Բարեփոխումների նոր փաթեթ. թոշակները կավելանա՞ն թե կփոշիանան

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 19, 2010 11:19

Վարդան Արամյան` ֆինանսների փոխնախարար

Կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը եթե ընդունվի, ապա աշխատողների կենսաթոշակային վճարումները կավելանան:

Կառավարությունը վստահեցնում է, որ այս բարեփոխումներով ապագայում կավելանան թոշակները այնքան, որ մարդ կունենա արժանապատիվ ծերություն:

Նախագիծը ընդգրկված է ԱԺ գարնանային օրակարգում:

Գործող կենսաթոշակային համակարգում թոշակները բաշխելիս հաշվի է առնված միայն թոշակառուի ստաժը: Նոր համակարգով բացի ստաժից հաշվի կառնվի նաև աշխատավարձի չափը: Բացի այդ կենսաթոշակային վճարումների 5 տոկոսը աշխատողները պետք է կատարեն ոչ թե պետական, այլ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում:

Այս փաթեթով նաև աշխատավարձից գանձվող եկամտահարկը կդառնա 26 տոկոս, նախկին 10 տոկոսի փոխարեն։ Ընդ որում, եթե այժմ նվազագույն աշխատավարձից եկամտահարկ չի գանձվում, ապա նորով 26 տոկոս կպահվի նաև նվազագույնից:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասում է, որ գործող համակարգն ունի երեք հիմնական թերություններ. «Այն արդյունավետ չէ, քանի որ համակարգից օգտվողների քանակը ավելի մեծ է, քան վճարողներինը, այսինքն մեկ աշխատողին բաժին է ընկնում մոտ 1.2-1.3 թոշակառու, որը տանում է բյուջեի դեֆիցիտի ավելացման: Բացի այդ բարձր և ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործում է վճարման նույն սկզբունքը: Եվ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո վճարված թոշակը արժանապատիվ չէ»:

Կենսաթոշակային համակարգը բարեփոխելու ծրագիրը քննարկվում է արդեն 7-8 տարի: Մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում կատարված վճարումները, որոնցից ապագայում պետք է վճարվի աշխատողի թոշակը, պետությունը չի երաշխավորում:

Կլինեն 3 տիպի մասնավոր ֆոնդեր, որոնք տարբերվում են ռիսկի աստիճաններով. հավասարակշռված, պահպանողական և կայուն: Աշխատողն իր ընտրությամբ կարող է կատարել կենսաթոշակային վճարը որևէ մեկում: Ընտրությունից կախված նրա թոշակի չափը կավելանա, բայց տարբեր կարող է լինել ռիսկի աստիճանը:

Հավասարակշռված ֆոնդում կենսաթոշակային վճարումները ներդրվում են կեսը արժեթղթերի(վաուչեր) տեսքով, մյուս կեսը` պարտատոմսերի(աբլիգացիա): Այս ֆոնդը ամենառիսկային է, քանի որ արժեթղթերը կարող են արժեզրկվել:

Պահպանողական ֆոնդը այդ ներդրումը կատարում է 75% պարտատոմսերում և 25% արժեթղթերում: Ամենաքիչ ռիսկը կայուն ֆոնդն է, որը արժեթղթեր գնելու իրավունք չունի:

Մինչև 40 տարեկան անձինք իրենց եկամուտի 5%-ի չափով վճարումներ կկատարեն այդ ֆոնդերից որևէ մեկում, իսկ պետությունը նույն ֆոնդին բյուջեից ևս կավելացնի 5%:

Արա Նռանյան. ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

40-ն անց քաղաքացիները համակարգին կարող են միանալ կամավոր, սակայն այդ դեպքում պետությունը ներդրում չի անի: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ պետությունը ամեն ինչ կանի, որ աշխատողների կատարած վճարումները չկորչեն:

Սակայն դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը ասում է, որ այդ վճարումները կարող են փոշիանալ ու աշխատողը զրկվի իր թոշակի մի մասից: Նա ասում է որ այդ համակարգը ներդրվելով Չիլլիում և Արգետնինայում ցույց է տվել իր անարդյունավետությունը. «Այդ համակարգը ցույց է տվել այնպիսի մեծ թերություններ, որ օրինակ այդ գումարները չեն վճարվել, կամ տարիներ անց դրանց մի մասը տարբեր ճգնաժամերի ընթացքում կորել կամ արժեզրկվել են, իսկ պետությունը այդ գումարները վճարելու ոչ մի երաշխիք չի տալիս,-ասում է նա,- Բացի այդ մասնավոր կենսաթոշակային համակարգը պահելու համար կատարվող ծախսերը շատ ավելի մեծ են, քան պետական համակարգինը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Սարգսյանն ասում է, որ կենսաթոշակային բարեփոխումները կազմում են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների մաս. «Կարճաժամկետ հեռանկարում դրանք հնարավորություն կտան բոլոր թոշակառուներին ապահովել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք կենսաթոշակային եկամուտ, իսկ երկարաժամկետ կտրվածքով կապահովեն մարդկանց կորցրած եկամուտների համարժեք փոխարինում»:

Ներկայում միջին կենսաթոշակը(25 000 դրամ) կազմում է միջին աշխատավարձի քառորդ մասը(100 000 դրամ):

Սարգսյանն ասում է, որ ոչ մի խթան չկա, որ իրական աշխատավարձը կհայտարարագրվի, իսկ պարտադիր կուտակային համակարգ ներդնելուց հետո յուրաքանչյուր քաղաքացի իր վրա պատասխանատվություն է վերցնում իր ապագա կենսաթոշակի չափի վերաբերյալ:

Դիտվել է 2210 անգամ:
Print Friendly

Leave a Reply