղուց ավարտել էին պայքարը և բոլորը սպասում էին, թե ինչ ելք կունենա Հունգարիա-Հայաստան մրցամարտը: Ի վերջո, մերոնք առավելության հասան 2,5:1,5 հաշվով: Հաղթական միավորը մեր թիմին բերեց Սերգեյ Մովսիսյանը: Վերջինն էլ խաղասեղանից հեռացավ Վլադիմիր Հակոբյանը, որը, Հուդիթ Պոլգարի հետ սև ֆիգուրներով անցկացրած պարտիայում, 94 քայլ կատարելուց հետո միայն խաղաղ դաշն կնքեց: Իսկ դա նշանակում էր, որ Հայաստանի ընտրանին, վաստակած 19 միավորով, դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող: Ի դեպ, նույնպիսի ցուցանիշով մրցաշարն ավարտեց մարզիչ Յուրի Դոխոյանի գլխավորությամբ առաջին անգամ օլիմպիադային մասնակցած Ռուսաստաանի տղամարդկանց  հավաքականը, սակայն այն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մեր  թիմին և հանգրվանեց աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի մարզիչն է` գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Նախորդ օլիմպիադայի հաղթող Ուկրաինայի հավաքականը բավարարվեց 3-րդ տեղով` 18 միավոր:

Ահա թե ինչպես ավարտեցին իրենց պարտիաները մեր շախմատիստները 11-րդ տուրում:

Հունգարիա-Հայաստան` 1,5:2,5

Պետեր Լեկո (2737) – Լևոն Արոնյան (2816)` 1/2:1/2

Զոլթան Ալմաշի (2713) – Սերգեյ Մովսիսյան (2698)` 0:1

Հուդիթ Պոլգար (2698) – Վլադիմիր Հակոբյան (2687)` 1/2:1/2

Ֆերենց Բերկեշ (2685) – Գաբրիել Սարգսյան (2693)` 1/2:1/2

Մեր թիմի կազմում  ընդգրկված էր նաև գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply